Սևանում ծաղկում առաջացնող միկրոջրիմուռներից նա՞վթ կստանան․ որո՞նք են լճի ծաղկման պատճառները

«Մարդկության համար լավ ու բարի գործեր կատարելը, սերը դեպի կենսաբանությունը, բժշկությունը, ինձ տարան դեպի գիտություն»,- ասում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Բաղիշ Հարությունյանը։

Իսկ թե ի՞նչ է նա անում գիտության աշխարհում՝ պարզել ենք զրույցի ընթացքում։

Սկզբում սովորել եք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում, ասպիրանտուրան շարունակել եք կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ։ Մի տեսակ կտրուկ անցում եք կատարել դեպի մանրէաբանություն, ինչո՞ւ։

– Այո, բակալավրն ու մագիստրատուրան սովորել եմ Ագրարային համալսարանում, իսկ ասպիրանտուրան շարունակել եմ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ Մագիստրատուրայում ուսանելու տարիներին սկսեցի ուսումնասիրել մանրէաբանությունը։ Ինձ հետաքրքրում էին միկրոօրգանիզմները, կենսաբազմազանությունը։

Կարդացեք նաև

– Անասանաբուժությունն այդ ընթացքում որևէ կերպ սեր չէ՞ր արթնացրել։

– Սիրում եմ նաև այդ մասնագիտությունը, այն շատ կարևոր է։ Այսօր մսի, սննդի անվտանգությունը կախված է հենց այս մասնագիտությունից։

– Սակայն փաստ է, որ քչերն են ընտրում այս մասնագիտությունը մտածում են՝ հետագայում աշխատանք չե՞ն գտնելու, թե՞ աշխատավարձի հարցն է։

– Կարծում եմ՝ մի քանի խնդիրներով է պայմանավորված։ Իհարկե, նաև աշխատավարձի հարցը կա։

– Հիմա ո՞ր նյութերի ուսումնասիրությամբ եք զբաղվում։

– «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում եմ աշխատում։ Այնտեղ ուսումնասիրվող և պահվող միկրոօրգանիզմների գերակշիռ մասը հանդիսանում է այլընտրանքային էներգիայի աղբյուր, քանի որ իրենց օրգանիզմներում պարունակվում են մեծ քանակությամբ ճարպաթթուներ, որոնք հետագայում կարելի է վերածել կենսավառելիքի կամ կենսադիզելի։ Լաբորատորիան երկար տարիներ անջատել և պահպանել է բազմաթիվ ֆոտոսինթեզող միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են կանաչ ջրիմուռները, ցիանոբակտերիաները, ֆոտոսինթեզող բակտերիաները։ Պահպանվում են ավելի քան 55 ֆոտոսինթեզող միկրոօրգանիզմներ, 25-ից ավելի կանաչ ջրիմուռներ և 10-ից ավելի ցիանոբակտերիաներ։ Մենք ուսումնասիրում ենք ֆոտոսինթեզվող միկրոօրգանիզմների կենսաբազմազանությունը, ինչպես նաև այն, թե ինչ ճանապարհով կարող են դրանք օգտագործվել կենսատեխնոլոգիայում՝ լինի դեղանյութերի թե կենսաակտիվ միացությունների ստեղծման համար։

Աշխարհի ուշադրության կենտրոնում կանաչ ջրիմուռներն են, փորձում են ամեն կերպ կենսավառելիք ստանալ։ Ամեն ինչի վերջը տվել են, մնացել են ջրիմուռնե՞րը։

Միկրոջրիմուռները, ի տարբերություն այլ բուսատեսակների, որոնք նույնպես հանդիսանում են ճարպաթթուների լավ արտադրիչներ, ավելի հեշտ է աճեցնել։ Ֆոտոսինթեզող օրգանիզմներ են, արտաքին միջավայրից կլանում են ածխաթթու գազ և լույսի էներգիան, սինթեզում են թթվածին, որն էկոլոգիապես նպաստավոր է։

– Գաղտնիք չէ, որ ամեն տարի Սևանա լիճը կանաչում է, և Դուք ուսումնասիրում էիք Սևանում առկա կանաչ ջրիմուռները։ Հնարավո՞ր է Սևանի կանաչումը կանխել, և ի՞նչ են ցույց տվել ուսումնասիրությունները։

– Մի քանի տարի առաջ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականների հետ համատեղ ուսումնասիրել ենք Սևանում ծաղկում առաջացնող ցիանոբակտերիան, միկրոջրիմուռները։ Կարծում եմ՝ Սևանի ծաղկումը կարող է առաջանալ մի քանի խնդիրների պատճառով։ Նախ ասեմ, որ եթե ինչ-որ միջավայրում աճում են միկրոջրիմուռներ կամ ցիանոբակտերիաներ, դա վկայում է, որ այդտեղ առկա է ազոտ և ֆոսֆոր, իսկ սա կարող է պայմանավորված լինել տարբեր թափոնաջրերի առկայությամբ, որոնք լցվում են Սևանա լիճ, ինչպես նաև արհեստական ձկների աճեցման ժամանակ կերերի մնացորդների առկայությամբ։ Տվյալ պատճառները պետք է վերացնել և փորձել տարածքը մաքուր պահել։

Կարո՞ղ է՝ մեկ օր Սևանում առկա ջրիմուռներից նավթ ստանաք։

– Իհարկե, ծաղկում առաջացնող միկրոջրիմուռների մեջ կան որոշ տեսակներ, որոնք հանդիսանում են լավ ճարպաթթուների արտադրիչներ և իրենց բջիջներում կուտակում են մեծ քանակությամբ ճարպաթթուներ։ Եթե հնարավոր է մեկուսացնել և առանձին ստանալ այդ միկրոջրիմուռները, մշակել այնպիսի պայմաններ, որ հնարավոր կլինի լայնածավալ աճեցումը, հետագայում ստացված կենսազանգվածից կարելի է ստանալ կենսավառելիք։ Դրա համար, կարծում եմ, լրացուցիչ հետազոտություններ և համապատասխան պայմաններ են անհրաժեշտ։

Կարծում եմ, հնարավոր է Սևանում աճած այդ միկրոօրգանիզմներն առանձնացնել և մշակել այդ կենսազանգվածը։

Իսկ երկրորդ տարբերակն առանձնացված միկրոջրիմուռներն այլ վայրում աճեցնելը, լայնածավալ արտադրություն կազմակերպելն է։

Կանաչ ջրիմուռներն ուսումնասիրում եք նաև բժշկությանն օգնելու համար։ Փորձում էիք քաղցկեղը կանխելու համար նյութեր ստանալ։ Ո՞ր փուլում են այդ աշխատանքները։

– Հետազոտությունների որոշ մասն ուղղված է միկրոջրիմուռներից կենսաակտիվ միացությունների ստացմանը և հակաքաղցկեղային ազդեցության ուսումնասիրմանը։ Վերջին ուսումնասիրությունը վերաբերում էր ցիանոբակտերիաներից և միկրոջրիմուռներից գլիկոգլիցերոլիպիդների անջատմանը և հակաքաղցկեղային պոտենցիալ ազդեցության ուսումնասիրմանը։ Հետազոտության ընթացքում փորձեցինք մեկուսացնել գլիկոգլիցերոլիպիդներ և փորձարկել դրա հակաքաղցկեղային ազդեցությունը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Ունենք նախնական դրական արդյունք։ Գլիկոգլիցերոլիպիդները բավական բարձր հակաքաղցկեղային ազդեցություն են ցուցաբերում կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա։ Նախագծի ֆինանսավորման դեպքում կփորձենք շարունակել այս հետազոտությունը։

Գլխուղեղի ուռուցքի աճը կանխելու համար ևս նյութ էիք փորձում ստանալ։ Հետազոտությունները շարունակվո՞ւմ են։

– 5 ամինոլևուլինաթթու փորձել ենք համակցել գլիկոգլիցերոլիպիդի հետ, քանի որ 5 ամինոլևուլինաթթու ֆոտոզգայուն միացություն է և կիրառվում է ֆոտոդինամիկ թերապիայի և ֆոտոախտորոշման մեջ։ Համակցումը բարձրացրել է գլիկոգլիցերոլիպիդի հակաքաղցկեղային պոտենցիալ ազդեցությունը։

Առաջիկայում ուսումնասիրություններ ենք կատարելու իտալացի գիտնականների հետ և հնարավորության դեպքում փորձարկելու ենք հիվանդներից վերցված նմուշների վրա։

Վերապատրաստվել եք արտերկրում Բուլղարի, Իտալիա, Խորվաթիա։ Գիտության ոլորտում ո՞ր երկրի փորձը կցանկանայիք բերել Հայաստան։

– Իտալիայում բավականին մեծ փորձ եմ ձեռք բերել, Զագրեբում, Գերմանիայում ևս։ Հայաստան կբերեի մոլեկուլային կենսաբանության ոլորտի մոլեկուլային կլոնավորում, սեկվենավորում, շտամերի ստեղծում և դրա հետ կապված փորձը։

– Ի՞նչ ուսումնասիրություն եք ցանկանում կատարել և ինչի՞ եք ուզում հասնելո՞րն է Ձեր երազանքը։

– Կուզեի իմ ներդրումն ունենալ գիտության զարգացման մեջ՝ մանրէաբանության, կենսաբանության, բժշկության ոլորտում։ Փորձել ստեղծել այնպիսի գիտական արդյունք, որը կծառայի մարդկությանը, կհեշտացնի նրանց կենսակերպը, միգուցե կբուժի անբուժելի հիվանդությունները։

Տեսանյութեր

Լրահոս