100 դրամ՝ «Զանգեզուրի միջանցքի» դիմաց

Պետությունում, որի ողջ տարածքի նկատմամբ հավակնություն է  ներկայացնում նրա դե ֆակտո թշնամի երկիրը, իշխանությունը զբաղված է քաղաքացիներից հնարավորինս շատ փող հավաքագրելով։

Պաշտպանական կարողությունների լուռ գույքագրման փոխարեն, Հայաստանի իշխանությունը հայտարարագրում է քաղաքացիների եկամուտները։ Յուրաքանչյուրը պահանջում է այն, ինչ իրեն պետք է։ Ադրբեջանի ղեկավարին պետք է Հայաստանի փաստացի ոչնչացումը, նա ամենաբարձր մակարդակով խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Հայաստանի ղեկավարին պետք է փող, նա երկրի թիվ մեկ աշխատասենյակից քաղաքացիներին ցույց է տալիս՝ ինչպես պետք է հայտարարագրել եկամուտները։ 

Այս գրոտեսկային իրականության հակասականությունը ոչ միայն Հայաստանի ողբերգականությունն է, այլ նաև այն, որ երկու ցանկություններն էլ կարող են իրականություն դառնալ, որովհետև դրանց մեջ կա օրգանական կապ։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանությունը պահպանել և դեռ շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ կատարում է Ադրբեջանի պահանջները։ Իսկ իշխանությունը Փաշինյանին անհրաժեշտ է սեփական պահանջներն ու ցանկությունները կատարելու նպատակով։ Ավելի պարզ՝ Ադրբեջանի ցանկությունը բավարարելը հանգեցնում է իր ցանկության բավարարմանը՝ Հայաստանի կենսական շահերը զիջելու դիմաց Հայաստանի քաղաքացիներին բոլոր հնարավոր միջոցներով հարկելու հնարավորություն։ 

Կարդացեք նաև

Բայց պարտադիր չէ, որ իրադարձությունները զարգանան հենց այս սխեմայով։ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ ունի նաև «պլան Բ», որը վերջնարդյունքում էլի կարող է ապահովել իր իշխանության համար անհրաժեշտ փողը, սակայն ոչ թե ներքին, այլ արտաքին աղբյուրներից։

Նրա գլխավոր խնդիրն իշխանության պահպանումն է ամեն գնով, և բացառված չէ, որ քաղաքացիներին հարստահարելու վերջին բոլոր նախաձեռնությունները (տրանսպորտի թանկացումից մինչև համընդհանուր հայտարարագրում ու մարդկանց ֆինանսական վիճակը ծանրացնող այլ որոշումներ) ընդամենը խայծ են՝ սպասվող հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ։ 2025 թվականը նախընտրական տարի է՝ բառի բուն իմաստով, եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, և ավելի լայն առումով, եթե ընտրությունները լինեն հերթական՝ 2026 թվականին։

Որևէ իշխանություն, անգամ խելամտության հետ լուրջ կոնֆլիկտ ունեցող փաշինյանական պոպուլիստ իշխանությունն ընտրություններից առաջ հակապոպուլիստական քայլեր չի անում, իսկ մարդկանց գրպանին հարվածող որոշումները հենց այդպիսին են։ Հետևաբար, բացառված չէ, որ քաղաքացիների ֆինանսական վիճակը խիստ ծանրացնող բոլոր այս նախաձեռնությունները և դրանց շուրջ քարոզչական աղմուկը գեներացվում են՝ հանրային դժգոհությունը բարձրակետին հասցնելու ու ճիշտ պահին այդ որոշումները չեղարկելու նպատակադրմամբ։

Փողը գերագույն արժեք ու կյանքի նպատակ դարձրած այս իշխանության հաշվարկը կարող է լինել այն, որ Ադրբեջանին կատարվելիք հերթական զիջումները և սոցիալական խնդիրները կդրվեն նույն նժարի վրա, հասարակությունը կընդվզի իրեն թալանելու որոշումների դեմ, և տեխնոլոգիապես ճիշտ գնահատված պահին Փաշինյանը կհայտարարի բոլոր այդ որոշումների չեղարկման մասին՝ պայմանով, որ քաղաքացիները՝ ողջունելով իրենց ֆինանսական լծից ազատելու քայլը՝ ըմբռնումով կմոտենան Ադրբեջանին կատարվող զիջումներին՝ մոտավորապես «Ալիևի ուզածը տվեց, բայզ զատո տրանսպորտի գինը մնաց 100 դրամ» հիմնավորմամբ։

Արդյունքում՝ կշահեն բոլորը. Ադրբեջանը կստանա իր ուզածը՝ ի դեմս ռազմավարական նշանակության տարածքների/ճանապարհների, Փաշինյանը՝ իր ուզածը՝ ի դեմս դրա արդյունքում պահպանած իշխանության և ենթադրվող արտաքին ֆինանսական աջակցության, քաղաքացիներն էլ կերջանկանան նրանով, որ շարունակելու են 100 դրամ վճարել մի քաղաքում երթևեկելու համար, որը Հայաստանի մայրաքաղաքն է համարվելու պայմանականորեն՝ ինչպես հիմա հայ-ադրբեջանական սահմանը։  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս