
Թրամփն հայտարարել է, որ Պանաման «քերթում է» ԱՄՆ-ին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պանամայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է Քևին Մարինո Կաբրերային։
«Ուրախ եմ հայտնել, որ Քևին Մարինո Կաբրերան կստանձնի Պանամայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, որը մեզ [ֆինանսապես] քերթում է Պանամայի ջրանցքով», – գրել է նա իր Truth Social էջում:
«Քչերն են հասկանում լատինաամերիկյան քաղաքականությունը այնպես, ինչպես Քևինը: Նա [Կաբրերան] ֆանտաստիկ աշխատանք կկատարի՝ ներկայացնելով մեր շահերը Պանամայում»:
Կաբրերան ծնվել է Մայամիում՝ կուբացի ներգաղթյալների ընտանիքում։ Նա Ֆլորիդայի Մայամի-Դեյդ շրջանի պաշտոնյա է: Ինչպես նշել է նորընտիր նախագահը, 2024 թվականին Կաբրերան ակտիվորեն առաջ է մղել MAGA (Դարձրե՛ք Ամերիկան կրկին մեծագույն) շարժման գաղափարները՝ որպես ԱՄՆ Հանրապետական ազգային կոմիտեի անդամ։
Պանամայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Կաբրերայի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մարի Ապոնտեն։