Արմեն Աշոտյանի գործով հարցաքննվեց ԵՊԲՀ գնումների բաժնի ղեկավարը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին հարցաքննվում էր ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի վարիչ, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը: Հանրային մեղադրողը հակասություն տեսավ Մելիք Սողոմոնյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև ու միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից հատվածներ: Դատավորը որոշեց հրապարակել երկու ցուցմունքն էլ:
Այսօրվա դատական նիստին հարցաքննվում էր վկա Ռուբեն Եգանյանը, մյուս վկան՝ Սամվել Բարոյանը, դեռ չէր եկել:
Ռուբեն Եգանյանն ասաց՝ ցանկություն չունի փաստաբան ներգրավել ցուցմունք տալիս։ 2015թ.-ին աշխատել է ԵՊԲՀ-֊ում՝ որպես գնումների բաժնի պետ, 2016թթ.-ին ազատվել է աշխատանքից, ապա նորից ընդունվել։ Ինչ վերաբերում է խնդրո առարկա քրեական վարույթին, վկան նշեց՝ 10 տարվա գործ է, չի հիշի՝ ինչ գործ է, ինչում են մեղադրվում, գուցե հարցե՞ր տան։ Միայն գիտի, որ 2018թ. ՊՎԾ-ն ստուգում է իրականացրել, ու թերացումներ են հայտնաբերվել։
«Բուհ-ի ղեկավարի հանձնարարականի հիման վրա են արվել գնումները»,- դատախազի` իր ղեկավարած բաժնի գործառույթներին անդրադառնալով՝ ասաց Ռուբեն Եգանյանը:
Դատախազի հարցին՝ մինչև ռեկտորի կողմից գնման հանձնարարական տալն արդյո՞ք քննարկում տեղի ունենում է, օրինակ, հոգաբարձուների խորհրդում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, որ բյուջեն տարեսկզբին հաստատվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված է, որ 50 միլիոնը գերազանցող գնումների դեպքում խորհուրդը համաձայնություն պետք է տար, ապա և` եթե նոր գնման անհրաժեշտություն առաջանար, խորհուրդը պետք է կրկին համաձայնություն տար:
Հանրային մեղադրողը ճշտող հարց տվեց՝ առանց գնումների պլանում ներառելու՝ հնարավո՞ր է գնում կատարել, ինչին Եգանյանը պատասխանեց` գնումների մասին օրենքը հնարավորություն տալիս է. բացառություններ կան:
Վկայի խոսքով՝ ԵՊԲՀ-ն հանգստյան տներ ունեցել է, բայց շենքային պայմանները լավը չեն եղել, գնում կատարելիս սահմանափակում չկար, շեղումները բյուջեից թույլատրելի էին, բայց Հոգաբարձուների խորհրդի թույլտվությամբ:
Սևանի «Եթեր» հանգստյան գոտու վիճակի մասին հարցին Ռուբեն Եգանյանը պատասխանեց՝ նույնիսկ անունը չգիտեր, միայն լսել է։ Ծովասարում էլ ինքը չի հանգստացել, բայց հետո տեղեկացել է հանգստացողների մասին, որոնցից մեկի մասին կարող է աել, որ գոհ է եղել հանգստից:
Պաշտպաններից հետո հարցեր ուղղեց դատավորը, ապա դատական նիստն ավարտվեց: