Հերթական կաշառքը՝ բյուջեի հաշվին․ ինչպես փրկել ՔՊ-ի գահավիժող վարկանիշը

Իշխող վարչախմբի դիրքերը գնալով թուլանում են։ Սպասվող ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է նվազագույնի։ Վերջին հարցումներից մեկի արդյունքներով, ՔՊ-ն ընդամենը 11 տոկոս ձայն ունի։ Սա երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է, ինչը սարսափեցրել է իշխանություններին։ Կորցրած վարկանիշը վերադարձնելու համար  գործի են անցել։ Փորձում են «հին ու բարի» մեթոդներով գայթակղել ընտրողներին։ Պետական բյուջեի հաշվին նախ՝ որոշեցին փակել անհուսալի վարկերը, հիմա էլ մտադիր են վարորդների երթևեկության խախտումների չվճարված տուգանքները «ջրել»։

«Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք: Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են, և մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ: Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան և հիմնականում՝ տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաև պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը:

Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու և կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով: Մտածենք»,- օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Պարզ է, որ սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի երևակայության արդյունքն է, որը փորձում է փաթեթավորել տաքսու վարորդի անվան տակ։ Հորինելուց գոնե այնպիսի սուտ հորինեն, որ մի քիչ հավատալու լինի։ Ինչպե՞ս կարող է տաքսու վարորդը 30 հազար դոլարի, որը համարժեք է 12 մլն դրամի, չվճարված տուգանք ունենալ ու դեռ շարունակի տաքսի վարել։ Եթե նման բան կա, ապա այդպիսի վարորդը վաղուց չպետք է իրավունք ունենար մեքենա վարել։ Իսկ եթե վարում է ու դեռ Նիկոլ Փաշինյանին համոզել է ներել իր տուգանքները, ուրեմն ինչ-որ մեկը մեծապես թերացել է իր աշխատանքում ու պետք է պատասխանատվություն կրի դրա համար։

Մարդ 5 հազար դրամի տուգանքը ժամանակին չի վճարում, ոստիկանությամբ, հարկադիրով հալածում են, հաշիվների վրա կալանք են դնում, գույքի բռնագանձման հայցեր են ներկայացնում։ Ինչպե՞ս է, որ 30 հազար դոլարի խախտում կատարածին, քիչ է՝ վարորդական իրավունքից չեն զրկել, տուգանքներն էլ չեն փորձել բռնագանձել։ Բնականաբար, այդ 30 հազար դոլարի տուգանքը, եթե նույնիսկ գոյացել է, ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ ամսում է գոյացել։ Փոխարենը նման վարորդին զրկեին վարելու իրավունքից, թողել են, որ մարդը հանգիստ խախտում անի, տուգանքը չվճարի ու քշի։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, թե այնպիսի համակարգ են ստեղծել, որ ինչքան ուզում ես՝ խախտում արա, փողը տուր՝ քշի։ Հիմա ստացվում է, որ կարող ես խախտում անել, փողը չտալ ու քշել, էլի խախտում անել, էլի փողը չտալ, էլի քշել ու այդպես շարունակ։

Բա ո՞ւր մնաց այդքան փառաբանված բալային համակարգը, որը պետք է վերացներ երթևեկության կանոնների խախտման, ձեր ասած՝ արատավոր պրակտիկան։

«Քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր՝ քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը տուր՝ քշի, էլի փող տուր, էլի խախտի, էլի փող տուր, էլի խախտի, էլի փող տուր, էլի խախտի, խախտի, փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր, խախտի՝ փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր: Մենք ասացինք՝ այդպես չէ, ժողովուրդ ջան, կա բալային համակարգ, ու խախտելու որոշակի չափաբաժին ունեք: Դրանից ավելի, եթե խախտեցիք, ուրեմն պետք է զրկվեք վարորդական իրավունքից, հետո կգնաք նորից կվերահաստատեք վարորդի ձեր կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա ձեզ մեքենա վարել, որովհետև ձեր մեքենա վարելը ոչ միայն ձեր, այլև ուրիշների անվտանգության հարցն է»,- ոչ վաղ անցյալում Ազգային ժողովի ամբիոնից ինքնամոռաց հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Թե 30 հազար դոլարի տուգանք կուտակած տաքսու վարորդը վտանգավորության ինչ չափանիշի մեջ է մտնում, Նիկոլ Փաշինյանին կարծես քիչ է հետաքրքրում։ Փոխարենը՝ նա մտահոգված է այս տաքսու վարորդի տուգանքներով։ Պարզ է, որ պատրվակ է փնտրում հիմնավորելու անպարտաճանաչ վարորդների տուգանքները «ջրելու» մտադրությունը։

Սա հերթական փորձն է ընտրություններից առաջ՝ կաշառելու ընտրողներին։

Ինչպես անհուսալի վարկերի պարագայում, այս դեպքում էլ իշխանության հոգածությունից օգտվելու են նրանք, ովքեր անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերել իրենց պարտավորությունների նկատմամբ։

Փոխարենը նրանք, ովքեր ժամանակին պատշաճ կատարել են իրենց պարտավորությունները, ընտանիքի, երեխաների բերանից կտրել, վճարել են տուգանքները, գուցե նաև գոյացած տույժերը, ինչպես միշտ, խաբված են դուրս գալու։

Սա արատավոր ճանապարհ է, որը ոչ մի լավ տեղ չի տանում։ Այն, որ նման նախաձեռնություններից կարճ ժամանակ հետո դարձյալ կանգնում ենք նույն խնդիրների առաջ՝ փաստ է։ Դրանով իշխանությունները խրախուսում են պարտքերի կուտակման պրակտիկան։ Մարդիկ հավատացած են, որ ինչ-որ առիթով իրենց ազատելու են չկատարված պարտավորություններից։ Դրա համար էլ չեն վճարում, ու չվճարելու այս ալիքն անընդհատ պտտվում է։ Քանի դեռ իշխանությունները դրանից օգուտներ քաղելու ակնկալիքներ ունեն՝ այս պրակտիկան շարունակելու է գոյություն ունենալ։

Այն, ինչ հիմա անում են, նպատակն ամենևին էլ խնդիրները լուծելը չէ։ Ավելին՝ այն նպաստավոր միջավայր է ստեղծում արատավոր երևույթների ընդլայնման համար։ Բայց դա վարչախմբին քիչ է մտահոգում։ Փորձում են ընտրություններից առաջ փրկել իշխանության գահավիժող վարկանիշը ու ինչպես միշտ, բյուջեի հաշվին կաշառում են քաղաքացիներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս