![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես տեր եմ իմ ժամանակին». Հրանտ Մաթևոսյանի խոսքը կրկին հնչեց իր պատշգամբից
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-umaBDfEMIE.jpg)
Մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանն արհեստական բանականությամբ գեներացված արտապատկերման միջոցով «ուղերձ հղեց» իր իսկ տան պատշգամբից՝ հնչեցնելով իր լեգենդար խոսքերը՝ «Ես տեր եմ իմ ժամանակին»:
Գրողի 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում վերարտադրվեց նրա պատկերն ու ձայնը, որով հանճարեղ արձակագիրը, կարծես, գրական երկխոսության մեջ մտավ ներկաների հետ: Գրողը կրկին այստեղ էր, նայում էր իր ժամանակի աչքերով ու խոսում իր իսկ տողերով, ինչպես արել էր ժամանակին։
«Ընթացքում սկսեց կորել պատրանքի զգացողությունը, թվաց՝ Մաթևոսյանն այստեղ է, մեր կողքին, մեզ հետ: Փշաքաղվելու չափ գեղեցիկ էր, երբ հանճարը, որը միշտ կրել է իր ժամանակի ծանրությունը, կրկին կենդանացավ մեր առջև»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշում է մասնակից Սվետլանա Հակոբյանը:
Գրականության, տեխնոլոգիաների և արվեստի այս խաչմերուկում կազմակերպիչները փորձեցին ոչ միայն հիշեցնել Մաթևոսյանի ժառանգության մասին, այլև ցույց տալ, որ նրա խոսքը շարունակում է գոյատևել ու հնչել առ այսօր։ Տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրականագետներ, մշակութային գործիչներ, պատահական անցորդներ միասին ականատես էին դառնում գրողի յուրօրինակ «վերադարձին»։
«Ինքս անձնապես ծանոթ եմ եղել մեծանուն հանճարին, ու այստեղ գտնվելը շատ հուզիչ էր ինձ համար։ Շատ հաճախ է եղել մեր տանը՝ հայրիկիս հետ շփման արդյունքում։ Նրանք երկուսն էլ լոռեցիներ էին։ Լոռվա և՛ ջերմությունը, և՛ բնաշխարհի նկարագիրը վերջինս կարողանում էր արտացոլել վարպետորեն՝ իր խոսքով, վերաբերմունքով, ներկայությամբ։ Նա շատ լավ էր կարողանում զգալ ժամանակը և ձեռքը մշտապես զարկերակի վրա էր պահում։ Դրա վկայությունը հենց իր ստեղծած գրականությունն է»,– նշում է կինոգետ Անետա Երզնկյանը։
Երեկոն շարունակվեց Համազգային թատրոնի դերասանների և Երևանի թիվ 112 դպրոցի աշակերտների կողմից Մաթևոսյանի լավագույն ստեղծագործությունների ընթերցումներով, որոնք ավելի ընդգծեցին նրա գրական ժառանգության անմահությունը։
Արտապատկերումը, հաջորդող ընթերցանությունն ու հոծ բազմությունը վկայությունն էին այն բանի, որ Մաթևոսյանն իսկապես «տեր է իր ժամանակին»։ Նախաձեռնությունը «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող միջոցառումներից հերթականն էր, որը վերածվեց շատ ավելիի՝ հիշողությունը դարձնելով գեղեցիկ ներկայություն: