«Լճացած տարի էր. Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանում կբարձրացվի իշխանափոխության հարց». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ 2024 թվականն ամբողջությամբ Հայաստանի համար հերթական կորած տարի էր, քանի որ ներքաղաքական գործընթացներում որևէ հաջողություն չգրանցվեց։
Այս համատեքստում քաղտեխնոլոգը մատնանշեց «Սրբազան շարժումը», որը սկզբում մեծ թափ հավաքեց, սակայն վերջում դրական արդյունք չունեցավ։
«Այս ամենը եկավ ապացուցելու այն թեզը, որը բազմիցս նշել եմ՝ զուտ հասարակության վրա հիմնվելով, չեն կարող իշխանափոխություն իրականացնել։ Դրա համար անհրաժեշտ է արտաքին քաղաքական աջակցություն և շատ ուժեղ աջակցություն, որովհետև, տեսեք, նույնիսկ Վրաստանում, որն այս կամ այն չափով ունի արտաքին աջակցություն, սակայն այդ աջակցությունն այն աստիճանի հզոր չէ, որպեսզի կարողանան հաջողության հասնել։
Հետխորհրդային Հանրապետություններում փողոցային պայքարի միջոցով կարող ես հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ պայմանավորված իշխանահանձնում է լինում, կամ ունենում ես արտաքին գերհզոր աջակցություն, ինչպես եղավ 2018 թվականին Հայաստանում։
Վրաստանում, Բելառուսում տեղի ունեցած գործընթացները ցույց են տալիս, որ ունենալով շատ թեթև արտաքին աջակցություն, հաջողության չես կարող հասնել։ Իսկ Հայաստանում տեղի ունեցած շարժումը ցույց տվեց՝ եթե դրսից չկա աջակցություն ու ճնշում իշխանությունների վրա՝ հաջողության հասնել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ խոսելով 2024 թվականին Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացների և դրանց ազդեցության մասին։
Այս առումով, Արմեն Բադալյանի բնորոշմամբ՝ հայ ազգը 2024 թվականն անիմաստ կորցրեց՝ չգրանցելով որևէ ձեռքբերում, որևէ զարգացում, ո՛չ ընդդիմությունը գրանցեց հաջողություն, ո՛չ էլ իշխանությունը։
«Ադրբեջանն ինչպես օկուպացրել, այնպես էլ շարունակում է օկուպացնել ՀՀ տարածքները, Հայաստանի բանակը թուլացել էր, ու շարունակում է թույլ մնալ, չկան օտարերկրյա ներդրումներ, դե, քաղաքական դաշտում էլ որևէ բարեփոխում ու զարգացում չկա՝ բացասական ու լճացած տարի էր»,- հավելեց մեր զրուցակիցը։
Խոսելով 2024 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, Արմեն Բադալյանը նկատեց՝ բոլորը սպասում են Ռուսաստան-Միացյալ Նահանգներ քաղաքական մեծ առևտրին, այդ թվում՝ Հայաստանը։ Այդ «առևտուրը» տեղի կունենա 2025 թվականին՝ նորընտիր նախագահ Թրափի երդմնակալության արարողությունից հետո։ Այդ ամենի արդյունքում երկու երկրների ղեկավարները պետք է փորձեն գալ ընդհանուր հայտարարի։ Այլ հարց է՝ նրանք կգա՞ն ընդհանուր հայտարարի, թե՞ ոչ։
«Այդ հանդիպմանը պետք է հստակեցվի, թե Ռուսաստան-Ուկրաինա ռազմական գործողություններն ի՞նչ արդյունք են ունենալու՝ ավարտվելո՞ւ են, թե՞ ոչ, Միացյալ Նահանգներն օգնելո՞ւ է Ուկրաինային, թե՞ ոչ, ի՞նչ ճակատագիր է սպասվելու Ռուսաստան-Մերձավոր Արևելք, նաև՝ Ռուսաստան-Չինաստան հարաբերություններին, քանի որ Միացյալ Նահանգներն իր հիմնական մրցակից համարում է Չինաստանին և նրա նկատմամբ ցանկանում է ճնշումներ գործադրել։ Սա նշանակում է, որ նա պետք է փորձի Չինաստանից պոկել իր բոլոր դաշնակիցներին։
Չպետք է մոռանանք, որ 2025 թվականի հունվարի 17-ին ՌԴ-ի և Իրանի նախագահները Մոսկվայում հանդիպելու և ստորագրելու են ռազմավարական գործընկերության այդ կարևորագույն փաստաթուղթը՝ որպես մեսիջ Թրամփին, որի երդմնակալությունը հունվարի 20-ին է։ Ինչո՞ւ են ստորագրելու հունվարի 17-ին, որպեսզի Թրափին ասեն՝ աշխարհի հզորներից մեկն է, բայց ամենահզորը չէ և իրենցից ավելին չէ. որքան իրենք լիազորություններ ու իրավունք ունեն, այնքան էլ՝ Թրամփը»,- շեշտեց Ա. Բադալյանը։
Նա նաև ընդգծեց՝ Ռուսաստանը նաև ցույց է տալու, որ պաշտպանելու է Իրանին, հետևաբար՝ Թրամփը փորձելու է իրականացնել «գործարքի» քաղաքականություն՝ քննարկելով նաև Ռուսաստանի ազդեցության հարցը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։
«Եթե գան ընդհանուր հայտարարի, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը մեծացվելու է, այդ դեպքում Հայաստանում սպասվելու են զարգացումներ՝ ՀՀ-ում նոր իշխանություններ ձևավորելու գործընթաց։ Ռուսաստանը երբեք Թուրքիային չի ներելու Սիրիայում իր խոստումը դրժելու համար, իսկ Թուրքիան դրժեց իր խոստումը։ Սա նշանակում է, որ Թուրքիան պետք է պատասխան տա, քանի որ նրա քայլի հետևանքով տուժել են Ռուսաստանն ու Իրանը։
Այս կոնտեքստում բնական է, որ Հայաստանում կբարձրացվի իշխանափոխության հարց։ Եթե, իհարկե, իրադարձությունները զարգանան վերը նշված սցենարով, հայ ժողովրդին չեն էլ հարցնելու՝ համաձա՞յն է այդ իշխանափոխության հետ, թե՞ ոչ, իշխանափոխությունը տեղի կունենա»,- նշեց Արմեն Բադալյանը։