![](/banners/BeFunky-design.jpg)
«Այնտեղ էլ հո ՀՀԿ-ն չկա՞ր, ինչո՞ւ մարդիկ չէին գալիս, առանց ՀՀԿ-ի հնարավոր չէ. դա նիկոլական պրոպագանդա է՝ ընդդեմ ազգային ազդեցիկ քաղաքական միավորների». Դավիթ Ջամալյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Davit-Jamalyan-1-1.jpg)
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, անվտանգային խնդիրները գնալով ավելի են խորանում։ Այդ խնդիրները լուծելու համար հասարակությունն իշխանությունների կողմից չի տեսնում համարժեք քայլեր. Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը բանակ չպետք է ունենա, փոխի իր Սահմանադրությունը, բացի «Զանգեզուրի միջանցքը» և ընդունի 300 հազար ադրբեջանցիների», սակայն իշխանությունները որևէ հակադարձող հայտարարությամբ հանդես չեն գալիս, ասում են միայն՝ հավատարիմ են «խաղաղության օրակարգին»։
Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները և նրանց հարող ուժերը թիրախավորում են բոլոր ազգային ուժերին, որոնք դեռևս 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո բացահայտ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են սպասարկում, այլև իշխանության են բերվել աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների կողմից՝ Արցախը հանձնելու, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով։
Երկրում տիրող իրավիճակի, հայ ազգի անելիքների, ազգային ուժերի թիրախավորման պատճառների շուրջ 168.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։
– Պարոն Ջամալյան, այսօր շատերը խոսելով երկրում բոլոր ուղղություններով տիրող աղետալի ընթացքի մասին, ասում են, որ պետք է ազգային բոլոր ուժերը միավորվեն, համախմբվեն՝ մի կողմ թողնելով տարաձայնություունները, միասնական ճակատով պայքարեն այս իշխանությունների դեմ, որ Ալիևի և Էրդողանի օրակարգն է առաջ մղում և նոր զիջումների է պատրաստվում: Ո՞ր ուժերը պետք է միավորվեն միասնական օրակարգի շուրջ: Որո՞նք են, ըստ Ձեզ, ազգային այդ քաղաքական ուժերը:
– Նախևառաջ մենք պետք է հստակ ֆիքսենք մեկ հանգամանք, որն, ըստ իս, այս վերջին տարիներին սկզբունքորեն թույլ չի տվել, որպեսզի այդ միացյալ դիմադրությունը ձևավորվի և իր վերջնակետին հասնի՝ ի դեմս այս դավաճանական ռեժիմի հեռացմանը։ Խոսքը «նախկիններ» քարոզչության մասին է, և այդ մանիպուլյատիվ թեզի դեմը պետք է առնել։ Որքան էլ տարօրինակ թվա, այս պրիմիտիվ թեզն աշխատել ու աշխատում է մինչև հիմա և ինչ-որ պահերի իր չարաբաստիկ դերը կատարում է և թույլ չի տալիս, որպեսզի ձևավորված շարժումները կատարեն իրենց առջև դրված նպատակները։
Այո, ազգային բոլոր ուժերը պետք է միավորվեն հանուն շատ կարևոր մի նպատակի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի, պահպանվի մեր ազգի ինքնությունը, պետականությունը։
Հիմա, ովքե՞ր կարող են այս խնդիրը լուծել, ու հարթակում ի՞նչ տեսանելի ազգային ուժեր կան։ Անկախ այն հանգամանքից, թե մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության զավթումը, քաղաքական որ ուժն ինչ սխալներ է թույլ տվել, ինչ վրիպումներ, անգամ արատներ է ունեցել, մենք պետք է ելնենք ներկայիս իրողություններից, որտեղ որպես քաղաքական իրողություն՝ գոյություն ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը։ Իհարկե, կան նաև քաղաքական այլ միավորներ, որոնց ներուժը մի փոքր ավելի համեստ է, բայց բավականին ակտիվ են։ Հիմա կան ուժեր, որոնք նախկին իշխանության մեջ են եղել, բայց հիմա իշխանության մեջ են ու փորձում են այնպես դիրքավորվել, որ հանկարծ այդ «նախկինների» մասին թեզն իրենց չվերաբերի։
Դա սխալ ճանապարհ է, նախ, Հայաստանը փոքր երկիր է, չկա այնպիսի մի քաղաքական միավոր կամ քաղաքական գործիչ, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա Դաշնակցության կամ Հանրապետական կուսակցության հետ։ «Նիկոլական» պրոպագանդան վարպետորեն դա օգտագործում է, այսինքն՝ գտնում են ինչ-որ կապ, հետո սկսում քարոզչություն անել, թե՝ սա «նախկինների մարդն» է կամ «նախկինների դրածոն», և այս խայծն աշխատում է։
– Իշխանությունների վախն ազգային ուժերից այս պահին մե՞ծ է։
– Եկեք հստակ խոսենք, ուրեմն՝ ցանկացած ազդեցիկ քաղաքական միավոր միշտ ունի մի խոցելի կողմ՝ նա պոտենցիալ առումով ձերբազատված չէ ամեն տեսակ պատեհապաշտների, եսակենտրոն, սեփական ստամոքսի մասին մտածողների ներթափանցումից։ Սա ցանկացած ազդեցիկ քաղաքական միավորի խոցելի կողմերից է, երբ ուժն ազդեցիկ է, հայտնվում են պատեհապաշտներ, որոնք նեղ անձնական շահերից ելնելով՝ ներթափանցում են այդ ուժի շարքեր։ Կոնկրետ Հանրապետական կուսակցության շարքերից բոլոր այդ պատեհապաշտները թողել հեռացել են 2018 թվականից հետո։ Բոլոր նրանք, որոնց պատճառով ՀՀԿ-ի դեմ այդ վարկաբեկիչ քարոզարշավը սկսել է այս իշխանությունը, կուսակցության շարքերը լքել են և միավորվել օրվա իշխանություններին։ Իհարկե, իշխանությունը կուսակցության թերությունները ներկայացնում էր՝ չոփը գերան դարձրած։ Այսօր Հանրապետական կուսակցությունը բյուրեղացել է, վերածվել է անխոցելի, սկզբունքայնություն ունեցող քաղաքական միավորի։ Հետևաբար, խնդիրը պետք է լինի ոչ թե «նիկոլականների» «նախկինների» թեզը, մանիպուլյատիվ թեզը կուլ տալը, այլ հայրենակիցներին փաստերով ցույց տալ, որ այդ թեզը հենց ներկայիս իշխանությունների վերարտադրման համար է արվում, այն կեղծ է, իրականության հետ աղերս չունի։ Կրկնում եմ, նրանք, որոնք իրենց վարք ու բարքով արատավորել էին Հանրապետական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, վաղուց դարձել են ՔՊ-ի սպասարկողները։
ՀՀԿ-ն ուրույն քաղաքական, ազգային դիմագիծը կերտած քաղաքական ուժ է, այստեղ ազգային գործիչներն են մնացել։ Օրինակ, ՀՀԿ երիտասարդական թևը փայլուն երիտասարդներ ունի, այդ երիտասարդներն ի՞նչ կապ ունեն մինչև 2018 թվականին եղած ինչ-ինչ պատեհապաշտների հետ։ Այդ երիտասարդներն ունեն կամքի ուժ, ազգային դիմագիծ, վերջին տարիներին եղած պայքարի առաջամարտիկներից են եղել։ Ելնենք օրվա իրողություններից, ՀՀԿ-ում մնացել ու պայքարում են մարդիկ, որոնք խոցելի չեն, որքան էլ իշխանությունները փորձեն նրանց թիրախավորել։ Օրինակ, Արմեն Աշոտյանը խոցելի չէ, եթե խոցելի լիներ, ապա իշխանությունը նրա նկատմամբ վաղուց հաշվեհարդարը տեսած կլիներ՝ անգամ այդ շինծու գործով, Էդուարդ Շարմազանովը խոցելի չէ, և խոցելին չեն այնտեղ բոլորը…
Նույնը վերաբերում է նաև Դաշնակցությանը (ՀՅԴ), երկու ուժերում էլ ընկերներ ունեմ, կայացած, պայքարի առաջամարտիկներ դարձած կուսակցություններ են, կարևորը՝ մարդ կուսակցություն չեն։ 2018 թվականից հետո, երկու ուժերի վարկանիշը ռեալ առումով ավելի է ամրապնդվել, շատերին գիտեմ, որոնց հարգանքն այս ուժերի նկատմամբ բարձրացել է։ Մենք պետք է ցույց տանք, որ քաղաքական դաշտում կա ընտրություն, ազգային դիմագիծ ունեցող քաղաքական միավորներ կան։
– Այսօր տեսնում ենք, որ քաղաքական որոշ շրջանակներ, որոնք նախորդ իշխանության մեջ են եղել, որոշակի խմբավորումներ քարոզչություն են տանում՝ ասելով, թե՝ եթե, օրինակ, ՀՀԿ-ն մասնակցի պայքարին, հաջողություն չեն ունենա, թիրախավորում, սուր քննադատության են ենթարկում ՀՀԿ-ին՝ նշելով, որ առանց ՀՀԿ-ի կարող են իրենք երկրում իշխանափոխություն անել:
– Շատերն են այս խայծը կուլ տալիս, որ իբր՝ եթե նախկինները պայքարի հարթակում չլինեն, ժողովուրդը կգնա իրենց հետևից… բայց նման կերպ մտածողները ձախողել են, ինքներս տեսել ենք։ Անուններ չտամ, բայց հիշում եմ, երբ «Դիմադրության» շարժումը թափ էր հավաքում 2022 թվականին, հրապարակում կրկին ազգային դիմագիծ ունեցող մի անձնավորություն, ցավոք, կրկին այդ թեզին տուրք տալով, ցանկանում էր այլընտրանքային պայքարի կենտրոն ձևավորել։ Չստացվեց, այդ մարդու կողքին շատ չհավաքվեցին, թեպետ հարգում էին այդ մարդուն։ Հիմա այստեղ էլ հո ՀՀԿ-ն չկա՞ր, ինչո՞ւ մարդիկ չէին գալիս։ «Նախկինների» թեզը վարպետորեն ստեղծված է մեր հակառակորդների կողմից, մեր հանրության դեպրեսիվ հոգեվիճակը հաշվի առնելով, որովհետև դեպրեսիվ վիճակում գտնվող հանրությունը դժվար է միավորվում։
Բայց սա չի նշանակում, որ հանրությունը երբեք չի կարող այդ հոգեվիճակից դուրս գալ, կարող է և 1-2 հաջողությունն այնպիսի մոբիլիզացիոն լիցք տալ, որ հանրությունն ուղղակի պայթի։ Եթե հանրության ցասումը պայթի, հնարավոր կլինի՞ այն կառավարելի դարձնել, որպեսզի ամեն ինչ չսրբի ու տանի, սա էլ է վտանգավոր։ Այսինքն՝ մինչև հիմա հանրությանն այսպես պահելու այդ «նախկինների» թեզն ինչ-որ ձևով աշխատել է, բայց սա չի նշանակում, որ այսուհետև այն աշխատելու է։ Ցանկացած գրագետ կազմակերպված շարժում պայթեցնելու է հանրության ցասումը։ Վերջերս մեր հայրենակից Ղարիբ Բաբայանի գործի հետ կապված, տեսաք՝ ինչ տեղի ունեցավ դատարանի բակում։ Եղավ կոչ ու այդ կոչի վրա մարդիկ գնացին դեպի դատարանի բակ… Այդտեղ էլ ակնհայտ էր, չէ՞, թե որ ուժերի ներկայացուցիչներն էին՝ ուժեր, որոնց ասում են. «հրապարակում չլինեք, լավ կլինի»։ Այնպես որ, այս խոսակցությունը սնանկ է, թե՝ ՀՀԿ-ն չլինի, հրապարակը կլցվի, փորձն է սա ցույց տվել, այս թեզն իսպառ պետք է ոչնչացվի, կրկնում եմ՝ իսպա՛ռ։