ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ… ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ. ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՍՑԵՆԱՐԸ ՉԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ, ՊԵՏՔ Է ԲԵԿԵԼ ԸՆԹԱՑՔԸ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ԵՊՀ դասախոսներ, պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն ու պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Միքայել Մալխասյան.- «Պատմությունը կրկնվում է» ցիկլիկ տեսությունն ընդունելի տեսություն չէ։ Մեր պետության համար հիմա դժվարին փուլ է, և մարդկանց մի մասն արտաքին քաղաքական ոչ նպաստավոր պայմանների հաշվի առմամբ, սխալմամբ, սկսում է արդարացնել այս իշխանությունների գործողությունները։ Բայց պատմական տարբեր բարդ ժամանակներում եթե տեսնենք՝ մենք ինչ ներքին օրակարգ ենք ունեցել, ինչպես ենք դիմադրել, կհասկանանք, որ իրողությունները նույնական չեն։

Մեր ժողովուրդն այն իրավիճակներում, երբ թվում էր՝ ելք չկա, ստեղծել է օրակարգ։ Նրանցից մեկը Ստեփանոս Օրբելյանն էր։ Կիլիկյան Հայաստանից բերեցին կաթողիկոսությունը և պետությունը վերականգնեցին Արևելյան Հայաստանում։ Մեր էլիտաները պետք է հասկանան, որ բոլոր ուղղություններով աշխատանք պիտի տարվի։
Վարուժան Գեղամյան.- Դասեր կարելի է քաղել թե՛ պատմությունից, թե՛ մեր թշնամիներից։ Այնպես է ստացվել, որ մեր թշնամիները վերջին հարյուրամյակներում բավականին հաջող գործող պետական միավորումներ են ունեցել։ Օսմանյան կայսրության բոլոր առումներով իրավահաջորդը Թուրքիան է, որը 13-րդ դարում ձևավորված փոքր իշխանությունից վերածվեց աշխարհակալ տերության ու գոյատևեց մինչև 18-րդ դար։ Հետո թուլացավ, հիմա նորից գերհզոր է։

Քաղաքականության նկատմամբ թուրքական պրագմատիկ մոտեցումը կարելի է կոչել փոքր քայլերի արվեստ։ Թուրքիան 2010-12թթ․ էլ փորձեց նվաճել Սիրիան, այն ժամանակ չստացվեց, բայց նա իր նպատակներից չհրաժարվեց, սկսեց աշխատել մինչև ավելի պատեհ ժամանակ ու ստացավ իր ուզածը։ Պանթուրքիզմն Օսմանյան կայսրության՝ գերտերություն դառնալու միակ գերպրագմատիկ գործիքն էր։
Միքայել Մալխասյան.- Հիմա թե՛ ազգային, և թե՛ հատկապես պետական ինքնության հրաժարման ընթացք է։ Դրա մասին է խոսում Անկախության հռչակագրից հրաժարվելը։
Վարուժան Գեղամյան.- ԱՄՆ-ի մեր առաջին գաղութը ձևավորվել է Օսմանյան կայսրությունից գնացած մարդկանց հիման վրա։ Մարդիկ արտագաղթել էին, որովհետև շատ վատ պայմաններ էին։ Մարդիկ ստիպված էին ընդունել թուրքական ինքնությունը՝ պահելով միայն կրոնը, որը հետո նույնպես իր տեղը զիջում է։
Եթե մեկնաբանվում է այնպես, որ մենք ենք մեղավոր Ցեղասպանության իրողության համար, որովհետև ապստամբել ենք, ապա ինչո՞ւ կոտորվեցին չապստամբած Պոնտոսի հույները, եզդիները, ասորիները։ Ընդ որում, այս մեկնաբանության հեղինակը մարդիկ են, ովքեր 2016թ․ Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումը համարում են ապստամբության իրավունք։
Միքայել Մալխասյան.- Օսմանյան կայսրության բանակում 300 000 հայ էր ծառայում, հնազանդվել էին, ինտեգրացիա էին գնացել։ Առաջինը նրանց կոտորեցին։ Պատկերացրեք՝ եթե այդ մարդիկ մնային, ինչ ինքնապաշտպանություն կկազմակերպվեր, ինչպես Վանում եղավ։ Հիմա նույնն Ադրբեջանն էր առաջարկում Արցախի մեր հայրենակիցներին։ Ասում էր՝ եկեք, դարձեք Ադրբեջանի քաղաքացիներ, եկեք բանակ, գնացեք Տավուշում հայերի դեմ կռվեք։

Վարուժան Գեղամյան.- Համշենի հայության միայն 20%-ն է, որ իրեն ինչ-որ կերպ իդենտիֆիկացնում է հայության հետ։ Մնացածը կա՛մ ասում են՝ մենք թուրք ենք, կա՛մ համշեն։
Միքայել Մալխասյան.- Անին Թուրքիայի համար ոչ մի բան է, ոչ մի նշանակություն չունի, բայց սիմվոլիզմի տեսանկյունից Անիի նվաճումը թուրքերի համար նշանակում էր հայկական վերջին թագավորության մայրաքաղաքի նվաճում, որի միջնաբերդի գլխին փողփողում է թուրքական դրոշը։ Դրա համար 1921թ․ Կարսի բանակցություններում թուրքերը կատեգորիկ ասացին՝ Անին ոչ մի գնով չենք զիջելու։ Իրենք շատ լավ գիտեն, որ հայերի ընկալման մեջ Անին համահայկական մայրաքաղաք է։ Դրա համար դրոշն այնպես են դրել, որ Շիրակից շատ լավ երևում է։
Կարսի բանակցություններում, սակայն, հայկական կողմն անգամ այդ բարդագույն իրավիճակում որոշ ձեռքբերումներ ունեցել է, օրինակ՝ Արփի լճի տարածքը, Ախուրյանին հարակից, Արարատում Սադարակի հատվածը։ Բայց իրենց համար կարևոր էր, որ Արարատն ու Անին, Բագարանն ու Երվանդաշատը չհանձնեն։
Վարուժան Գեղամյան.- Սյունիքում հանձնված տարածքներում, բացի ադրբեջանական դրոշից, պարտադիր նաև թուրքական դրոշ կա, ինչով ցույց են տալիս իրենց միասնականությունը։ Թուրքիան և Ադրբեջանը շատ հետևողական են խորհրդանիշների նկատմամբ։ Պատահական չէ, որ միասնական ճակատով պայքարեցին վիրտուալ աշխարհում Մոնթեի հիշատակությունն անհնարին դարձնելու համար ու հաջողեցին։

Միքայել Մալխասյան.- Կա կոնսենսուս, որ Սյունիքի տարածքն Իրանն ու Ռուսաստանը պետք է կապեն ԵՄ-ի հետ։ Բայց կա նաև հակառակ թուրք-ադրբեջանական կարծիքը, որոնք ասում են՝ այդ տարածքը մեզ պետք է կապի։ Չի կարող ինքնիշխանություն լինել ինչ-որ մեկից կախվածության պարագայում, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։ Հիշե՛ք՝ ինչ հարցազրույց էր տալիս վերջերս Ալիևը Միջին միջանցքի կապակցությամբ։ Եթե չիմանայինք՝ ով է հարցազրույց տվողը, տպավորություն էր, որ Ֆրանսիայի նախագահն էր խոսում։
Մեր ողբերգությունն այն է, որ գիտական կոչում ունեցող մարդիկ կան, որոնք սպասարկում են իշխանության օրակարգը տարբեր պատճառաբանություններով։ Ողբերգություն է, երբ ավագ սերնդի մարդն է այդպես անում։ Այդ մարդիկ որևէ կերպ մտավորական համարվել չեն կարող։
Վարուժան Գեղամյան.- Մեր հասարակական-հանրային քննարկումը դե ֆակտո իշխանությունների կողմից տարվում է անհեթեթ թեմաների շուրջ։ Որևէ հարցի քննարկում չի մտնում Հայաստանի Հանրապետության և հայության 10 մարտահրավերների մեջ։ Եվ եթե անգամ մենք ձևակերպենք այդ մարտահրավերները, դրանց լուծումները չեն առաջարկվում։
Հիմա Արցախում շատ խաղաղ է, ինչպես գերեզմանոցում… բայց այնտեղ հայեր չեն ապրում։
Միքայել Մալխասյան.- Ես վախենում եմ այն սցենարից, երբ մեր կառավարող շրջանակները համաձայնեն Ադրբեջանի հերթական պահանջին, ու տեղի ունենա ադրբեջանցիների վերաբնակեցում։ Ընդ որում, պարզ է, որ դա որևէ փոխադարձության սկզբունքով չի լինելու։ Որևէ հայ չի գնալու Բաքվում ապրի։ Դա ոչ միայն կփոխի մեր դեմոգրաֆիական վիճակը, այլև մենք մեր աչքի առաջ կտեսնենք՝ ինչպես է մեր պետությունը քայքայվում, որովհետև ադրբեջանցիները գալու են իրենց քաղաքական ու ռազմական իշխանությամբ, ստեղծելու են էքստերիտորիալ միավորումներ։ Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունն ու էլիտաները թույլ չեն տա այս սցենարի իրագործումը։ Էլիտաներ ասելով՝ նկատի չունեմ իշխանությունը։

Վարուժան Գեղամյան.- Ես վախենում եմ, որ իմ հայրենակիցներից շատերը կհասկանան այն, ինչ ես ու Արցախի բոլոր հայերը զգացել ենք 2020թ․–ից հետո, երբ թողնում ես տունդ, գերեզմաններդ, տունդ, տեղդ, գրքերդ… Ես 100%-ով համոզված եմ, որ մենք հաջողելու ենք, եթե ոչ այսօր, վաղը, ապա 10 տարի հետո։ Միակ վախս այն է, որ հետո ինձ ավելի քիչ ժամանակ կմնա՝ վայելելու այդ ժամանակը։ Երջանկություն է ապրել Հայաստանում։ Երբ 13-րդ դարում Հայաստանը նվաճված էր, հայերը չեն գնացել, պայքարել են։ Անգամ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանից չի՛ կարելի հրաժարվել։
Պատերազմն ամենահավանական սցենարներից է, բայց պատերազմի վախը, որը դավանվում է այս իշխանությունների կողմից, ոչ մի կապ չունի պատերազմի հետ։
Միքայել Մալխասյան.- Արցախի օրակարգը չի կարող դուրս մնալ երբևէ, որովհետև ի սկզբանե Արցախի գաղափարը դրված էր մեր պետության ստեղծման հիմքում։
Վարուժան Գեղամյան.- Բացահայտ է, որ այսօր Հայաստանում գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ։ Այս մարդիկ ունակ չեն որևէ մակարդակում արդյունավետ կառավարում իրականացնել։ Ձախողվել են, չունեն մարտահրավերներին դիմագրավելու ունակություն։ Դրա համար պետք է ձևավորել կառավարություն, որն ունակ է դիմագրավել մարտահրավերներին։ Հաջորդ տարի և առաջիկա ամիսներին լինելու են նոր մարտահրավերներ, վտանգը 7 սարի ետևում չէ, սա պետք է գիտակցել, բայց այս իշխանությունները կրկին չեն դիմագրավելու այդ մարտահրավերներին։ Հետևաբար՝ լինելու է հանրային դժգոհություն, և այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն կկրեն այս իրավիճակից դուրս գալու համար, բոլորս պիտի սատարենք նրանց։

Միքայել Մալխասյան.- Պատմական հիշողությունն է այն առաջնային գործիքը, որ ամեն անհատի մեջ պետք է արթնացնի պատասխանատվության զգացողություն, որ իրենք հասկանան՝ իրենք պատասխանատու են մեր անցյալի համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք վեր հառնող տեսակ ենք։ Պատմականորեն քանի՞ ազգ կա, որ այսքան դարավոր փորձություններից հետո վերագտել է իրեն ու ունի պետություն։ Պետք է բեկել այն ընթացքը, որի մեջ մենք գտնվում ենք։
Մանրամասները՝ տեսանյութում։



