Բաժիններ՝

Մանկական քաղցկեղը շատ ուշ է արտահայտվում և հնարավոր չէ այն նախօրոք կանխորոշել

Վերջին տարիներին քաղցկեղը  դարձել է չարիք, որը, ցավոք, չի խնայում նաև երեխաներին: Ու հասկանալի է, որ  մասնագետների համար կրկնակի անգամ բարդ է, երբ  քաղցկեղով հիվանդը երեխա է, քանի որ, բացի երեխայի հետ աշխատելուց, շատ ծանր է նաև ծնողների կարգավիճակը՝ հոգեբանական տեսանկյունից: Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն էր, իսկ փետրվարն առհասարակ նշվում է որպես քաղցկեղի իրազեկման ամիս։ Եվ այս շրջանակում մանկական քաղցկեղի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում զրուցել ենք « «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի արյունաբան Գրիգոր Վարդանյանի հետ:

Մասնագետը, որը քաղցկեղով հիվանդ երեխաների կողքին է ախտորոշումից մինչև բուժման ավարտը, նշեց,  որ իրականում քաղցկեղը բուժելը շատ բարդ է՝ անկախ տարիքից. «Բարդ է ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև նրանով, որ առկա է հոգեբանական կոմպոնենտը, որը միշտ ուղեկցում է: Ամենադժվար պահը ախտորոշման մասին հայտնելն է, քանի որ քաղցկեղի ախտորոշման պահին փոխվում է և՛ բուժառուի, և՛ նրա ամբողջ ընտանիքի  պատմությունը: Բարդ է  հայտնել այդ ախտորոշումը մարդկանց, որոնք չէին սպասում հիվանդությանը, որը սովորաբար դրսևորվում է անսպասելի: Բայց արդեն տարիների փորձը, մարդկանց հետ շփումը բերում են նրան, որ գիտես, թե ինչպես է պետք հաղթահարել սկզբնական փուլը»: Արյունաբանը նշեց, որ առհասարակ մանկական հիվանդությունների մեջ քաղցկեղը կազմում է փոքր տոկոս, բայց Հայաստանում  տարեկան գրանցվում է 80-ից 100 նոր ախտորոշված դեպք, ինչը, ըստ մասնագետի, նման փոքր երկրի համար բավականին մեծ թիվ է:

«Տարածվածության առումով առաջին տեղում է արյան քաղցկեղը, որը պրակտիկայում կազմում է մոտ 40-45 տոկոս: Հետո արդեն գալիս են սոլիդ ուռուցքները, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները և ոսկրամկանային համակարգի ուռուցքները»,- ասաց մասնագետը: Խոսելով հիվանդության  հիմնական առանձնահատկություններից՝  բժիշկ Վարդանյանը նշեց, որ, ցավոք, քաղցկեղը շատ ուշ է արտահայտվում և այն նախօրոք կանխորոշել հնարավոր չէ, քանի որ գանգատները միշտ լինում են թաքնված: Հիվանդությունը սկսվում է ավելի վաղ, բայց արտահայտվում է ավելի ուշ և հիմնականում ախտորոշվում է այն ժամանակ, երբ արդեն բավականին խորացած է:

«Հիմնական հարցը ծնողների կողմից լինում է այն, թե ե՞րբ է սկսվել հիվանդությունը, սակայն այդ հարցին չենք կարող պատասխանել, որովհետև բոլոր երեխաներն էլ ունենում են թուլություն, գլխապտույտներ, գլխացավեր, տարբեր տեղակայման կապտուկներ և դա միանշանակ քաղցկեղի հետ կապելը ճիշտ չէ: Շատ են լինում դեպքերը, երբ բուժառուն հասնում է մեր հիվանդանոց տարբեր բուժհաստատություններում տարբեր հիվանդություններ բուժելուց հետո, որոնք նույն քաղցկեղային սիմպտոմներն են ունենում»,- նշեց արյունաբանը:

Խոսելով ժառանգական նախատրամադրվածության մասին՝ արյունաբան Գրիգոր Վարդանյանը նշեց՝  ժառանգականությունը միանշանակ ունի իր դերը: Այսինքն, եթե ընտանիքում կան քաղցկեղով հիվանդ մարդիկ, այս դեպքում կա ժառանգական նախատրամադրվածություն, որը պարտադիր չէ, որ վերափոխվի քաղցկեղի, բայց շրջակա միջավայրի և այլ գործոնների ազդեցության ներքո կարող է վերափոխվել քաղցկեղի:

«Այսօր Հայաստանը կոնկրետ մանկական քաղցկեղի բուժման առումով, կարելի է ասել, հավասարվում է զարգացած երկրներին: Մենք այսօր բավականին առաջ ենք և ունենք մեծ ձեռքբերումներ: Մեզ մոտ կիրառվում են բուժման բոլոր ժամանակակից մեթոդները թե՛ վիրահատական, թե՛ դեղորայքային»,- ասաց նա: Մասնագետն ընդգծեց՝ կանխարգելել քաղցկեղի առաջացումը  մեծ մասամբ հնարավոր չէ, սակայն շատ կարևոր են առողջ ապրելակերպը և առողջական պլանային հետազոտությունների իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս