«Ինչպե՞ս կհնչեր այս երգը հայերեն․․․»․ ո՞վ է սոցիալական հարթակներում համաշխարհային հիթերը հայաֆիկացնող տղան
«Կրակը հանդարտ մարում է, իմ սիրտը քեզ համար զարկում է, խավար գիշերվա մթում թող գա ձյուն, թող գա ձյուն, թող գա ձյուն․․․»,- սա Սուրբ ծննդյան տոնին նվիրված անգլերեն ամենահայտնի «Let It Snow! Let It Snow! Let It Snow!» երգի հայերեն տարբերակից մի հատված է։
Այս ու այլ համաշխարհային հիթերի հայերեն թարգմանությունների նախաձեռնողը, կատարողը, նաև թարգմանողը մասնագիտությամբ տնտեսագետ Սասուն Սահակյանն է։ Նա արտասահմանյան հիթերի հայերեն cover տարբերակների կատարումներով արդեն տասնյակ-հազարավոր հետևորդներով լսարաններ ունի սոցիալական տարբեր հարթակներում։
168․am-ի հետ զրույցում Սասուն Սահակյանը նշեց, որ նմանատիպ ֆորմատը շատ տարածում չունի հայկական սոցիալական դաշտում, ու հենց այդ պատճառով է անցել համաշխարհային հիթերի «հայաֆիկացման» գործին։
«Հիմնականում թարգմանում ու երգում եմ այն երգերը, որոնք, այսպես ասած, իմ ճաշակով են, ուստի հայաֆիկացնելու առաջին իսկ գաղափարը հենց եղել է իմ ճաշակով համաշխարհային հիթերը երգելը, բայց հայերենով։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ բառերը գրելու գործընթացն ինձ շատ է դուր գալիս, հատկապես, երբ կարողանում եմ և՛ բնօրինակ տեքստի իմաստը պահել, և՛ հանգավորված ու երգեցիկ տեքս ստանալ,- մեզ հետ զրույցում նշեց երգիչը, ապա հավելեց, որ երգերն ընտրելիս առաջնորդվում է նաև այն մեսիջներով, որոնք կան երգերում,- Կան երգեր, որոնք թեև հայտնի են ու արդեն իսկ ականջին շատ ծանոթ, բայց դրանց մեսիջն այնպիսին է, որը չէի ուզի թարգմանել կամ փոխանցել իմ լսարանին»։
Սոցիալական ցանցերում լայն տարածում ունեցող «հեյթ» ասվածը քիչ է հանդիպում Սասուն Սահակյանին․ ասում է՝ շատ են դրական արձագանքները, ինչը նրան պարտավորեցնում ու մոտիվացնում է։ Երգիչը նաև հետևորդներ ունի արտերկրից։
«Վերջերս, երբ Հանրապետության հրապարակի տոնածառի մոտ հոլովակ էի նկարում, անցորդներից մեկը կանգնեց, սպասեց, մինչև երգս ավարտեցի, ապա նշեց, որ հետևում է ինձ ու շատ է հավանում երգերս։
Իսկ շրջապատիս ու ընկերներիս դրական արձագանը միշտ ամենաջերմն ու մոտիվացնողն է»,- պատմեց նա։
Մեզ հետ զրույցում երգիչը նաև տեղեկացրեց՝ երգերը մեծամասամբ հենց ինքն է թարգմանում, իսկ երաժշտական խորհուրդները լսում է վոկալի ուսուցչից։
«Եղել են մի քանի երգեր, որոնց թարգմանությունն իմը չի եղել, ուստի նշել եմ դրանց բառերի հեղինակներին։ Հաշվի առնելով այն, որ վոկալի դասերի հաճախում եմ Գիսանե Պալյանի մոտ, ուստի երաժշտական խորհուրդները հիմնականում ինքն է ինձ տալիս։ Ի դեպ, տեքստերը գրելուց հետո անպայման ուղարկում եմ տիկին Գիսանեին, որպեսզի ըստ անհրաժեշտության ավելի բարեհունչ ու պրոֆեսիոնալ դարձնի տեքստը»,- մանրամասնեց Սասուն Սահակյանը։
Ի դեպ, երգիչը սոցիալական բոլոր հարթակներում էջեր ունի, բայց ավելի ակտիվ է ինստագրամում, տիկտոկում ու Ֆեյսբուքում։
«Դեռ ոչ մի սթրիմինգային հարթակում ներկայացվածություն չունեմ․ դրա մասին հավանաբար այս տարի կմտածեմ»,- զրույցն ամփոփեց երգիչը։