Հօգուտ տնտեսվարողի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ բիզնեսը պետք է թողնես շնչի, չարտագաղթի երկրից․ տնտեսագետ

Այս տարվանից Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կավելանա․ շրջանառության հարկը 5-ից կբարձրանա մոտ 10 տոկոսի։ Հարկման այս տիրույթում աշխատող տնտեսվարողները գոհ չեն նորամուծությունից, փոխարենը, Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ լավ բան են անում։

«Մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը: Ինչքան էլ տհաճ է հնչում, բայց շրջանառության հարկն ու շրջանառության հարկի համակարգն ապապետական հարկային համակարգ է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ առիթով էլ վերահաստատել էր՝ շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, ինչպես նաև հնարավորություն՝ փոքր բիզնեսի համար։

Իսկ 2025 թվականին միայն շրջանառության հարկին առնչվող փոփոխությունը չէ, որ առնչվելու է քաղաքացու գրպանին․ աղբահանության վարձավճարը կբարձրանա, «կարմիր կետագծերի» բարձրացված դրույքաչափը դեռ կշարունակի պահպանվել, տրանսպորտի ուղեվարձը կթանկանա, կշարունակի թանկանալ գույքահարկը և այլն։
Ըստ տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի՝ հարկային, տուրքային այս քաղաքականությունը բյուջեն լցնելու համար է արվում։

Կարդացեք նաև

«Գոյություն ունեն անարդյունավետ ծախսեր, բյուջեի միջոցների փոշիացում, և, բնականաբար, մի աղբյուրով դա պետք է համալրվի։ Սա վատ հետևանքների է բերելու,- 168․am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով հատկապես շրջանառության հարկին առնչվող փոփոխություններին՝ շեշտեց՝ պնդումները, թե փոփոխությունները հօգուտ տնտեսվարողի են, պարզ մանիպուլյացիա է, որովհետև առանձին ոլորտներ կան՝ ինչպես ծառայությունների ոլորտը, որտեղ ծախսերը հաստատուն են։

«Այսինքն՝ ծախս չի արվում, որ այդ ծախսը նվազեցնելով՝ մարդն ավելի քիչ հարկ վճարի։ Բացի այդ՝ սահմանված է նվազագույն շեմ․ օրինակ, ծառայությունների ոլորտում կա մինիմալ շեմ՝ 3,2 տոկոս, որ դրանից ներքև տնտեսվարողն իրավունք չունի վճարելու, և կա սահմանված վերին շեմ։

Այսինքն՝ այդ վերին շեմի և ներքին շեմի տարբերության չափով նվազեցում է կատարվում, ու մենք հաշվարկներ ունենք արված, ըստ որոնց՝ բացարձակ թվով կոնկրետ ծառայությունների ոլորտում մոտ 1,8-2 անգամ ավելանում են հարկերը։ Այսինքն՝ այդտեղ հօգուտ տնտեսվարողի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Շրջանառության հարկն ընդամենը սոցիալական խնդիր է լուծում։ Ընդհանուր բյուջեի հավաքագրված եկամուտների մեջ դա կազմում է 1 տոկոս։ Այդ մանր բիզնեսը պետք է թողնես շնչի, չարտագաղթի երկրից, չփակի այդ բիզնեսը, նպատակը դա է։ Ֆիսկալ նպատակ չպետք է հետապնդես»,- ասաց Հայկ Ֆարմանյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ խնդրահարույց է նաև եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, գույքահարկի բարձրացումը։

«Որ ամբողջովին ներդրվի, քաոս է առաջանալու․ մարդկանց բանկային հաշիվներին հասանելիություն են ուզում ունենալ հարկային մարմինները, ինչն ամեն վայրկյան մահակի նման բարձրացվելու է, ու ցանկացած ֆիզանձի կարող են ասել՝ այսքան հարկ պետք է բերես-վճարես։ Գույքահարկն ամբողջ ծավալով շուտով կմտնի ուժի մեջ։ Այս անվտանգային խնդիրների հետ միասին՝ սա լավ հետևանքների չի բերելու»,- ամփոփեց Հայկ Ֆարմանյանը։

Տեսանյութեր

Լրահոս