Երեք նախագահների պատասխանն ավերել է Փաշինյանին, նա խոր հոգեբանական խնդիրների մեջ է․ Վլադիմիր Մարտիրոսյան

Մեր քննարկման թեմաներն ու խնդիրներն անցնող տարում, մեծ հաշվով, չեն փոխվել։ Եթե նույնիսկ մտովի հետ գնանք այս տարվա հունվար, մեր սպասումները, ահագնացող տեղեկատվական հոսքերը նույնն են մնացել, նույնիսկ սաստկացել են։ Մեկ տարի առաջ ասում էինք, որ Փաշինյանի վրա մեծ պահանջ և առաքելություն է դրված՝ իրականացնելու սահմանադրական փոփոխություններ։ Դրան հաջորդեց Անկախության հռչակագիրը փոփոխելու և այն սահմանադրական բազայից հանելու թեման։ Հետո մենք բախվեցինք մի խնդրի, երբ նա լեգիտիմության ընկալումների հետ էր մտավարժանքներ անում, ապա՝ «Հայոց պատմություն»-«Հայաստանի պատմություն», Արագած-Արարատ դիսկուրսը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Վերջին մտավարժանքն արցախյան հիմնախնդրի վերաիմաստավորման և դրա հնարավորությունների մասին է։ Վերջին փուլը, փաստորեն, դարձյալ «Հայոց պատմություն»-«Հայաստանի պատմություն» դիսկուրսն է։ Եթե հետևենք պատումների այս ամբողջ ընթացքին, պետք է արձանագրել այս տարվա կորուստներից ևս մեկը։ Դա Տավուշի շրջանների, գյուղերի, հայկական իրավատեր հողերի ուղղակի հանձնումն էր, որը մեծ մանիպուլյացիաների և ջանքերի միջոցով իրականացվեց՝ որպես խոստում, և տեղ գտավ մեր իրականության մեջ։ Որպես անվտանգության երաշխիք՝ Հայաստանի հանրությանը հրամցվեց սյունը, շրջանցող ճանապարհը և դրա երկայնքով առկա տեսարանը»,- ասաց քաղաքագետը։

«Եղել են ֆատալ իրադարձություններ, որոնք բերել են հայկական ազգային շահի և պետականության դիրքերի զիջմանը։ Սա, ցավոք սրտի, շարունակական է, և հայ հասարակության որոշակի մասն այլևս անհաղորդ է դարձել այս երևույթին։ Այդ անհաղորդությունը ոչ միայն Փաշինյանի իշխանության կողմից օգտագործվող հզորագույն քարոզչական մեխանիզմների արդյունք է, այլև հետարցախյան շոկային իրավիճակի ազդեցություն։ Մեր հասարակության վրա դրված է ծանր հոգեբանական բեռի ազդեցություն, որն օգտագործելով և մանիպուլացնելով՝ Փաշինյանն առայժմ կարողանում է իրողություն դարձնել այն մեծ առաքելությունը, որի տակ ստորագրել է։ Դա հետևյալն է՝ մեր երկրի՝ ՀՀ-ի այն կերպի ավարտումը, որը կոչվում է Երրորդ Հանրապետություն և ունի երեսուն տարվա կենսագրություն»,- նշեց Վլադիմիր Մարտիրոսյանը։

Քաղաքագետի պնդմամբ՝ հարց է, թե արդյո՞ք Փաշինյանն իր առաքելության խորությունն ունակ է լինելու իրագործել քաղաքականապես․

«Մենք ուղղակիորեն հետևում ենք այն երևույթին, թե ինչպես է Փաշինյանը հոգեբանորեն աշխատում նույնիսկ ոչ թե հասարակության, այլ իր փոքր ընտրազանգվածի հետ։ Հետո դա ակումուլացվում է, ստանում ծավալ և ձնագնդի էֆեկտ։ Փաշինյանը խոր հոգեբանական խնդիրների մեջ է, նա իր պատումները գետնի վրա իրականացնելու մեծագույն բարդություններ ունի։

Հետևելով Փաշինյանին, նաև իմանալով, թե առհասարակ պետության կառավարման պատումներն ու խորությունն ինչպիսին պիտի լինեն, տեսնում ես, թե ինչպես է նա այդ խորությունը պարզեցրել, բերել կենցաղային մակարդակի։ Բացի սեփական ընտրազանգվածի շարքերում դա ներդնելուց՝ առայժմ նա որևէ այլ առաքելություն չունի»:

«Մարդիկ այլևս որևէ կերպ բաց չեն Փաշինյանի պատումներն ընդունելու հարցում, նրանց ուղեղները լվանալը շատ դժվար է դարձել։ Այդ դժվարության հետ նա փորձում է հաշվի նստել՝ խորացնելով այդ պատումների մգությունը, անտրամաբանականությունը, աբսուրդիզմը, իռացիոնալիզմը։ Նպատակն այն է, որ Օվերտոնի պատուհանի միջոցով այդ իռացիոնալիզմը մտնի դաշտ, սկսի քննարկվել և ստանա ծավալ։ Երբ Փաշինյանն արցախյան հիմնահարցի շուրջ նախկին երեք նախագահներին հրավիրեց բանավեճի, նրանցից ստացավ ցնցող և իրեն ավերող պատասխան։ Տեր-Պետրոսյանը լավ ձևակերպեց՝ քննարկելու բան չկա, Փաշինյանի ձեռքի տակ են բոլոր փաստաթղթերը, բայց նա դրանք ոչ թե կարդում և հասկանում է, այլ մեկնաբանում է հօգուտ իրեն»,- ամփոփեց Վլադիմիր Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս