Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում: Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև:
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր: