Մեր տարածաշրջանում երկար տարիներ մտածում էին, թե ովքեր են գերիշխելու՝ թուրքե՞րը, իրանցինե՞րը, թե՞ արաբները․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները փոխհամաձայնության են եկել սիրիական հարցում, հայտնում է Anadolu-ն։

«Մենք չենք ցանկանում սպառնալիքներ տեսնել հարևան պետությունների դեմ։ Չենք ցանկանում, որ ահաբեկչությունն ամրապնդվի ու հենարան գտնի։ Մենք չենք ուզում, որ փոքրամասնությունները վատ վերաբերմունքի ենթարկվեն։ Մենք պաշտպանում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը և քաղաքական ինքնիշխանությունը։ Մենք ցանկանում ենք ներառական կառավարություն տեսնել», – ասել է նա Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովում (MSC 2025) «Նոր արշալույս Դամասկոսի համար. Սիրիայում անցումային գործընթացից ակնկալիքները» պանելային քննարկման ժամանակ ելույթ ունենալիս:

Ըստ Ֆիդանի, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո տարածաշրջանի երկրները խորհրդակցություններ են անցկացրել Դամասկոսի նոր կառավարությունից իրենց ակնկալիքների վերաբերյալ։

Ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, «տարածաշրջանում ավելի քան տասը տարվա ապակայունացման ընթացքում առաջին անգամ սիրիական հարցը կարգավորելու հնարավորություն է ստեղծվել»։

Ըստ նրա, Սիրիայի նոր ղեկավարությունը ցուցադրում է միջազգային և տարածաշրջանային համայնքների պահանջները հաշվի առնելու իր պատրաստակամությունը։

Ֆիդանը նշել է, որ Սիրիայում կայունացման առանցքային հարցերից մեկը զինված խմբավորումների միավորումն է։

«Սիրիայի ղեկավարությունն այս ուղղությամբ ճիշտ քայլեր է ձեռնարկում։ Մեր կարծիքով, ցանկացած պետությունում պետք է լինի միայն մեկ օրինական զինված ուժեր»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ Թուրքիան «չի կարող հանդուրժել զինված խմբավորումների գոյությունը, քանի որ դա հանգեցնում է քաոսի և անկայունության, ինչն արդեն ապացուցվել է գործնականում»։

Ֆիդանը պնդել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ են ձեռնարկվել «ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակչությանը պաշտպանելու համար»։

«Այն ժամանակ խոսքը մոտավորապես 5 միլիոն մարդու մասին էր։ Դա Աստանայի գործընթացի մի մասն էր: Կարծում եմ, որ այսօր, բարեբախտաբար, բոլոր այն մարդիկ, որոնց փորձում էինք պաշտպանել, ներգրավված են երկրի կառավարման գործում։ Հուսով եմ, որ նրանց պայծառ ապագա է սպասվում», – ասել է նա:

Ըստ նախարարի, Սիրիան պետք է լինի Թուրքիայի դաշնակիցը «ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»։

«Քանի որ PKK/YPG-ն նույնքան լուրջ վտանգ է ներկայացնում Սիրիայի և ողջ տարածաշրջանի համար, որքան ԴԱԻՇ-ը (ԻԳԻԼ- խմբ․): Թուրքիայից, Իրաքից և Իրանից ժամանած միջազգային ահաբեկիչներն այժմ կենտրոնանում են Սիրիայի հյուսիսում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով»,- հայտարարել է թուրք նախարարը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև քննադատել է ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում՝ ասելով, որ ԱՄՆ-ի զինվորականները փաստացի զբաղված են «բանտային ծառայությամբ»՝ պահելով բանտարկված ԴԱԻՇ-ի զինյալներին:

«ԴԱԻՇ-ի գրոհայիններին պահելու այլ վայրեր չկան, ուստի այս տարածքն ընտրվել է որպես բանտ։ Սակայն չի կարելի թույլ տալ այս մարդկանց զբաղեցնել երկրի տարածքի մեկ երրորդը, վերահսկել նավթի և գազի հանքավայրերը, թալանել Սիրիան և արգելել կենտրոնական կառավարությանն ու միլիոնավոր սիրիացիներին օգտագործել ռեսուրսները: Սրան պետք է վերջ տալ: Սա ոչ միայն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, այլև լուրջ խնդիր ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է նա։

Ֆիդանը նշել է, որ այս հարցը քննարկվել է նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «14 տարի Անկարայի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունը չի նշանակում երկրում ազդեցություն ստանալու Թուրքիայի հավակնություն»։

«Մենք կտրականապես խուսափում ենք նույնիսկ դրա վերաբերյալ ակնարկներից։ Փաստորեն, դուք անդրադարձաք մեր տարածաշրջանի առանցքային խնդիրներից մեկին՝ գերիշխանության մշակույթին։ Մեր տարածաշրջանում երկար տարիներ վախ ու անհանգստություն կա՝ ո՞վ է գերիշխելու՝ թուրքե՞րը, իրանցինե՞րը, թե՞ արաբները։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք սա թողնենք անցյալում։ Մենք պետք է զարգացնենք համագործակցության, հարգանքի, համերաշխության և միմյանց ինքնիշխանությանը նվիրվածության մշակույթ։ Ես վստահ եմ, որ դա հնարավոր է, և մենք մոտ ենք դրան»,- հայտարարել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս