![](/banners/BeFunky-design.jpg)
Փազլը հավաքելով կարծես թե ավելի է ուրվագծվում, թե Սիրիայում տեղի ունեցածը «փոխանակման» ինչ տրամաբանություն կարող էր պարունակել». Հակոբ Բադալյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-iwzYanIr7k.jpg)
Հակոբ Բադալյանը գրում է. «Սուդանի արտգործնախարարը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ամեն ինչ պայմանավորվել են Սուդանում ռուսական ծովային ռազմաբազայի շինարարության վերաբերյալ: Այդ մասին համաձայնագիրը Սուդանն ու Ռուսաստանը ստորագրել էին դեռեւս 2020 թվականին, սակայն բազայի շինարարությունն այսպես ասած կիսատ էր մնացել հետագայում՝ Սուդանում բախումների հետեւանքով:
Մի քանի օր առաջ, ի դեպ, անդրադարձել էի այդ թեմային։ Այդտեղ ներկայացրել եմ Սուդանում բախումների համառոտ նկարագրությունն ու նաեւ շեշտում էի, որ այնտեղ տեղի է ունեցել այսպես ասած ուժերի հարաբերակցության փոփոխություն՝ հօգուտ կառավարական ուժերի, որոնց աջակցում է Ռուսաստանը:
Սուդանն այդուհանդերձ դեմ էր արտահայտվում բազայի շինարարության շարունակությանը, քանի որ չէր ուզում խնդիրներ ունենալ Արեւմուտքի հետ:
Այժմ, Լավրովի հետ համատեղ ասուլիսում փաստորեն հայտարարվում է ամեն ինչ համաձայնեցնելու մասին: Սա թերեւս հնարավոր է համարել նաեւ Պուտին-Թրամփը հաղորդակցության որոշակի արդյունք:
Սուդանում ռուսական ռազմակայանը ըստ էության նշանակում է Ռուսաստանի ուժային ներկայություն Կարմիր ծովում, ինչը ստրատեգիական հարց է: Այդ հանգամանքը Մոսկվային թույլ կտա ավելի վստահ լինել Սիրիայի ռազմակայանների հարցում: Մասնավորապես, դրանք պահպանելը ռուսների համար այլեւս չի ունենա այն ստրատեգիական նշանակությունը, որ կունենար Սուդանում ռազմակայանի բացակայության պարագայում:
Հավանաբար դա է նաեւ պատճառը, որ Պուտինը հենց Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո է առաջին անգամ խոսել Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ: Այդ հեռախոսազրույցի առնչությամբ կարծիք էի հայտնել, որ դատելով Կրեմլի հաղորդագրությունից, Պուտինը կարծես թե Ալ Շարաային ակնարկել է, որ Ռուսաստանի հետ չաշխատելու դեպքում Սիրիայում կոունենա խնդիրներ: Ռուսներն ունեն այդ խնդիրները ստեղծելու հնարավորություն:
Սուդանի հարցում դիրքերի ամրացումը Պուտինին ըստ երեւույթին թույլ տվեց որոշակի ամրություն զգալ Սիրիայի նոր իշխանության հետ հարաբերության հարցում:
Փազլը հավաքելով կարծես թե ավելի է ուրվագծվում, թե Սիրիայում տեղի ունեցածը «փոխանակման» ինչ տրամաբանություն կարող էր պարունակել»: