«Փաշինյանը կապի մեջ է Էրդողանի ու Ալիևի հետ, կարող էր գերիների հարցը լուծել, եթե մի քիչ ցանկություն ունենար. այդ մարդկանց հայրենիք վերադառնալուց սարսափում է». Մեխակ Մխիթարյան
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական նիստը, որը լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ներկայացնելով՝ որպես «ահաբեկիչներ»։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը հետևել է այդ «դատավարությանը», տեսել է Բաքվի դատարանից տարածված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները և ցավում է նրանց հայրենիք վերադարձնելու համար: ՀՀ իշխանությունը 1,5 տարվա ընթացքում այդպես էլ որևէ քայլ չձեռնարկեց ու նպատակ էլ չունի ձեռնարկելու։
«Սա մեր ժողովրդի ինքնասիրության, թասիբի ու նամուսի խնդիրն է։ Այս իշխանությունների անհաղորդ կեցվածքը պատանդների, գերիների և անհետ կորած մեր տղաների ճակատագրի վերաբերյալ՝ ուղղակի ինձ ապշեցնում է։ Ես բառեր չեմ գտնում նկարագրելու այն վերաբերմունքը, որը ես տածում եմ այս իշխանությունների հանդեպ հենց միայն այդ ասպեկտում։
Հասկանո՞ւմ եք՝ մեր արժանապատվությունն է դատվում Բաքվի դատարանում, իսկ այս իշխանություններն այստեղ նստած հրճվանք են ապրում, ոգեշնչվում են, ոգևորվում են։ Նայում եմ, թե համացանցում ինչ է կատարվում, ինչ կարծիքներ են արտահայտում, զարմանում եմ նաև այդ մարդկանց վրա, բայց ամեն ինչ գալիս է այս իշխանությունների կեցվածքից։
Որպես հայ մարդ՝ տեղի ունեցողը համարում եմ մեր ազգային ողբերգությունը, նսեմացած եմ ինձ զգում, որ չեմ կարողանում այդ խնդիրը լուծել։
Գնալով համոզվում եմ, որ այս խնդիրը լուծելու համար պետք է բախենք միջազգային կառույցների դռները, այս իշխանությունների վրա հույս դնել չի կարելի։ Փաշինյանը կապի մեջ է Էրդողանի ու Ալիևի հետ, կարող էր այս հարցը լուծել, եթե մի քիչ ցանկություն ունենար։ Հավանաբար այդ մարդկանց հայրենիք վերադառնալուց սարսափում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Մխիթարյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ մինչև 2026 թվականի ընտրություններն իշխանություններն իրենց ներկայիս վերաբերմունքը չեն փոխելու խնդրի վերաբերյալ, ընտրություններից հետո էլ, եթե հաջողվեց կրկին ընտրվել, հարց է՝ կփոխե՞ն իրենց վերաբերմունքը, թե՞ ոչ։
Մեխակ Մխիթարյանը նաև կասկած չունի, որ եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դատապարտվեցին Բաքվում, հաջորդն Ալիևը պահանջելու է հանձնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել Արցախի անկախության ակունքներում։
«Մեր երկրի վարչապետ կոչեցյալն այս հարցը չի լուծելու, իսկ սա մի հարց է, որն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր ընտանիքի, որովհետև 1988 թվականից սկսած բոլոր ընտանիքներն էլ այս կամ այն կերպ առնչվել են Արցախին։
Օրերս ՄԱԿ գրասենյակի ու Կառավարության շենքի մոտ մասնակցում էի գերիների վերադարձի հարցով ակցիաներին, գոհացուցիչ չէ մարդկանց քանակը, որոնք ներկա էին ակցիաներին։ Սա մեր ժողովրդի 0,01 տոկոսը չի կազմում, այսինքն՝ մարդիկ չպետք է այս հարցի շուրջ ցուցաբերեն նման անտարբերություն, ապշում եմ՝ այս ինչ դարձավ մեր ժողովուրդը, ինչպես այս իշխանություններին հաջողվեց նման անտարբերություն սերմանել ազգի մեջ»,- շեշտեց Մ. Մխիթարյանը։
ԳԽ նախկին պատգամավորի խոսքով՝ ապագան երիտասարդությանն է, երիտասարդներն այսօր չպետք է անտարբեր լինեն ազգային խնդիրների նկատմամբ, ավագ սերնդի առաջնորդությամբ, նրանք պետք է վերականգնեն հայ ազգի արժանապատվությունը։
«Ուսանողությունը, երիտասարդությունը պետք է ոտքի կանգնի, չպետք է այս իրավիճակին հարմարվող լինի։ Նրանց առաջնորդությունը պետք է ստանձնեն անհատները, այսօրվա 30 տարեկան երիտասարդները չեն տեսել այն դառնությունը, որը մենք կրել ենք 1988 թվականից սկսած։ Երիտասարդությունը պետք է սկզբունքային լինի, ազգային գաղափարախոսությամբ տոգորված։
Ըստ իս, որևէ շարժում չի կարող հաջողության հասնել, քանի դեռ մեր երիտասարդությունն այդ շարժմանը չի միացել ու իր խոսքն ասել, լոկոմոտիվը պետք է երիտասարդությունը դառնա»,- հավելեց նա։
Նա նաև ընդգծեց՝ յուրաքանչյուր շարժման մեջ առնվազն 10.000 հոգին պետք է լինի երիտասարդությունը, այդ դեպքում հնարավոր կլինի ազատվել օրվա իշխանություններից ու լուծել ազգային հարցերը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, մեկ տարուց ավելի է՝ գտնվում է ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխել են Բաքու, բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ առաջադրել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։