
ԱՄՆ հեռացող պաշտոնյա Բլինքենի հայտարարությունները

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը որոշ հայտարարություններ արեց:
«Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար։ Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ աշխատանքը»,-հայտարարեց Էնթոնի Բլինքենը:
Նա նշեց, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի համատեղ զորավարժությունների շրջանակում համագործակցությունը:
«Կարճ ժամանակահատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով»,-ասաց ԱՄՆ պետքարտուղարը, որը գրեթե մեկ շաբաթ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին` հունվարի 20-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո:
Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություն է տալիս՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:
Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է.
«Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:
Պետքարտուղարը գոհունակությամբ շեշտեց նաև, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի այս հանձնառությունը»,-ասաց Բլինքենը: