Երևան-Բաքու գործընթացում արևմտյան ներգրավվածությունն էականորեն կպակասի՝ բարդացնելով Երևանի խնդիրը․ Տարասով

«2024 թվականն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից բարդ փոփոխությունների անցումային ժամանակաշրջան էր։ Փոփոխական իրադարձություններով հագեցած է լինելու նաև 2025 թվականը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական ու հատկապես ռեգիոնալ զարգացումներին։

Նրա խոսքով, 2024թ. ինչ-որ իմաստով շրջադարձային էր Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ընթացքի, Վրաստանի, Իրանի ու Սիրիայի ներքին զարգացումների, իսրայելա-պաղեստինա-լիբանանյան հակամարտության, ամերիկյան ընտրությունների տեսանկյունից։ Տարասովը նկատեց, որ բարդություններով, սակայն, ի օգուտ Ռուսաստանի բեկում մտավ պատերազմական գործողություններում, Վրաստանում իր դիրքերն ամրապնդեց գործող իշխանությունը՝ ժամանակավորապես հրաժարվելով ակտիվ եվրաինտեգրացիայի ճանապարհից, Իրանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահից հետո՝ պահպանելով երկրի ներքին կյանքի կայունությունը, Սիրիայի ընդդիմությանը տարեվերջին հաջողվեց տապալել Ասադին և վերցնել  իշխանությունը, մերձավորարևելյան մյուս տաք օջախը փոխադրվեց ավելի սառը փուլի տարեվերջին, երբ հրադադար կնքելու փորձ արվեց ԱՄՆ միջնորդությամբ։

«Անցնող տարին հագեցած էր զարգացումներով նաև Երևան-Բաքու գործընթացի տեսանկյունից, սակայն այստեղ իրավիճակը քիչ նորություններ էր պարունակում, 2023 թվականին ՀՀ-ն կորցրեց Ղարաբաղը, ղարաբաղահայերը դուրս եկան Ղարաբաղից, և կարծես այս կետի վրա բուռն իրադարձություններն ավարտվել են ու սկսվել բանակցությունները, որոնք շատ բարդ, դանդաղ են առաջ գնում, չկան միջնորդներ, իսկ Երևանի ու Բաքվի միջև իրավիճակը բավականին լարված է։

2025թ. այս հակամարտության տեսանկյունից ևս բարդ կլինի, բարդ բանակցությունները կշարունակվեն, արևմտյան ներգրավվածությունն էականորեն կպակասի, և կողմերը ստիպված կլինեն բանակցել ուղիղ, իսկ այդ ձևաչափում ուժեղ է Ադրբեջանը։

Կարդացեք նաև

Քիչ հավանական է, որ Թրամփի վարչակազմն այս հակամարտությամբ հետաքրքրվի այնպես, ինչպես Բայդենի պետքարտուղարությունը Բլինքենի գլխավորությամբ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ուստի, Տարասովի խոսքով, այս տեսանկյունից, բնականաբար, Երևանի համար բարդ է լինելու բանակցային գործընթացն առանց արտաքին քաղաքական լուրջ ու ազդեցիկ աջակցության։

«Ինչպես տեսանք վերջին տարիներին, թեև Արևմուտքից կար աջակցություն Երևանին, բանակցությունների վեկտորը չփոխվեց ի օգուտ Հայաստանի։ Սա ի՞նչ էր, եթե ոչ՝ դիվանագիտական տապալում, երբ ՀՀ-ն հակառուսական հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ նվազեցրեց Ռուսաստանի հետ շփումները, ակտիվացրեց Արևմուտքի հետ հարաբերությունները, հայտարարեց նաև ԵՄ անդամակցության ցանկության մասին, սակայն դա չփոխեց ռեգիոնալ ուժային բալանսը, քանի որ Արևմուտքը չունի բավարար ազդեցություն Ադրբեջանի նկատմամբ, սա չափազանց կարևոր գործոն դարձավ»,- նկատեց Տարասովը։

Նրա կարծիքով, Երևանն իր արտաքին քաղաքականությունը հենելու է առավելապես Ֆրանսիայի վրա, սակայն դա ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխելու ռեգիոնում։
«Չի բացառվում, որ հաջողվի որոշակի կոնսենսուսի հասնել համաձայնագրի շուրջ, սակայն չի էլ բացառվում, որ չստացվի այդ կոնսենսուսը, քանի որ Ադրբեջանը շեշտը դրել է Սահմանադրության փոփոխության պահանջի վրա, որը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամկետում։ Ադրբեջանը նաև ԵՄ դիտորդների հեռացում է ակնկալում սահմանից։ Այս բոլոր չլուծված, չհամաձայնեցված հարցերը փոխադրվում են հաջորդ տարի ՀՀ-ի համար ավելի անբարենպաստ աշխարհաքաղաքական դասավորությամբ»,- ասաց Տարասովը։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա, նա վստահեցնում է՝ կլինեն բանակցություններ Ռուսաստան-Ուկրաինա-Արևմուտք ձևաչափով։

«Այս տարվա շեշտը լինելու են այդ բանակցությունները։ Տարեվերջից արդեն կարծես ձևավորվեց այդ կոնսենսուսը ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի առաջմղմամբ, կարծում եմ, ուստի այս տարի խոշոր դերակատարները զբաղված կլինեն բանակցություններով և ոչ այնքան՝ պատերազմով»,- նկատեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս