2025 թվականին գլոբալ զարգացումների վեկտորը փոխվելու է, սակայն անցումային փուլը շարունակվելու է․ Սիմոնով

«2025 թվականը գլոբալ զարգացումների տեսանկյունից շարունակելու է լինել ակտիվ անցումային փուլ»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2025 թվականին միջազգային հարաբերություններում հնարավոր տեղաշարժերին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։

Նրա խոսքով՝ նախորդ երկու տարիների ընթացքում ողջ աշխարհն ականատես դարձավ նոր աշխարհակարգի ակտիվ ձևավորման մեկնարկին, որը միգուցե ավելի ինտենսիվ կշարունակվի 2025 թվականին։

Սիմոնովի դիտարկմամբ՝ հունվարին իր գործունեությունն է սկսելու Թրամփի վարչակազմը, որն էական զարգացում է միջազգային հարաբերությունների հետագա զարգացումների համար։

«ԱՄՆ նորընտիր նախագահն արդեն հայտարարել էր, թե ձգտելու է հասնել խաղաղության, բեկման Ուկրաինայի հարցում։ Դեռ հասկանալի չէ, թե ինչ ճանապարհով է գնալու Թրամփը, հայտնի չէ՝ լինելու է փոխզիջումայի՞ն, թե՞ ՌԴ-ի նկատմամբ ճնշումների քաղաքականություն։ Առավել հակված եմ կարծել, որ դա լինելու է Կիևի նկատմամբ ճնշումների քաղաքականություն, որպեսզի Ռուսաստանի հետ խաղաղության ձեռքբերումը հնարավոր դառնա։ Նախորդ տարեվերջին Ֆրանսիայում տեղի են ունեցել Մակրոն-Թրամփ-Զելենսկի բանակցություններ։ Կարծում եմ՝ Կիևը գոհ չէ Թրամփի սկզբունքներից, և այս տարվա ընթացքում մենք նկատելու ենք արևմտյան համայնքի՝ ԱՄՆ-ի նկատմամբ Ուկրաինայի հարցով որոշակի «ճնշումների» փորձերի։ Սա դասական իմաստով ճնշում չէ, բայց նման երևույթներ լինելու են։

Կարդացեք նաև

Բոլորն են հասկանում, որ ԱՄՆ դիրքորոշումից էականորեն կախված է պատերազմի ելքը։ Կարծում եմ՝ օգնության ծավալներն ԱՄՆ-ից դեպի Կիև նվազելու են։ Դա է պատճառը, որ հեռացող Բայդենի վարչակազմը շտապում է նոր գումարներ հատկացնել Ուկրաինայի ռեժիմին։ Ուստի, կարծում եմ, այս տարի նախորդ երկու տարիներից էապես տարբերվող զարգացումների ականատեսն ենք լինելու։ Թե որքանով դա կնպաստի խաղաղությանը, այս պահին ասելը բարդ է, բայց փոփոխությունները շատ են լինելու»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Սիմոնովի կարծիքով, այն գտնվելու է մի քանի իրողությունների ազդեցության ներքո։

«Առաջինը՝ հնարավոր է, որ ԱՄՆ նոր քաղաքականությունն ավելի թույլ լինի Անդրկովկասում, անդրադառնալով Թուրքիայի դիրքերի ամրապնդման վրա, որի ականատեսն ենք արդեն ներկայումս։ Սա իր հերթին՝ անդրադառնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցության չափաբաժնի վրա, որի վրա էլ ազդում են իրավիճակներն Ուկրաինայում, ինչպես նաև Իրան-Իսրայել հարաբերություններում։ Այս ռեգիոնում կա նաև առանձին Ռուսաստանի ազդեցության հարցը, հայ-ռուսական հարաբերությունները շատ վատ վիճակում են, կարծում եմ՝ 2025 թվականին այն ընդհանուր առմամբ լինելու է նույն մակարդակի վրա։ Բնականաբար, գլխավորը ռեգիոնալ խնդիրներն են Երևանի ու Բաքվի միջև, որոնց մոտալուտ կարգավորման հեռանկար չեմ տեսնում։ Կարծում եմ՝ լարվածությունը կպահպանվի, հատկապես, երբ շուրջն ազդեցության գոտիների պայքար է ընթանում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս