Ուզում եք իմ իրավաբանական գիտելիքնե՞րը ստուգել. Արմեն Աշոտյանի գործով վկան՝ դատախազին
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին վկա, ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի վարիչ, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը չէր ներկայացել, և նրա հարցաքննությունը շարունակվեց այսօր: Վերջինս նախ ասաց՝ Ծովասարում հսնգստացել է, հոգաբարձուների խորհրդում սենյակների ձեռքբերման թեմայով քննարկում լսել է, որ ցանկություն կա ձեռք բերել հանգստյան վայր աշխատողների համար, ապա հավելեց՝ այս գործի խնդրո առարկա թեմայով ինքը չի զբաղվել, քանի որ որպես վկա է ներգրավված եղել սրանով:
Մելիք Սողոմոնյանը նաև նկատեց՝ հիմնադրամը չի կարող համարվել պետական մարմին: Հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստերին մասնակցել է, բայց չի հիշում, թե գույքը ձեռք բերելուց հետո Ծովասարում արտագնա նիստի մասնակցած լինի:
Վկան նաև նկատեց՝ թեև նախկինում ԵՊԲՀ-ն ունեցել է հանգստավայր Դիլիջանում, սակայն այնտեղ քոթեջները խոնավ են եղել, ապրելու համար հարմար չեն եղել:
«Տեղյակ եմ՝ դատավարության մասնակիցներն ինչում են մեղադրվում, սակայն իր հետ դրա մանրամասները որևէ մեկն իր նախաձեռնությամբ չի քննարկել»,- ասաց Մելիք Սողոմոնյանը:
Հանրային մեղադրող Նշանյանը Մելիք Սողոմոնյանին հարցրեց՝ ինչո՞ւ է փաստաթղթի համար ընտրվել հուշագիր անվանումը, երբ օրենքն այլ անվանում է նախատեսել: Վկան պատասխանեց՝ կարծում է՝ հուշագրին ավելի ծավալուն փաստաթուղթ պետք է հետևեր:
Հանրային մեղադրողը շարունակեց նմանատիպ հարցեր տալ, ինչին Մելիք Սողոմոնյանը պատասխանեց՝ ուզում եք իմ իրավական գիտելիքնե՞րը ստուգել:
Ի վերջո, հանրային մեղադրողը հակասություն տեսավ Մելիք Սողոմոնյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև ու միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից հատվածներ: Դատավորը որոշեց հրապարակել երկու ցուցմունքն էլ:
Մանրամասները՝ տեսանյութում: