
Իմ կալանքից 2 օր առաջ ասաց՝ ինձ ճնշում են, քեզ էլ կալանավորելու են… Ընտրվես էլ՝ քաղաքապետ չես լինի… ո՞վ է նախկին, ո՞վ՝ ներկա, 2018թ.-ից հետո անձնագիր ստացածնե՞րն են ներկա. քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես որևէ հերոսություն չեմ արել՝ քաղբանտարկյալ դառնալու համար։ Ընդամենն արել եմ այն, ինչ ինձ տվել է ժողովուրդը, ցանկացել եմ իրացնել ժողովրդի կողմից ինձ տրված մանդատը։ Ես շատ լավ հասկացել եմ՝ ինչի համար եմ այնտեղ, ինչու եմ քաղաքական հետապնդումների ենթարկվում, որևէ մեկից տրտնջալու կամ պահանջելու բան չունեմ։
- Կալանավայրից դուրս գալուց հետո տեսա, որ սա իմ իմացած Հայաստանը չէ, իմ ճանաչած Երևանը չէ, փայլը պակասել է, խնդիրները՝ ավելացել։ Ինձ համարում եմ ազատ մարդ, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ինձ գծից գցել, տեսան, որ չի ստացվում։ Երկիրն այս վիճակի, այդքան լուրջ խնդիրների մեջ, այդքան լուրջ իրավական ու տեղեկատվական ռեսուրս դնել Հանրապետության 3-րդ քաղաքի ընտրված քաղաքապետի գործի վրա, լուրջ չէ… Մեր երկրի խնդիրների մեջ իմ խնդիրն ի՞նչ էր։ Դրա համար ինձ հաճախ ավելորդ չհանրայնացնելու համար լուռ եմ մնացել։
- Խնդիրն ի սկզբանե էր ինձ պարզ։ Այնպես չէ, որ ինձ փողոցից վերցրեցին ու կալանավորեցին։ Ինձ հետ ազնիվ են եղել, ինձ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ նախապես ասել են՝ միևնույն է, եթե անգամ ընտրվես, քեզ թույլ չենք տալու քաղաքապետ լինել։ Ես էլ ասել եմ՝ լավ, հասնենք ընտրության, կերևա։ Մտածել եմ, որ եթե ընտրության արդյունքներով ճչացող տարբերությամբ հաղթեմ, ստիպված կաշխատենք, որովհետև որևէ քաղաքապետ առանց կառավարության հետ համագործակցելու՝ չի կարող աշխատել՝ պետական բյուջե, պետական ծրագրեր, և այլն։ Բայց այս մարդկանց մոտ կացնային քաղաքականություն է վարվում՝ եթե դու չես հպատակվելու, ուրեմն քաղաքապետ չես աշխատելու։ Հանրապետության Տարածքային կառավարման մարմինների (ՏԻՄ) 40-50% համայնքներում այս նույն վիճակն է։ ՏԻՄ-ի եվրոպական խարտիաներից խոսելն այս ոչ ժողովրդավար իշխանության պարագայում պայթեցված թեզ է։ ՏԻՄ սահմանադրական կարգը տապալված է թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո։ Ինձ քաղաքապետ չդարձնելու համար 4–5 օրենսդրական փոփոխություն են կատարել։
- Ինձ 2021թ., երբ կալանավորել են, այցելել է միայն այն ժամանակ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը, նրանից հետո 2 պաշտպանները (Քրիստիննե Գրիգորյանը և Անահիտ Մանասյանը,- հեղ.) չեն այցելել։ Այցելել են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որևէ այլ միջազգային ՀԿ, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, հատկապես՝ վանաձորյան (Արթուր Սաքունցի, և այլն,- հեղ), չեն եկել, չեն հետաքրքրվել, նրանք պաշտպանել են միայն գործող իշխանության շահերը։
- Ողջ ազգն է այսօր ընդդիմադիր: Կալանավայրերը բացառություն չեն, այնտեղ 95%-ը դեմ է գործող իշխանությանը։
- Երբ կալանավայրից դուրս եկա, նեյտրալ տրամադրությունները գերիշխում էին ինձ մոտ, քանի որ նախ՝ չգիտեի՝ դրսում ինչ է կատարվում, հետո չէի ուզում դատավորի վրա ճնշում գործադրել։ Ես իմ քրեական գործը նույնիսկ չէի կարդացել, քանի որ ինձ համար ի սկզբանե պարզ էր՝ ինչ նպատակով են այդ քաղաքական հետապնդումները, քրեական գործին ծանոթացել եմ դատավարության ընթացքում։ Դատավորը երիտասարդ էր, աբսուրդ մեղադրանքներ, հին դատախազական մոտեցումներ, ու որպեսզի դատավորն անկաշկանդ լինի, արել էի ամեն ինչ, որ դատարանն անկաշկանդության մթնոլորտում կարողանա իրականացնել արդարադատություն։ Նաև որպես իրավաբան՝ խղճում էի նրան, չէի ուզում, որ ճնշումների ենթարկվի 2 կողմից էլ։ Ինձ երկար կալանքի տակ պահելուն անգամ ըմբռնումով եմ մոտեցել, բայց հույս ունեի՝ ակտ կայացնելիս դատավորը կառաջնորդվի արդարադատությամբ։ Բայց իմ նկատմամբ մեղադրական, պատժող ակտ կայացնելն այդ դատավորի համար առնվազն անպատվաբեր է։
- Ես իմ քաղաքական հայացքները երբեք քաղաքապետարան չեմ տեղափոխել, որովհետև հասկանում էի՝ Վանաձորի քաղաքապետարանն այդ վայրը չէ, այլապես վայր կդնեի մանդատս, դուրս կգայի փողոց՝ պայքարի։ Ես միշտ առաջնորդվել եմ իմ քաղաքի շահերով և ցուցաբերել եմ քաղաքական կոռեկտություն։ Ես հասկանում էի՝ գուցե ամենալավը կամ խելացին չեմ, բայց ես այդ քաղաքի ընտրությունն էի թե՛ 2016թ., թե՛ 2021 թվականին։ Ես միակ քաղաքապետն էի, որ 2021թ. Եվրոպական միությունից 4 միլիոն եվրոյի ծրագիր էի բերել քաղաքի համար։ Ես այս քաղաքը սիրում եմ, բայց այս մարդիկ այդպես չեն աշխատում։ Ինձ ասել են՝ խոդ կտանք պետական ռեպրեսիվ մեքենան, ես էլ ասել եմ՝ ինչպես կուզեք, ես այնպիսի բան չեմ արել, որ դրանից վախենամ։ Ընտրությունները պետք է հոկտեմբերին տեղի ունենային, հուլիս-օգոստոսին սկսվեց քրեաիրավական պրոցեսը՝ ոստիկաններով, հետո 15 օր, հետո կրկին։ Սեպտեմբերի 15-ին հայտարարեցի, որ մասնակցում եմ ընտրություններին։ Ավելի ուշ իմացա, որ այդ գործը հարուցել են սեպտեմբերի 10-15-ի ընթացքում, որպեսզի դամոկլյան սրի պես կախեն ինձ վրա։ Դրանից հետո կամայական ձևի, ապօրինի կերպով Վանաձորը տարան խոշորացման։ Մեր ընտրություններն այդ պատճառով հոկտեմբերի փոխարեն՝ տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին։ Հոկտեմբերի 10-ից հետո քաղաքապետարան չէի մտել, դեկտեմբերի 5-ին հաղթել եմ, սպասել ավագանու ձևավորմանը, հատկապես, որ հավաստիացումներ ունեի այլ քաղաքական ուժերից, որ ինձ են առաջադրելու և սատարելու։
- Այդ ժամանակ ակնարկներ եղել են ՀՀԿ-ից դուրս գալու, ՔՊ մտնելու, թեպետ ուղիղ առաջարկ չի եղել։
- Ես ստեղծեցի «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որ ցույց տամ՝ ես էս քաղաքի տղա եմ ու իմ անունով եմ մասնակցում ընտրություններին։ Որ պաշտոնի կռիվ տվող լինեի, կընդունեի այս իշխանությունների կողմից ինձ առաջարկված պաշտոնները։
- Ես իմ կաբինետից վերցրել եմ իմ նոութբուքն ու անձնական իրերը։ Աչքս ոչ մի բանի մեջ չի մնացել։ Ցանկացած պաշտոն ստանձնել եմ ընտրությունների միջոցով։ Պաշտոնը, իհարկե, արտոնություն տալիս է, բայց նաև դու այդ ծառայությունը պիտի մատուցես, քաղաքին ծառայես։
- Ապատիայի հետևանք է այն, որ հիմա մարդիկ ոչ թե պարզապես գնում են արտագնա աշխատանքի, այլ արտագաղթում են ընտանիքներով, որովհետև այլևս հայրենիքի հետ հույս չեն կապում։
- Այս երկրի միակ կոռուպցիոները ես էի, փաստորեն, որ նստեցի այդքան երկար, հետո էլ պատժողական դատավճիռ կայացվեց։ Մի անուն ունեմ, կպահեմ այնքան, որքան կկարողանամ։ Ոչ մեկի վնաս չեմ տվել, ես ու իմ ընտանիքն ենք տուժել ողջ գործընթացից։
- Էդմոն Մարուքյանն իմ համաքաղաքացին է։ Վանաձորյան այդ ողջ թնջուկի մեջ, երբ սազանդարների միջոցով ասում էին՝ քաղաքապետը հողեր է օտարել, ի՜նչ քաղաքական գործընթաց, որևէ մեկը չի ասում, որ ինձ ճաղերի հետևում պահելով՝ ճաղերի հետևում են պահել նաև Վանաձորի կառավարումը։ Որևէ մեկը չի ասում, որ այդ գործընթացի արդյունքում տապալվել է Վանաձորի կառավարումը: Ու դա արել են Էդմոն Մարուքյանի թեթև ձեռքով։ Իմ կալանավորումից 2 օր առաջ է Էդմոնն ինձ հանդիպել։ Իրենք ընտրությունների արդյունքում ոչ մի մանդատ չէին ստացել։ Ուզում էին բողոքարկել։ 9 տեղամաս բացեցին, տեսան՝ հաշվարկի ընթացքում իմ ձայներն ավելանում են, իրենցը՝ պակասում, հետո որոշեցին դիմել դատարան։ Ինձ հետ կապ հաստատեցին, պայմանավորվեցինք, որ Էդմոնը չի դիմի դատարան, որովհետև անիմաստ է դատարան դիմելը, ես էլ աշխատանքի կտեղավորեմ իր առաջին համարին, երջանկահիշատակ մի տղայի, շատ կարգին մարդու։ Դրանից 2 օր հետո նորից ինձ հետ կոնտակտի է դուրս եկել Էդմոնը, հանդիպել ենք, ասել է՝ ինձ ստիպում են, որ ես դատարան դիմեմ, քեզ էլ կալանավորելու են, եթե իրենց հետ լեզու չգտնես։ Այդպես բաժանվել ենք, բնականաբար, լեզու գտնելու խնդիր չկար։ Ես իրենց ասել եմ՝ դուք պատերազմական ընտրարշավ եք տարել իմ դեմ, ի՞նչ համաձայնության մասին եք խոսում։ Ես համայնքային համագործակցությանը դեմ չեմ, բայց քաղաքական համաձայնություն չէր կարող լինել։ Այդ մարդկանց համար կարևոր չէին ընտրության արդյունքներն ու տրամաբանությունը։ Ես չեմ ապրում Էդմոնի պես, բայց հասկանում եմ իրեն։ Էդմոնին գրել տվեցին, ու Էդմոնի բողոքի հիման վրա 3 տարի Վանաձորի ավագանին նիստ չէր արել։ Չարացած չեմ, Էդմոնն ինձ համար բացահայտում չէր, այնպես չէր, որ ես իր մասին ավելի լավ կարծիք ունեի և դրանից անակնկալի եկա։ Հետո իմ տեղեկություններով՝ այդ ծառայության համար նրան տվեցին Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Ես Էդմոնին ճանաչել եմ Հանրապետականների սեղաններին նստած… Հիմա նախկիններից է խոսում, հատկապես որ լավ գիտի՝ ՀՀԿ արտաքին կապերն ինչ հարցեր էին լուծում։
- Արմեն Աշոտյանին դատի գնալուց եմ հանդիպել մի քանի անգամ։ Երբ դատարան տանելիս կալանավայրերով շրջում էին, մի քանի անգամ մեր ճանապարհները խաչվել են։
- Ո՞վ է նախկին, ո՞վ՝ ներկա։ 2018թ.-ից հետո անձնագիր ստացածնե՞րն են ներկա։ 1.5 տարի աշխատել եմ ՀՀԿ-ի հետ, 3 տարի՝ ՔՊ-ի հետ։ Հիմա ես նախկի՞ն եմ, թե՞ ներկա։ Եթե նախկին օդիոզ դեմքերի մասին է խոսքը, ապա այդ մարդիկ հիմա էլ են նորմալ ապրում, աշխատում այս իշխանությունների հետ։ Ո՞վ էր նախկին, Արմեն Աշոտյա՞նը… Էս փոքր երկրում թիրախավորել խմբերի, խժդժություն գցել, որ ի՞նչ։
- 2-րդ կարգի քաղաքական կոչված ուժերն ի՞նչ են ասում, ասում են՝ մեզ տվեք Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) բազան, ռեսուրսները, կարող ուժերին, մենք գնանք առաջ, բայց դուք մի՛ երևացեք։ Ամեն բան պետք է գնա բնական ճանապարհով։ Զոռով սիրել չես տա։ Ինձ համար անհասկանալի է երկրի հիմնական խնդիրները թողնելն ու միմյանց թիրախավորելը։ Ինձ համար տաբուներ չկան։ Բոլորի հետ սիրով շփվում եմ ու լավ հարաբերություններ ունեմ։ Երբ ես դարձել եմ համայնքի ղեկավար, որևէ կուսակցականություն չեմ մտցրել քաղաքապետարանի աշխատանքում, այդ թվում՝ կադրեր ընտրելիս։ Իսկ ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ից, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից տիզի նման տարել են, կամ՝ ՀՀ երկրորդ նախագահից, ամենաշատն են այսօր նրանց քննադատում։ Ծրագիր ունե՞ք, գնացեք, արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնում։ Մի լսեք՝ ինչ է ասում Փաշինյանը, ձեր օրակարգը ստեղծեք, ոչ թե պատասխանեք նրան, կամ՝ սպասեք նոր օրակարգի ու մնաք նույն կոտրած տաշտակի առաջ։
- Հերքել անհերքելին, մտնել այնպիսի բանավեճի մեջ, որտեղ դու ի սկզբանե պարտված ես, ծիծաղելի է: Նույն ՀՀԿ-ն էլ ընդունել է իր սխալները, ցանկացած մարդ է ընդունել իր սխալները: Բայց հերքել, որ այդ կուսակցությունը՝ իր ներուժով, կադրային բազայով, արտաքին կապերով, մեծ ներուժ ունի, ու ներհայաստանյան պրոցեսներն առանց այդ կուսակցության չեն կարող լինել, կարծում եմ, դա էլ ծիծաղելի է այն մարդկանց առնչությամբ, ովքեր դա հերքում են:
- Այսօրվա պայմաններում ընտրություններով իշխանություն փոխելու թեզը սպասարկում է այս իշխանության շահը։ Ո՞ր ընտրությունն էր ձեզ համար արժանահավատ, որ կրկին սպասումներ ունեք ընտրություններից, գրեթե ոչ մի հաղթած ընդդիմադիր քաղաքապետ այսօր չի պաշտոնավարում։ Ովքեր այսօր թմբակահարում են ընտրությունների թեման, ուզում են արևի տակ տաքուկ տեղ ունենան։
- Որպես քաղաքապետ՝ ասեմ՝ նույնիսկ շատ տրանսպորտային միջոց բերելը ոչ մի տրանսպորտային խնդիր չի լուծելու։ Երևանի նման քաղաքի համար կարևոր են թողունակությունը, էստակադաները, ալտերնատիվ տրանսպորտային միջոցները, շրջանցիկ ճանապարհները։ Շատ լուրջ ուսումնասիրություն է պետք։ Ինչ-որ պահի Երևանին տրանսպորտային կոլապս է սպառնում։ Ոչ տրանսպորտի միջոց ներկրելով է խնդիրը լուծվելու, ոչ թանկացնելով: Խնդիրը լուծելու համար լուրջ աշխատանք պետք է տարվի, համակարգային լուծում պետք է տրվի:
- Տրանսպորտի գնի թանկացման բողոքի ակցիաների մասին: Այս իշխանությունն արդեն 6-7 տարի կառավարում է, միամիտ չէ, ու քաղաքացիների համար բոլոր խնդիրները հենց ինքն էլ ստեղծում է։ Նրա ստեղծած խնդիրներով նրա դեմ պայքարելը լուրջ չէ։ Ինքը ստեղծում է խնդիրներ, ինքն էլ լուծում է։ Խնդիրը ստեղծելով՝ իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ինչ բունտ է առաջանալու, ինչ բողոքի ակցիաներ են լինելու: Երբ որոշներին թվում է՝ ինչ-որ խոցելի խմբի բարձրացրած խնդրի կողքը կանգնելով՝ հարց ենք լուծելու, սխալվում են, մոռացե՛ք։ Երբ իշխանությունը տեսնում է՝ խնդիրը լրջանում է, ինքն իր իսկ առաջացրած խնդիրը լուծում է՝ լիցքաթափելով այդ դժգոհությունը։ Իշխանությունը չի կարող չհասկանալ իր տնտեսական, սոցիալական, ֆինանսավարկային քաղաքականության հետևանքները։ Հետևաբար՝ բոլոր խնդիրների լուծման բանալին իրենց ձեռքում է։ Քանի որ մեծ քաղաքական պրոցեսներ չկան, որոշ մարդիկ և շրջանակներ քաղաքացիների մոտ լոկալ խնդիրներ լուծելու պատրանք ստեղծելով՝ սպասում են ու պատրաստվում 2026թ. հերթական ընտրություններին։
- Նիկոլ Փաշինյանը երբեք չի ամաչում բարձրաձայնել իր գաղափարներն ու իրականացնելուց առաջ դա հնչեցնում է։ Նա գնում է իր օրակարգով, մինչև իր ձեռքը կբռնեն։ Քանի դեռ քաղաքական դաշտում լուրջ կոնցեպտուալ կոնսոլիդացիաներ չլինեն, այդ օրակարգն իրականացվելու է։ Իրար գզելով, վարկաբեկելով՝ հարց չի լուծվելու։
- Մարդիկ 2018-ին սխալ ընտրություն են կատարել ու այսօր ոչ թե անտարբեր են, այլ չեն ուզում ընդունել, որ սխալ ընտրություն են կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում։