Նիկոլն այնքան է ստել, որ իր իսկ ասած թվերի մեջ խճճվել է… 7 տարի է՝ կառավարման ղեկին է, նախկինների թեման չավարտվե՞ց, 7 տարվա ընթացքում այդ «նախկին» բառը չմոռացա՞վ». Վահիդ Սահակյան
2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության, Արցախի հանձնման համար որդեկորույս ծնողները թիվ մեկ մեղավոր ու թիվ մեկ պատասխանատու համարում են Նիկոլ Փաշինյանին, որը պատերազմից 4 տարի անց չի ենթարկվել պատասխանատվության, ավելին՝ շարունակում է մնալ իշխանության։
44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հոր՝ Վահիդ Սահակյանի խոսքով՝ որդեկորույս ծնողների հիմնական պահանջը՝ 2020 թվականի պատերազմից հետո եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից և ենթարկվի պատասխանատվության։
«Այս իշխանությունը քանի կա, մեր նման մարդիկ, մեր կարգավիճակում գտնվող ծնողները որքան էլ պայքարեն, մեկ է՝ արդյունքի չեն հասնելու։ Մենք պայքարում ենք, որպեսզի պարզենք մեր երեխաների զոհվելու հանգամանքները, բայց քանի դեռ այս իշխանությունն է, որի օրոք զոհվեցին մեր երեխաները, մենք արդյունքի չենք հասնելու։ Ինքներս լավ գիտենք, թե այս իշխանությունն ինչ նպատակներ ունի, իշխանության վերևում նստած է մեկ հոգի, որն ինչ ասում է, ներքևում նստածները թութակի նման կրկնում ու անում են։
Երկրում ասողը մեկ մարդ է, որին բոլորս էլ լավ գիտենք։ Եթե այս ամենից հետո մեր հասարակությունն ուշքի գա, մի արդյունքի հասնելու ենք, եթե ուշքի չեկավ՝ մեզ շատ վատ բան է սպասվում։ Մենք այսօր կործանման եզրին ենք, հայ ազգն իր ինքնությունը կորցնելու ճանապարհին է արդեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահիդ Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն, խոսք չի լսում, ինչպե՞ս կարող է լսել մի մարդու, ով օրվա ընթացքում երեք անգամ մեկ նախադասությունը կարող է փոխել, այն էլ այն դեպքում, երբ նա ներկայանում է՝ որպես Հայաստանի ղեկավար։
«Պատերազմից հետո, հենց առաջին օրն ասաց, թե՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ»։ Հազար անգամ կարող եմ ասել, որ Նիկոլն է թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը, կարող եմ իր դիմաց կանգնեմ ու ասեմ։ Բա եթե ինքը չէ թիվ մեկ մեղավորը, այդ դեպքում ո՞վ է, կարո՞ղ է իմ եղբայրն է, թող ասի։ Նիկո՛լ, եթե դու ես երկրի ղեկավարը, մեղավորն ո՞վ է, անուններ ասա, տեսնենք՝ ովքեր են։ Ինչպե՞ս կարող է 4 տարի քննություն անցկացնեն՝ մեղավորներ ու անմեղներ չգտնե՞ն, ինչպե՞ս»,- շեշտեց Վահիդ Սահակյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանություններին մեղադրելու և Արցախը հանձնելու վերաբերյալ հայտարարություններին, Վահիդ Սահակյանը նկատեց՝ մեկ հարց է իրեն մշտապես հետաքրքրում, թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը դադարեցնելու նախկինների հետ կապված խոսակցություններն ու վերադառնա ներկա։
«Արդեն 7 տարի է՝ այս մարդը կառավարման ղեկին է, այդ նախկինների թեման չավարտվե՞ց, 7 տարվա ընթացքում այդ «նախկին» բառը չմոռացա՞վ։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը տարբեր թվեր էր ասում, մեկ ասում էր՝ 1996 թվականին են նախկինները հանձնել Արցախը, մեկ՝ 1997, մեկ՝ 2016։ Ինքն այնքան է ստել, որ իր իսկ ասած թվերի մեջ խճճվել է, պետք է մի հաշվապահ պահի։
Մեկ բան հստակ է՝ Արցախը ծախվել է, Արցախը տրվել է զուտ իր հայտարարությունից հետո, դրա մասին վկայում են Պուտինի, Ալիևի խոսքերը, այդ թվում՝ բոլոր խելամիտ մարդկանց խոսքերը, Նիկոլն էր, չէ՞, ասում՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ-ով՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Ու այսքանից հետո ինչո՞ւ մենք այդքան զոհ ունեցանք՝ 2020 թվականին կորցրեցի միակ որդուս, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ աղջկաս նշանածին, ով որդուս մտերիմ ընկերն էր։ Հիմա ո՞րն է այս անմեղ երեխաների մեղքի բաժինը, որ հայրենասե՞ր են եղել, որ չե՞ն թողել իրենց դիրքը։ Հիմա այսքանից հետո, ես Նիկոլին ինչպե՞ս ասեմ՝ դու մարդ ես, կամ ղեկավար ես, քո հետ կարելի է ինչ-որ բան քննարկել»,- նշեց նա։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի կորստյան մեղքը գցի սրա-նրա վրա, հնարավոր է՝ շուտով նույնիսկ մեղադրի իր ընտանիքի անդամներին։
«Հիմա խոսում ենք, ասում են՝ սերժական է, քոչարյանական է, դե զզվեցինք, էլի, արդեն, ես ոչմիբանական եմ, ես իմ տղայի ու նման տղաների հիշատակը հարգող մարդ եմ, որ ուզում եմ մեղավորները պատժվեն, ու հայրենիք ունենանք։ Ինքս այսքան բան եմ հասկանում, այսքան բան կարող եմ ասել»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Վահիդ Սահակյանը։