Բաժիններ՝

Լիտվան և Էստոնիան ՆԱՏՕ-ում առաջինն են խոստացել ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին. FT

Լիտվան և Էստոնիան դարձել են ՆԱՏՕ-ի առաջին երկրները, որոնք խոստացել պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան պահանջի ֆոնին։

Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալին։

«Իհարկե, առկա է ճնշում, և դա լավ ու կառուցողական ճնշում է ՆԱՏՕ-ում մեր ռազմավարական և ամենախոշոր դաշնակցի կողմից: Մենք չենք կարող անտեսել այդ ուղերձները։ Բայց դա միակ պատճառը չէ…. Մեզ համար էքզիստենցիալ նշանակություն ունի այստեղ իրական պատերազմական կարողություններ ունենալը», – հայտարարել է Բուդրիսը հրատարակությանը տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ այդ ֆոնին բալթյան երկիրը 2026 թվականից և առնվազն մինչև 2030 թվականը մտադիր է պաշտպանության համար ծախսել ՀՆԱ-ի 5-6%-ը՝ ներկայիս 2,9%-ի փոխարեն։ 

Բուդրիսի տվյալներով՝ Վիլնյուսը պլանավորում է պաշտպանության ծախսերը հոգալ կառավարության փոխառությունների հաշվին։ Նա նաև հույս է հայտնել, որ երկրի տնտեսությունն աջակցություն կստանա «պաշտպանության ոլորտում եվրոպական ֆինանսական մեխանիզմների» միջոցով։ Էստոնիայի կառավարության ղեկավարն իր հերթին հայտնել է, որ Տալլինը նախատեսում է պաշտպանական ծախսերի մակարդակը 3,7%-ից հասցնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ 

«Անվտանգության ոլորտում մեր առանցքային գործընկերը՝ նոր նախագահի ղեկավարությամբ, հստակ ուղերձ է հղել՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը պետք է ավելանան։ Մենք մեր հակառակորդին ճանաչում ենք, և ես լիովին համաձայն եմ. մեր նպատակը պետք է լինի 5%-ը», – մեջբերում է FT-ն նրա խոսքը։

Միխալը հայտնել է, որ Էստոնիան պաշտպանության ծախսերը կհոգա «պետական ​​հատվածի ծախսերի կրճատման հաշվին»։

Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով մեծացնելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս