Շատ կուզենայի՝ մենք միասնության զգացողությամբ դիմավորեինք Նոր տարին․ ո՛ր կողմ նայում ես, միասնության անհրաժեշտություն կա․ հոգեբան
Ամանորյա տոներին հոգեբանները սովորաբար սկսում են խոսել նախատոնական ու հետտոնական սթրեսների, դրանց հաղթահարման մասին, բայց հոգեբան Կարինե Նալչաջյանի շեշտադրումներն ազգային խնդիրների, մտածողության, սպասումների վերաբերյալ են։
168․am-ի հետ զրույցում խոսելով առկա անորոշությունների, աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների պայմաններում տոնն իսկապես տոն դարձնելու կարևորության մասին՝ Կարինե Նալչաջյանը նշեց, որ մենք տոնը տոն դարձնելու ձևերը գիտենք՝ Ամանորը նշել ուրախությամբ, ընդառաջ գնալ նորին, սակայն չպետք է կորցնենք իրականության զգացողությունը։
«Իհարկե, ցանկալի է տոնական օրերին լիցքաթափվելը, բայց այժմ մենք այնքան յուրահատուկ վիճակում ենք, երբ բոլոր մասնագիտական կանխատեսումները բացասական սպասումներ են ձևավորում, որ չպետք է մոռանանք իրականությունը։ Եկեք մենք մեզ չզրկենք տոնից, բայց ինքնախաբեությամբ չզբաղվենք․ հիշենք՝ ինչ աշխարհում ենք ապրում,- պարզաբանեց նա, ապա այս համատեքստում անդրադառնալով նաև իրենց բնօրրանից բռնի տեղահանված արցախցի մեր քույրերի ու եղբայրների ոչ տոնական խնդիրներին՝ հավելեց,- Իրականությունն այնքան ծանր է, որ հոգեբանորեն հարմարվելը դժվար է, մանավանդ, որ ադապտացիային նպաստող պայմաններն էլ այնպես չէ, որ բավարար են։ Հեշտ չէ հայրենիք ու տուն կորցնելը, բայց ես շատ կուզենայի, որ մեր արցախցի հայրենակիցներն իմանան, որ իրենք իրենց տանն են, իրենց հայրենիքում, ես շատ կուզենայի, որ տեղաբնակներն իմանային, որ արցախցիներն իրենց տանն են։ «Արցախցի-հայաստանցի» տարանջատումը մեր տունը քանդեց»։
Հոգեբանը հիշեցրեց, որ Արցախը Հայաստանի համար մշտապես եղել է նեցուկ, իսկ Արցախի անկումից հետո անգամ տարածաշրջանում բացասական զարգացումներ եղան։
«Այս շատ դրամատիկ իրավիճակում շատ կուզենայի, որ նրանք չկորցնեն իրենց ինքնավստահությունը, չգնան երկրից, և մենք կարողանանք միասնության զգացողությամբ դիմավորել Նոր տարին, որովհետև ո՛ր կողմ նայում ես՝ միասնության անհրաժեշտություն կա՝ ժողովրդի միասնության, քաղաքական ուժերի միավորման․ մենք եթե միասին չլինենք, չենք կարող պայքարել»,- շեշտեց նա։
Կարինե Նալչաջյանը տարբեր շրջանակների կողմից արցախցիներին ուղղված մանրախնդիր, անհիմն թեզերը համարեց քարոզչական «կտեր» և հոգեբանական պատերազմի դրվագներ։
«Եթե հոգեպես կարողանում ես մարդուն, ազգին հաղթել, նրան ֆիզիկապես հաղթելը դառնում է տեխնիկայի հարց․ այդ բաժանումը, տարանջատումը մեր տունը քանդեց։
«Բաժանիր, որ տիրես»-ը հզոր հոգեբանական զենք է, ինչը մեր դեմ օգտագործվեց ու դեռ օգտագործվում է։ Ես կուզենայի, որ Նոր տարում մենք այդ զենքին հաղթենք»,- ամփոփեց հոգեբանը։