
Լավրովն ու Ուշակովը ժամանել են Էր Ռիադ՝ մասնակցելու ռուս-ամերիկյան բանակցություններին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ժամանել են Էր Ռիադ՝ մասնակցելու ռուս-ամերիկյան բանակցություններին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ այս հանդիպման թեմաների թվում են Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցությունները, Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպումը և ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցություններում գլխավոր խնդիրն էր համարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների իրական կարգավորումը: Նա նաև ընդգծել էր՝ բանակցությունները կլինեն երկկողմ։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Նա կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը: