Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. ԱԳՆ
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու։ Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու որոշումը՝ «Լուրերին» ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով` նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:
«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում»,–ասել է նա:
Բադալյանն ընդգծել է, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն: