«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում են
«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն ընթացել է Սյունիքի մարզում։ Պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը, Շահեն Հարությունյանը, Աստղիկ Մատինյանը, Գոռ Թադևոսյանը և քաղաքական թիմի մյուս անդամները եղել են Գորիս և Սիսիան քաղաքներում, քաղաքացիներին ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել ընտրողների հարցերին։
«Երբ խոսում ես մարդկանց հետ, կիսում ես քո գաղափարներն ու մտքերը, տեսնում ես, որ մարդկանց մոտ հույս է արթնանում։ Մենք գիտենք, որ ամեն ինչի հիմքում դրված է մեր յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են գնալ ընտրությունների և պատրաստ են փոփոխության»,- ասել է պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։
«Վերջին տարիները մեր երկրի համար եղել են ցավալի կորուստների և ծանր փորձությունների շրջան։ Սյունիքը ձեռք է բերել հարյուրավոր կիլոմետրերով ձգվող նոր սահման Ադրբեջանի հետ։ Սա նոր սպառնալիք է մեր անվտանգության համար։ Առաջարկում եմ քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ խնդիրները միասին լուծելու համար»,- նշել է պատգամավորի թեկնածու Գոռ Թադևոսյանը։
Կուսակցության քարոզարշավը Սյունիքի մարզում կշարունակվի նաև մայիսի 30-ին և մայիսի 31-ին։
Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։



