Ի՞նչ է աղոթքը` խնդրա՞նք, ակնկալի՞ք, խոստովանությո՞ւն, հոգևոր հանգստությո՞ւն
Ի՞նչ է աղոթքը` խնդրա՞նք, ակնկալի՞ք, խոստովանությո՞ւն, հոգևոր հանգստությո՞ւն: Ի՞նչ է նշանակում «աղոթք» բառը:
Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» բառերի հիանալի ստուգաբանություններ է ներկայացնում, որոնց թվում և բացատրում է «աղոթք» բառի ծագումը` ի մի համախմբելով այդ մասին եղած բացատրությունները:
Նախ Սուրբ Գրիգոր Տաթևացին «աղոթք» բառն այս կերպ է մեկնաբանում: «Աղոթք» նշանակում է «թող արարէք մեղաց ձերոց ամենայն ժամ» կամ «յաղթութիւն արարէք ի վերայ դիւաց» և կամ «ախ և օթ արարէք», այսինքն` ախին` տրտմությանը օթևան արեք ձեզ, ինչը նշանակում է` զղջացեք մեղքերի համար: Տաթևացին «աղոթք» բառն ստուգաբանում է նաև «աղ» բառի հետ առնչելով, ասելով, որ ինչպես աղն ամեն ինչի խառնվում է և համի բերում, այսպես էլ աղոթքն ամեն բարի գործերի խառնվում է և քաղցր ու ընդունելի դարձնում Աստծո համար:
Ավելի գիտական ստուգաբանությամբ «աղոթք» բառն առնչվում է «աղաչել» բառի հետ, որը խնդրել, աղերսել է նշանակում, այսինքն` խնդրելու ավելի շեշտված ձևն է ներկայացնում: Այստեղ բուն արմատը «աղ»-ն է կամ «աղա», որը «չ» հոդակապով «աղաչել» բայի պարագայում կապվում է բայական վերջավորության հետ, ինչպես օրինակ` ճանաչել, ամաչել, փախչել: «Աղոթք» բառի մեջ բուն «աղ», «աղա» արմատը «չ» հոդակապով կապվում է «օթ» մասնիկի հետ, ինչպես ճանաչել-ծանօթ (դասական ուղղագրությամբ), ամաչել-ամօթ, այսպես և` աղաչել-աղօթ, իսկ «ք» մասնիկը հոգնակիության նշան է գրաբարում, ինչն աղոթքով բազմակի կամ հույժ ցանկությունների ակնարկն է կատարում:
Այլ լեզուներում «աղոթք» բառն անմիջականորեն նշանակում է խնդրել, աղաչել: Օրինակ`անգլ. – pray- նշանակում է աղոթք, նաև` խնդրել, աղաչել; ֆր.- priere-prier-աղաչել, իտ. preghiera – pregare – «աղաչել» բառից, նույն կերպ` ռուս. Молитва – молить – աղաչել: Հետևաբար, աղոթքը խնդրանք, ցանկություն է, որն ուղղված է Աստծուն: Սակայն աղոթքը միայն ցանկությունից չէ, որ բաղկանում է, այլ լինում է նաև փառաբանական, գոհաբանական, որովհետև, ըստ էության, աղոթքը զրույց է Աստծո հետ, և այդ հաղորդակցության մեջ բացի ցանկություններից լինում են նաև Աստծուն ուղղված երախտագիտության, գոհաբանության, փառաբանության արտահայտություններ` Երկնավոր Տիրոջ կողմից մարդու համար կատարած բարիքների համար:
Կա՞ հատուկ աղոթքի բանաձև: Ինչպե՞ս աղոթել:
Այսպիսի հարց նաև առաքյալները տվեցին Քրիստոսին և խնդրեցին. «Տե՛ր, մեզ աղոթել սովորեցրո՛ւ» (Ղուկ. 11.1): Եվ Քրիստոս նրանց սովորեցրեց Տերունական աղոթքը, կամ այլ կերպ ասած` «Հայր մեր» աղոթքը: Բայց քանի որ աղոթքը հոգևոր կապ ու հաղորդակցում է Աստծո հետ, ապա միայն Տիրոջ սովորացրած աղոթքը չէ, որ կարող ենք ասել: Աղոթքը կարող ենք բաժանել ընդհանրական, առանձնական, կանոնական տեսակների:
Ընդհանրական աղոթքը հիմնականում արվում է եկեղեցիներում, երբ ժամերգությունների ժամանակ հավատացյալները համախմբված աղոթում են: Սակայն ընդհանրական աղոթքը ենթադրում է նույն աղոթքի կամ նույն մտադրությունների համար աղոթքի կատարումը, որը հիմնականում լինում է ժամերգությունների ժամանակ, երբ արարողության ընթացքում աղոթասաց եկեղեցականը հատուկ կարգված աղոթքներն է ընթերցում, և մյուսները, լսելով աղոթքը, իրենց ներքին խնդրանքով միանում են այդ աղոթքին: Ժամերգությունների աղոթքներն ավելի ընդհանրական բնույթ ունեն` խնդրում են, որ Աստված ների մեր մեղքերը, իր ողորմություններին արժանացնի, նեղյալներին, հիվանդներին օգնի, ննջեցյալների հոգիներին հանգստություն պարգևի, աշխահին խաղաղություն շնորհի:
Առանձնական աղոթքով մարդն իր անձնական խնդրանքներն է ներկայացնում Աստծուն` խոսելով Աստծո հետ` որպես սիրող Հոր հետ: Անձնական աղոթք կարելի է անել եկեղեցում, ինչպես և ամեն պատշաճ վայրում, որովհետև Ամենակարող Աստված մարդկանց լսում է ամենուր:
«Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6.6),- ասվում է Ավետարանում: Այս խոսքերին անդրադարձ կա նաև պատարագամատույցում: Աղոթքի վերաբերյալ այս ուսուցումը, սակայն, փոխաբերաբար նշանակում է ներամփոփվել, ամենայն ուշադրությամբ աղոթել և այս իմաստով է այն բարձրաձայնվում պատարագի արարողության ժամանակ: Պետք է նկատի ունենալ, որ աղոթքը միշտ առավել արդյունավետ է լինում եկեղեցում, որովհետև եկեղեցու մթնոլորտը, հավերժության խորհրդանշանները, սրբապատկերները և այլն մարդկանց միտքը զգաստ են պահում և սևեռում հավիտենական իրողությունների վրա: Նաև Աստծուն նվիրված տաճարի մասին Հին Կտակարանում ասվում է, որ Աստված լսելու է բոլոր նրանց, ովքեր տաճարի ներսում աղոթքի կկանգնեն (Գ Թագ. 8.26-45):
Կանոնական աղոթքներն աղոթագրքերում զետեղված աղոթքներն են կամ` տարբեր սրբերի, եկեղեցական հեղինակների աղոթքները, որոնք արտահայտում են մարդկային տարբեր հոգեվիճակներ և առանձնական աղոթքի ժամանակ օգնում են իր սեփական աղոթքի բառերը դժվարությամբ գտնող մարդկանց աղոթել և կամ առավել լավ բառապաշարով ու հոգևոր տրամադրվածությամբ աղոթել: Այսպես են նաև Աստվածաշնչի սաղմոսները, որոնք առ Աստված ուղղված աղոթքներ են: Աղոթելու դժվար տրամադրվող մարդկանց սաղմոսասացությունն օգնում է խնդրանքները կամ գոհաբանությունը ներկայացնել Աստծուն, ինչպես և աղոթքի հակվածություն և տրամադրվածություն ու ներշնչանք ունենալ:
Աստվածաշնչում ասվում է, որ արդարի աղոթքը շատ զորավոր է: Ո՞վ է արդարը:
Այդ խոսքերն ասում է Հակոբոս առաքյալը, երբ խոսում է մեղքերի խոստովանության, բժշկության մասին` նշելով, որ արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է (Հակ. 5.16): Սակայն արդար լինելու մասին Պողոս առաքյալը hռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի» (3.10): Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում խոսում է նաև հոգեպես կատարյալների մասին (2.6): Ուրեմն, պետք է արդար հասկացության մի քանի տեսակներ առանձնացնենք` բացարձակապես արդարություն, որ հատուկ է Աստծուն և համեմատական արդարություն, որ հատուկ է մարդուն:
«Ոչ ոք արդար չէ» խոսքը վերաբերում է համեմատական արդարությանը, որովհետև Աստծո բացարձակ արդարության համեմատ ոչ ոք արդար չէ, բացի դրանից դա ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը: Մարդը մեղանչական է իր անկյալ բնությամբ, և կյանքում մեղքեր է գործում, որով և մարդը չի կարող բացարձակ արդար լինել, բայց սրբվում և արդարանում է, երբ Աստված մաքրում, ներում, քավում է մարդու մեղքերը, Իր արդարությունից փոխանցում մարդուն: Այս իմաստով կարող ենք իրապես ասել, որ ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի:
Պողոս առաքյալի նշած` հավատքով կատարյալներն արդեն այն մարդիկ են, ովքեր, մեղքերի համար զղջալով, հավատքի, հոգևոր ապրումների մեջ առաջանալով, հասել են հոգևոր առումով որևէ առաջընթացի: Առաքյալի մտածելակերպի մեջ մենք տեսնում ենք, որ նա հավատացյալներին երկու խմբի է բաժանում` սկսնակ հավատացյալներ, որոնց կոչում է մանուկներ, համեմատում երեխաների հետ և նրանց պարզ ձևով բացատրում հոգևոր իրողությունները, ինչպես որ մանուկներին կաթ են տալիս և ոչ պինդ կերակուր (Ա Կորնթ. 3.2): Եվ նշում է հոգեպես կատարյալներին, հասունացածներին (Ա Կորնթ. 2.6), որոնք մանուկների համեմատությամբ արդեն հոգևոր խորը ապրումներ ունեցող, հոգևոր փորձառությամբ մարդիկ են: Հակոբոս առաքյալը հենց այսպիսիներին նկատի ունի, երբ ասում է, որ արդարի աղոթքը զորավոր է և կարող է օգնել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդպիսի աղոթքը կարիքն ունի այն մարդու գործակցության, ում համար աղոթում են, որպեսզի այդ մարդը նաև իր կամքով չշարունակի մնալ մեղքերի մեջ և ապրի աստվածահաճո կերպով:
«Աղոթքը լսելի դարձնել Աստծուն». ո՞րն է լսելիության չափանիշը:
Ստեփանոս Սյունեցին, Ավետարանի մեկնության մեջ բա\ցատրելով Քրիստոսի խոսքերը` «խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7.7, Ղուկ. 11.9), ասում է. «Խնդրեցե՛ք այն փնտրելին, որը ձեզ պետք է գտնել»: Այսինքն` պետք է արժանավոր, աստվածահաճո բաներ խնդրենք: Եվ Աստծուց արժանավայել բաների խնդրանքի մասին ենք փոխաբերական ձևով ասում, թե այդպիսի աղոթքը լսելի է Աստծուն, այն իմաստով, որ հաճելի է Նրան: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է միայն երկնավոր բաներ խնդրենք, հավիտենական իրողությունների մասին միայն խորհենք, այլ կարելի է և հարկ է, որ նաև այս աշխարհում մեր ապրելու համար անհրաժեշտ բաներ խնդրենք, բայց չափից շատ չհասարակացնելով Աստծո հետ մեր խոսակցությունը, այն չվերածելով առևտրի, ցանկալի ապրանքն ստանալու սակարկության: Այլ նույնիսկ երկրավոր բաները, որոնք խիստ անհրաժեշտ են, պատշաճությամբ պետք է խնդրենք, և Աստված կլսի մեր խնդրանքները և համապատասխան ժամանակին կտա այն, ինչն օգտակար է մեզ:
Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Մինչև քեզ վրա նեղություն գալն աղոթիր Աստծուն և դժբախտության ժամանակ կգտնես Նրան, և Նա քեզ կլսի»: Ինչո՞ւ նեղությունից ազատվելու համար աղոթել մինչև նեղ իրավիճակում հայտնվելը: Իսկ եթե ես անմեղ եմ, և ինձ հետ դժբախտություն է պատահել:
Եկեղեցական հայրերն ուսուցանել են, որ մարդ միայն նեղության ժամանակ չպետք է աղոթի Աստծուն, այսինքն` միայն նեղության ժամանակ չէ, որ պետք է Աստծո հետ հաղորդակցվել, այլ միշտ, որովհետև Աստված մեր երկնավոր Հայրն է և ոչ թե մի միջոց, որով մենք ուզում ենք մեր ցանկությունները բավարարել կամ դժվարին իրավիճակները թեթևացնել: Սա նշանակում է, որ Աստծո հետ կենդանի և սիրառատ հաղորդակցություն է պետք շահադիտական գործողությունների փոխարեն: Մարդու համար սխալ է ասելը, թե ես անմեղ եմ, և ինձ դժբախտություն է պատահել: Մարդը մեղքեր է գործում կյանքի ընթացքում մտքով, խոսքով կամ գործով: Հետևաբար, մարդ չի կարող ասել իր մասին, թե` ես սուրբ եմ և մեղք չեմ գործել: Անգամ սուրբ Գրիգոր Նարեկացին երբեք չի խոսում իր սրբության մասին, այլ իր մեղավորության, և իր «Մատյան ողբերգության» ողջ շարադրանքի մեջ մեղքերի թվարկումով Աստծո ներումն ու ողորմությունը խնդրում:
Երբեմն մարդը կարող է մտածել, որ որևէ նեղության մեջ ընկնելը համարժեք չէ իր կերպարին, քանի որ դա անարդար է իր հանդեպ: Սուրբ Եփրեմ Ասորին ուսուցանում է, որ ամեն ինչում, անգամ անարդար թվացող նեղության, պատժի մեջ կա Աստծո նախախնամությունը և խրատական գործողությունը:
Նա իր օրինակով է բացատրում: Երբ մի մարդու ունեցվածքի` կենդանիների առնչությամբ սադրանք կազմակերպելու անհիմն մեղադրանքներով բանտ է ընկնում, այստեղ հայտնություն է լինում նրան, որ նախկինում գործած մի այլ մեղքի` մի աղքատի կովին հալածելու և մահվան հասցնելու, այդ մարդուն ունեցվածքից զրկելու համար է պատժվելով խրատվում: Սա նշանակում է, որ նեղության մեջ չպետք է տրտնջանք, այլ Աստծո օգնությունը խնդրենք, Աստծո ներումը հայցենք, քանզի այդ ժամանակ, ըստ Պողոս առաքյալի` Աստված փորձության հետ նաև ելք պիտի ցույց տա (Ա Կորնթ. 10.13):
Աղոթքի անպատասխան լինելու մասին. ինչո՞ւ են աղոթքները երբեմն անպատասխան մնում:
«Անպատասխան աղոթք» արտահայտությամբ նկատի ունենք, որ Աստծուն ուղղված որոշ խնդրանքներ չեն իրականացել: Աստված միշտ չէ, որ անմիջապես արձագանքնում է աղոթքներին, խնդրանքներն իրականություն դարձնում: Պատճառները մի քանիսն են. խնդրվածները արժանավոր բաներ չեն, կամ դեռ բարենպաստ ժամանակը չի եկել այդ խնդրանքների իրականացման համար, կամ դեռ չենք հասել այն բարձրության, որով հնարավոր կլիներ ընդունել խնդրանքների պատասխանները, և կամ էլ մեր խնդրանքների իրականացումը կարող է մեզ վնասել, և դրա համար է, որ Աստված անպատասխան է թողնում այդ աղոթքները: Այնուամենայնիվ, եթե աստվածահաճո բաներ ենք խնդրում, պետք է խնդրենք Աստծո հանդեպ պատշաճ վերաբերմունքով, Աստծուն պարզ միջոց չնկատելով մեր խնդրանքների իրականացման համար, այլ Նրան վերաբերվելով որպես սիրող Հոր: Երբ մեր լավ ու առաքինի խնդրանքներով մեր աղոթքներն անպատասխան են մնում, ապա պետք է շարունակել աղոթելը:
Դա է մեզ սովորեցնում անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը (Ղուկ. 18.1-8), ինչպես նաև քանանացի կնոջ մասին ավետարանական պատմությունը (Մատթ. 15.21-28): Քրիստոս չէր կատարում կնոջ խնդրանքը` դստերը բուժելու, բայց կինն այնքան աղաչեց, որ պատասխան ստացավ և գովեստի արժանացավ Քրիստոսի կողմից: Քրիստոս ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի` ինչպես որ կամենում ես»:
Ինչո՞ւ պետք է աղոթենք, եթե Աստված ամեն ինչ գիտի, նույնիսկ այն, ինչ պետք է ասենք աղոթքի պահին:
Ժամագրքի աղոթքներից մեկում դրա մասին ասվում է. «Գիտես զպետս մեր և զկարիս առաւել, քան զոր խնդրեմք և իմանամք»: Այսինքն` Աստված մեր պետքերն ու կարիքները մեր խնդրածից և իմացածից ավելին գիտե: Սակայն մեզ համար բավական չէ միայն Աստծո իմացությունը, այլ հավատացյալի գործողությունը ևս անհրաժեշտ է: Այսպես նաև, երբ մի բան են տալիս, մյուսը պետք է ձեռք մեկնի ու վերցնի, և կամ հաճախ ձեռք են մեկնում ու խնդրում, և դիմացինը տալիս է խնդրածը: Այսպես է նաև աղոթքը, որը կարգվել է Աստծո հետ կենդանի հարաբերություններ, հաղորդակցություն պահպանելու, հոգևոր զգացումները զարգացնելու համար, ինչն այլ կերպ չի լինում, քան միայն Աստծո հետ կենդանի շփման ու հաղորդակցության մեջ: Նաև աղոթում ենք, որպեսզի իմանանք, որ Աստծո շնորհներով, պարգևներով ենք կյանքում բարիքներ ստանում: Աղոթքը մեզ մոտեցնում է Աստծուն, հոգևոր ոլորտ վեր հանում, հոգևոր փորձառություն տալիս, ներքին բերկրանքի կամ մխիթարության զգացումներ բերում, աղոթական ապրումներում մեզ միացնում Աստծո հետ, ինչպես սիրող հայրն ու որդին են գրկախառնվում և ջերմորեն զրուցում:
Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում: Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև:
Ո՞րն է Տերունական աղոթքի խորհուրդը:
«Հայր մեր» աղոթքը կոչվում է Տերունական, որովհետև Հիսուս Քրիստոս` մեր Տերն է այն սովորեցրել: Տերունական աղոթքը ցույց է տալիս ընդհանրապես աղոթքների բովանդակության ճիշտ կարգավորվածությունը: Այստեղ սկզբում խնդրվում է Աստծո կամքի իրագործումը, Աստծո թագավորության գալուստը, այնուհետ անցում է կատարվում երկրային, նյութական իրողություններին` ինչպես հանապազօրյա հացի, մեղքերի ներման, փորձություններից հեռու մնալու խնդրանքները: Այս աղոթքը ցույց է տալիս, թե որոնք պիտի լինեն հավատացյալի կյանքում նրա մտահոգությունների առաջնահերթությունները:
Քրիստոս նաև սովորեցնում է` ասելով. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33): Այսինքն` նյութականի մասին մտորումը, նյութականի փնտրտուքը չմերժելով` Քրիստոս իր ուսուցումներով, նաև Տերունական աղոթքով սովորեցնում է նախ և առաջ նախանձախնդիր լինել հոգևոր, վեհ արժեքների, և միայն հետո մտահոգվել նյութական իրողությունների համար: Հետևաբար, Քրիստոս տալիս է արժեհամակարգի կատարյալ օրինակ, դասավորվածություն, և այդ արժեհամակարգի խախտումը, որը ցավոք տեղ ունի նաև մեր հասարակության մեջ, բերում է մարդկային կյանքի, Աստծո հետ հարաբերությունների ու ներդաշնակության խանգարման: Մինչդեռ ավելի վեհ արժեքները նյութականին չզոհելը, չստորադասելն արդյունավորվում է կյանքի ծաղկումով ու առաջընթացով:
Տեր Ադամ քհն. Մակարյան