Փողը հանձնենք հող հանձնողին
Հայաստանի հանրային-քաղաքական կյանքը տասնամյակներ շարունակ հիմնված է եղել ու է՛ բազմաթիվ միֆերի վրա, որոնք, հօդս ցնդելուց հետո անգամ, շարունակում են տիրապետող մնալ։ Այդ առասպելներից մեկը վերաբերում է հայ հասարակության վարքագծին, պետության համար կենսական հարցերի նկատմամբ հանրային արձագանքի մեխանիզմներին։
Ուղիղ երկու տասնամյակ հայկական քաղաքական իրականությունը կառուցվում էր այն ենթադրության վրա, որ հայ ժողովուրդը ցանկացած իշխանության կարող է ներել ամեն ինչ, բացի Արցախի հարցում որևէ զիջումից։ Այդ ժամանակահատվածում ներքին ու նաև արտաքին քաղաքականության մոդելավորման հիմքում ընկած էր «հող հանձնողին հանձնենք հողին» բանաձևը, որը, ինչպես պարզվեց 2020-ից հետո, կատարյալ միֆ էր․ հասարակությունը հողին հանձնեց իր հազարավոր զավակներին, բայց ոչ միայն որևէ գործուն քայլ չարեց իրական հող հանձնողներին գոնե արդարադատությանը հանձնելու համար, այլև նրանց վերահանձնեց իշխանությունը։
Այդ միֆի ջախջախումից հետո հանրային տրամադրությունների գնահատականներում գերիշխող դարձավ կարծիքը, թե քանի որ հասարակության համար, նաև իշխանությունների քարոզչության ու մանիպուլյացիաների արդյունքում հիմնական արժեքը դարձել է փողը, մարդիկ փողոց դուրս կգան, կընդվզեն իշխանության կամայականությունների դեմ միայն այն դեպքում, երբ վերջինս դիպչի նրանց գրպանին։
Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ հանրությանը տված այս գնահատականը ևս միֆ դառնալու իրական շանսեր ունի։ Արդեն մի քանի տարի է՝ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով, բառի բուն իմաստով, ԹԱԼԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ։
Երևանում կայանատեղիների վճարը մեկ որոշմամբ բարձրացվեց մոտ 13 անգամ՝ 12 հազարից դառնալով 160 հազար դրամ, անցած տարվանից հարկային դաշտ են բերվել մի շարք ծառայություններ, անշարժ գույքի գույքահարկն արդեն այս տարվանից բարձրացել է կրկնակի անգամ, տրանսպորտի ուղեվարձը փետրվարի 1-ից կրկին եռապատկվելու է, իսկ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիների կյանքը վերածելու է իսկական ֆինանսական ու բյուրոկրատական դժոխքի։
Իշխանությունները, այսպիսով, անում են ամեն ինչ քաղաքացիներին ուղղակի հարստահարելու, ամենատարբեր անվանումներով մարդկանցից հնարավորինս շատ փող կորզելու համար։ Այս համապատկերում, սակայն, հանրությունն ընդհանուր առմամբ անդրդվելի է։ Չհաշված բողոքի տեղային ակցիաներն ու սոցցանցային դժգոհությունները, համահասարակական, համապետական մասշտաբով ընդվզում, դժգոհություն գոնե մինչ այս պահը չկա։ Իհարկե, կարելի է և արդարացված է այս հարցում մեղադրել առաջին հերթին ընդդիմությանը, որը լավ չի կազմակերպում հանրային ընդվզումը։ Մյուս կողմից, սակայն, եթե հասարակությունն իրականում ներքին որոշում կայացնի ընդդիմանալ իշխանությունների այս այլանդակ հարստահարմանը, բողոքի արտահայտման ձևաչափերը կարող են ի հայտ գալ անգամ ինքնըստինքյան։
Այդ որոշման բացակայությունն է, որ կարող է վկայել մեր հանրության ներքին դիմադրողականության իսպառ ոչնչացման մասին։ Եվ խնդիրը հասարակությանը մեղադրելը չէ։ Արտաքին դիմադրողականությունից զրկված պետության հասարակությունը գուցե օբյեկտիվորեն պետք է զրկվեր նաև ներքին իմունիտետից։ Սուբյեկտայնություն չունեցող երկրի քաղաքացիներն իշխանության սուբյեկտից անխուսափելիորեն վերածվում են օբյեկտի՝ իշխանության կամայականությունների օբյեկտի։
Եվ լայն իմաստով իշխանության հարստահարման արդյունքում նրան վճարած ամենատարբեր հարկերի ու տուրքերի տեսքով վճարում են պետությունը «լավ ապրելու տարածքի» վերածելու իրենց թողտվության համար՝ հընթացս զրոյացնելով հերթական միֆն այն մասին, որ հայրենիքի հանձնումը հանդուրժած ժողովուրդը չի հանդուրժելու սեփական գրպանի կողոպուտը։
Հարություն Ավետիսյան