
Միացյալ Նահանգներն այսօր ասում է բաներ, որոնք անչափ դուր են գալիս Պուտինին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համարում է, որ Միացյալ Նահանգների հռետորաբանությունն այժմ նպատակ ունի հաճոյանալ Կրեմլի բռնապետ Վլադիմիր Պուտինին և արագացնել որոշակի «խաղաղության համաձայնագրի» կնքումը։ Դրա մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանին տարածքային զիջումների հեռանկարը ապագա «խաղաղ բանակցությունների» ընթացքում՝ նշելով, որ Ուկրաինան «իրավաբանորեն իր տարածքները չի զիջի»։
Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ իր երկրի այն հատվածները, որոնք միջազգային իրավունքի խախտմամբ նվաճվել և բռնակցվել են Ռուսաստանի կողմից, մի օր կրկին ազգային տարածքի մաս կդառնան։
«Իհարկե, մենք ամեն ինչ հետ կբերենք։ Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը կվերադառնա: Եթե ոչ այսօր, ապա վաղը»,- կարծում է նախագահը։
Մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքերը, ըստ որոնց 2014 թվականի սահմաններին վերադառնալն իրատեսական չէ Ուկրաինայի համար, Զելենսկին նշել է, որ Պենտագոնի ղեկավարը «պետք է մանրամասնի։ Կարծում եմ՝ դրա համար նրան ժամանակ է պետք»։
«ԱՄՆ-ն այսօր ասում է բաներ, որոնք անչափ դուր են գալիս Պուտինին։ Կարծում եմ՝ դա է իմաստը: Որովհետև ցանկանում են հաճոյանալ նրան։ Գիտե՞ք ինչով։ «Որ ընդառաջեն միմյանց և արագ հաջողության հասնեն»,- նշել է պետության ղեկավարը։
Հրադադարը, սակայն, «հաջողություն չէ», հավելել է նա։
Զելենսկին կարծում է նաև, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը «պատերազմը դադարեցնելու» շուրջ բանակցությունների գործընթացից չի կարող հանվել։