Հայաստանի հարավային կենսահամակարգի սուր հրամայականը

2024 թվականը տնտեսական, իսկ գուցե նաև քաղաքական առումով ավարտվում է բավականին նշանային մի իրադարձությամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքը, իր բաժնետոմսերի 12,5 տոկոսն Ամանորի շեմին նվիրաբերեց Հայաստանի կառավարությանը:

Սա, իհարկե, տարեմուտի նվերի հարց չէ, այլ Հայաստանի տնտեսության, և նույնիսկ անվտանգության համակարգի համար կարևոր հարց: Այո, նաև հակասական հարց: Սակայն, ելակետային իմաստով, թերևս, կարևորն այն է, որ արդեն մոտ 10 տարի արգելափակված հայաստանյան խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագիրը վերջապես սկսի աշխատել: Ամուլսարի ներդրումային ծրագրի շուրջ զարգացումները վերաշարադրելու կարիք թերևս չկա:

Իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, այս պատմությունն ունի, թերևս, մի քանի աքսիոմատիկ կետ:

Ներդրումային որևէ ծրագրի շուրջ անորոշության, անկանխատեսելիության մթնոլորտը, անկախ նրանից, թե որքան է այն ձգվում, բայց առավել ևս՝ տարիներ ձգվող, հարվածում է տվյալ պետության ներդրումային վարկին: Հետևաբար, ներդրումային ծրագրերը որևէ պետությունից պահանջում են հստակ և պատասխանատու վերաբերմունք: Ներդրողները պետք է գիտենան, թե ում հետ գործ ունեն, թե այդ գործընկերոջ համար ինչ է խոսքի, պայմանավորվածությունների արժեքը: Առավելևս, եթե գործընկերը պետությունն է:

Կարդացեք նաև

Ընդ որում, պետություն, որն առանց այդ էլ բարդ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական միջավայրում կարիք ունի բազմապատկել իր ներդրումային գրավչությանը միտված՝ թե միջավայրի, թե հեղինակության բարձրացմանն ուղղված ջանքը: Ցավոք, 2018-ից հետո այս տարիների ընթացքում խոշորագույն ներդրումային ծրագիրն այդ իմաստով վերածվել էր Հայաստանի միջավայրային, գործընկերային հեղինակությանը հարվածող պատմության:

Եթե այդ պատմությունը կարող է մոտ ապագայում վերածվել արդեն աշխատող ներդրումային ծրագրի, ապա դա, իհարկե, կլինի ողջունելի շրջադարձ: Առավել ևս Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքում, որտեղ, ինչպես օրերս փաստել էին նաև «Լույս» հիմնադրամի տնտեսագետները, արձանագրվում է տնտեսության արդյունաբերական, արտահանող ներուժի և ցուցանիշների անկում: Իսկ դրա փոխարեն աճում է պետական պարտքը, որն ուղղվելու է բյուջետային աճող դեֆիցիտը սպասարկելուն:

Հայաստանը, որը տնտեսական ու դեմոգրաֆիական իմաստով գտնվում է դե ֆակտո քաղաք-պետության վերածվելու ճանապարհին, առավել քան մեծ կարիք ունի խոշոր ներդրումների, որոնք իրականացվում են մարզերում: Առավելևս՝ ռազմավարական նշանակություն ունեցող մարզերում, ինչպիսիք այսօր, օրինակ, Վայոց ձորն ու Սյունիքն են՝ Հայաստանի հարավային կենսահամակարգը՝ որպես պետական անվտանգության և սուբյեկտության հիմնարար բաղադրիչ:

Օրինակ, «Բրևիս» սոցիոլոգիական ընկերությունը տարեվերջին ներկայացրեց Սյունիքի մարզի բնակչության շրջանում իրականացված ուսումնասիրությունների տվյալ, որը ներկայացնում էր բավականին ուշագրավ պատկեր:

Հարցվածների գրեթե 90 տոկոսը համարում է, որ հանքարդյունաբերության բացակայության պարագայում մարզից կաճի արտագաղթը: Ընդ որում, հարցվածների գրեթե 60 տոկոսը ներգրավված չէ հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային որևէ գործընթացում:

Անշուշտ, հանքարդյունաբերությունն իր հետ բերում է նաև շրջակա միջավայրի պաշտպանության մշտական մարտահրավեր, դա գիտակցում են բոլորը: Բայց պետություններն այդ մարտահրավերը հաղթահարում են տնտեսական և սոցիալական գործոնների կայուն հավասարակշռության, այլ ոչ թե մեկը մյուսին հակադրելու ճանապարհով: Ըստ էության ժամանակակից աշխարհում նաև դրանով են տարբերվում կենսունակ, արդիական, հաջողակ պետություններն ու հանրությունները՝ այդ հավասարակշռությունը ստանալու, քայքայող՝ կամ-կամ դիլեմաներից զերծ աշխատանքային, կայուն զարգացման միջավայր ձևավորելու կարողությամբ և հմտությամբ:

Հայաստանի համար սրանք պետական ռազմավարության, կենսունակության հարցեր են: Օրինակ, երբ այսօր շատ է մտահոգություն արտահայտվում Հայաստանի հարավային կենսահամակարգին սպառնացող աշխարհաքաղաքական ռիսկերի ու մարտահրավերների մասին, դրանց հակազդելու հարցում պատկերացումները չպետք է սահմանափակվեն լոկ ուժային ռեսուրսների դիտարկումով:

Հայաստանի հարավային կենսահամակարգի պաշտպանությունը պետք է իրականացվի ժողովրդագրության, տնտեսական համաչափ զարգացման, խոշոր ներդրումային, այդ թվում՝ արտաքին ներդրումային ծրագրերի ներգրավումով միջազգային շահերի հանգույցներ, ըստ այդմ՝ կայունության միջազգային շահառուների ավելի լայն շրջանակ ձևավորելու միջոցով:

Ամուլսարի ծրագիրը դրա ցավալիորեն բաց թողնված հնարավորությունն էր: Տվյալ պարագայում «լավ է ուշ, քան երբեք» բանաձևը հազիվ թե հնարավոր է համարել մխիթարություն, բայց Հայաստանի պետական կենսագործունեությանը սպառնացող ռիսկերի ամբողջությունն այնպիսին է, որ այսօր անթույլատրելի է որևէ հնարավորության դեպքում այն թեկուզ ուշացումով օգտագործելու որևէ հապաղում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս