ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստի Նոեմին ներքին անվտանգության նախարարի պաշտոնում
Սենատը շաբաթ օրը ձայների 59 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ Հարավային Դակոտայի նախկին նահանգապետ Քրիստի Նոեմին հաստատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնում, հայտնում է CBS News-ը։
Հանրապետականները ստիպել են Սենատին աշխատել շաբաթ օրը՝ Թրամփի թիմի ազգային անվտանգության հարցով վերջին անդամին նշանակելու համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատվել էր ուրբաթ երեկոյան՝ միանալով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին:
Երկուշաբթի երեկոյան Սենատը կանցկացնի իր հաջորդ քվեարկությունը Սքոթ Բեսենթին ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատելու համար:
«Որպես ներքին անվտանգության նախարար, ես կաշխատեմ ամեն օր բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար, – ասել է Նոեմը իր նշանակման մասին հայտարարության մեջ:- Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգների Սենատին իմ հանդեպ վստահության համար։ Միասին մենք կհասնենք նրան, որ Միացյալ Նահանգները կրկին դառնա ազատության, հանգստության և պաշտպանվածության փարոս գալիք սերունդների համար»:
Ավելի ուշ Նոեմը որպես ներքին անվտանգության նախարար երդում է տվել Գերագույն դատարանի դատավոր Քլարենս Թոմասի տանը, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: