«Մեզ համար խոսքի ազատության իրավունքը, որպես այդպիսին, ստորադասված է՝ մենք չերևացող ավելի մեծ ռիսկեր ենք տեսնում այս վարույթով». Աբգար Պողոսյան

Փետրվարի 1-ի երեկոյան միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ 70-ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ, քանի որ նա օրերս հրապարակել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ, որոնք եղել են Իրանի քաղաքացիներ։ Մի քանի ժամ տևած քննությունից հետո դատարանը որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին՝ բավարարվելով միայն վարչական վերահսկողությամբ։

Երեկ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձավ այս միջադեպին՝ ասելով, որ տեսանյութը նայել, սակայն շատ հստակ չի էլ լսվում, թե ինչ են նրանք ասում:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. ովքեր ռասիստական և ազգային լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչն են, ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտողները»,- շեշտեց դեսպանը՝ նշելով, որ պատմության ընթացքում նման գործողությունները, որոնք կարող են ինչ-որ նպատակներ հետապնդել և անգամ նախապես պլանավորված լինել, դրանք Իրանի քաղաքակրթության տիրույթում իրենց ազդեցությունը կորցնում են, ոչ մի նշանակություն չունեն»,- իր խոսքում նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:

Ղարիբ Բաբայանի շահերի պաշտպան Աբգար Պողոսյանի խոսքով՝ դատարանի ընդունած որոշման դեմ դեռևս վերաքննիչ բողոք չեն ներկայացրել։

Կարդացեք նաև

«Վերաքննիչ բողոքով ամեն դեպքում հանդես կգանք, հաշվի առնելով, որ կարծում ենք՝ հիմնավոր կասկած առկա չէ։ Պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ ամեն դեպքում Առաջին ատյանի դատարանին մեծ խիզախություն էր պետք կալանքի հիշյալ միջնորդությունը չբավարարելու համար, որովհետև մենք շատ աբսուրդային որոշումներ ենք տեսել, որ բավարարվել է»,- 168.am հետ զրույցում նշեց Աբգար Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքին, փաստաբանն ասաց, որ դեսպանի ասածը հստակ էր, նա փաստեց, որ այդ մարդիկ Իրանի ժողովրդի ներկայացուցիչ չեն, այսինքն՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցածն Իրանի պաշտոնական դիրքորոշումը չէ։

«Ղարիբ Բաբայանի առումով, այսպես կոչված՝ իրավական գործընթացը գնում է ոչ թե այդ տեսաձայնագրությունը տարածելու համար, այլ այդ ձայնագրությանը կից քննադատական խոսքի համար, թե որտե՞ղ է մեր ոստիկանությունը, որքա՞ն պետք է հանդուժենք, և այլն։ Իշխանությունները սա ընդունել են որպես ատելության ու թշնամանքի խոսք՝ ուղղված ՀՀ իշխանությանը և ոստիկանությանը։

Սա կարծես թե առաջին հերթին ուղղված է նրան, որ պատժեն այդ տեսանյութը տարածելու համար։ Նախկինում ևս նշել եմ, որ սրանով նաև ցույց են տալիս, որ Հայաստանում կարող է լինել որոշակի շերտ՝ ի դեմ հրապարակում երգող թուրքերի ու, հնարավոր է՝ վաղը ադրբեջանցի փախստականի կերպարանքով մեզ հետ ապրող անձանց, որոնք կպաշտպանվեն իշխանությունների կողմից։

Եկեք ճիշտը խոսենք, Ղարիբ Բայայանի խոսքն ընդամենը թեթև քննադատություն պարունակող խոսք էր, կան հազարավոր հրապարակային խոսքեր, որոնք շատ ավելի սուր քննադատություններ են պարունակում իրենց մեջ։ Եթե այսպես է շարունակվում, ապա Հայաստանում ամեն օր 1000 հոգի պետք է ձերբակալվի։ Այստեղ մեզ համար խոսքի ազատության իրավունքը, որպես այդպիսին, ստորադասված է, քանի որ մենք ավելի մեծ չերևացող ռիսկեր ենք տեսնում այս վարույթով»,- ընդգծեց Աբգար Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս