Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները
Կատարի իշխանությունները մերժել են Իրանին պատկանող 12 միլիարդ դոլարի ակտիվներն անվերապահորեն ապասառեցնելու վերաբերյալ պաշտոնական Թեհրանի պահանջը, որը ձևակերպվել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման գործընթացի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լոնդոնից հեռարձակվող Iran International ալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Կատարի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ մտադրությունների մասին հուշագրի հրապարակմանը զուգահեռ 12 միլիարդ դոլարն անհապաղ և անվերապահորեն ապասառեցնելու Թեհրանի վճռական կոչը՝ համաձայնելով ապասառեցնել միայն այդ միջոցների կեսը, այն էլ՝ խիստ սահմանափակումներով։ Նշվում է, որ Կատարն առաջարկել է ապասառեցնել 6 մլրդ դոլարը, բայց վարկի տեսքով, որով Իրանը կգնի Կատարում արտադրված ապրանքներ։
Կատարի փոխվարչապետը մայիսի 30-ին Սինգապուրում ելույթ ունենալով «Շանգրի-Լա» անվտանգության միջազգային համաժողովում՝ հայտարարել է, որ պաշտոնական Դոհան և տարածաշրջանի մյուս երկրները փորձում են համապարփակ ռազմավարություն մշակել Թեհրանի նկատմամբ, այդ թվում՝ քաղաքական և առևտրական հարցերի շուրջ։ Նա խոստովանել է, որ Ծոցի արաբական երկրները դեռևս չունեն Իրանի հետ փոխգործակցելու վերաբերյալ ընդհանուր մոտեցում։
Կատարի փոխվարչապետն անընդունելի է համարում Հորմուզի նեղուցով նավերի ընթացքի համար տուրքերի գանձման պրակտիկայի մշտական կիրառումը։ Ըստ նրա, բանակցությունների օրակարգում կարող է ընդգրկվել միայն ժամանակավոր վճարի կիրառման հարցը՝ պայմանով, որ գոյացած գումարն ուղղվելու է նեղուցի ականազերծմանը և նավագնացության վերականգնմանը։ Կատարի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ նման տուրքերի գանձումը չպետք է դառնա նախադեպ և կիրառվի աշխարհի մյուս նեղուցներում, քանի որ կխափանի միջազգային ծովային հաղորդակցությունը։



