
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում. Politico

Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Այդ մասին փոխանցել է ամերիկյան հեղինակավոր «Politico» լրատվամիջոցը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին գազի նոր աղբյուրներ փնտրել:
Բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականին Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև լարվածության պատճառով։ Այնուամենայնիվ, Թուրքիան այժմ նպատակ ունի վերսկսել դրանք։
ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչին ասել է, որ էներգետիկ համագործակցությունն առանցքային կետ է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Էներգետիկայից բացի օրակարգում են առեւտրային համաձայնագրերը և համատեղ ջանքերն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
Դեսպանը նշել է, որ Հարավային գազային միջանցքով արդեն մատակարարվում է 18 մլրդ խորանարդ մետր գազ՝ հիմնականում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ընդլայնել այդ երթուղին՝ այն կապելով Միջերկրական ծովի ռեսուրսների հետ։
Քայմաքչին ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասն աջակցում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության զարգացմանը՝ ի տարբերություն Կիպրոսի։
«Թուրքիան արդեն իսկ կարևոր դեր է խաղում ռուսական գազի տարանցման գործում Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» խողովակաշարով»,- շեշտել է աղբյուրը։