Բաժիններ՝

Սալմոնելոզ․ Ինչպես է փոխանցվում

Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները:

Հատկապես վտանգավոր են այն վարակվածները, ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում:

Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։

Հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, երշիկեղենում, ձվի մեջ և սառեցված մսեղենում։

Սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ շարունակ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։

Վարակը կարող է փոխանցվել նաև խոհանոցային սպասքի, դռան բռնակի և այլ պարագաների միջոցով։

Հիվանդության թաքնված շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։

Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել վարակի ձեռքբերման առաջին իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։

Որպես կանոն ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:

Սալմոնելոզով վարակվելու ռիսկը մեղմացնելու համար ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս հետևել կանխարգելման կանոններին.

Օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու։

Նախընտրելի է ձեռք բերել գործարանային փաթեթավորված մթերքներ, որոնք ենթարկված են համապատասխան ստուգումների։

Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր անհրաժեշտ է լվանալ առատ և հոսող ջրով։

Սառնարանում հում սննդամթերքը առանձնացնել եփածից։

Խմել միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել միայն եռացնելուց հետո։

Չլողալ կասկածելի ջրամբարներում։

Մշտապես լվալ ձեռքերը՝ հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո։

Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:

Դիմել համապատասխան բժշկի օգնությանն ու հետևել բոլոր ցուցումներին։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս