Մարդիկ աչք ու ականջ ունեն՝ քվեով այս ամենի գնահատականը կտան Գյումրիում. Կարեն Մալխասյան
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմըրիզի արդյունքում շատ ձայներ հավաքեց Սարիկ Մինասյանը, ով Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և համայնքապետի ընտրություններում կգլխավորի ՔՊ ցուցակը։ Սարիկ Մինասյանը, որ փրայմըրիզին մասնակցում էր որպես անկուսակցական թեկնածու, ընտրվելուց անմիջապես հետո համալրեց ՔՊ կուսակցության շարքերը։
Այս փրայմըրիզից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոնից հեռացրեց նաև Շիրակի մարզպետին, նրա փոխարեն նշանակվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Ինչպես Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր Դավիթ Առուշանյանը, ինքը և Սարիկ Մինասյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել։
«Վստահ եմ, որ մեր համատեղ ուժերով մենք կարողանալու ենք թե՛ քաղաքը, թե՛ մարզը կառավարել, նաև շատ ուրախ եմ, որ մեր ընկերական հարաբերությունները վերածվեցին նաև գործընկերական հարաբերությունների»,- լրագրողներին ասել էր Դ. Առուշանյանը։
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, իրավաբան Կարեն Մալխասյանի խոսքով՝ Գյումրիում տեղի ունեցած գործընթացն առհասարակ չպետք է անվանել ընտրություն։
«Ըստ էության, սա ներկուսակցական հարց էր, որը հանրայնացրեցին, ինչը հանրության մոտ մոլորություն առաջացրեց։ Նախ, մոլորություն առաջացրեց այն հանգամանքը, որ քաղաքապետի ընտրություն է, բայց քաղաքացիներն ըստ էության ընտրելու են ավագանի, այնուհետև ավագանու կազմից համայնքի ղեկավար է ընտրվելու։
Երկրորդ մոլորությունն այն էր, որ ընտրված Սարիկ Մինասյանն անկուսակցական էր, բայց այժմ արդեն կուսակցական է՝ ՔՊ-ական։ Կարծում եմ՝ գյումրեցիները համայնքապետի ընտրության ժամանակ միանշանակ իրենց գնահատականը կտան, որովհետև միշտ ասել եմ ու հիմա կրկնում եմ՝ ամեն ինչ տեղի է ունեցել գյումրեցիների աչքի առաջ։ Մարդիկ աչք ու ականջ ունեն, ամեն ինչ տեսնում ու լսում են, իրենց քվեով այդ ամենի գնահատականը կտան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Մալխասյանը։
Նրա խոսքով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիններից մեկն է եղել, որ հայտարարել է՝ կա նախնական որոշում մասնակցելու համայնքապետի ընտրություններին։ Այս պահին էլ այդ որոշումն անփոփոխ է։
Հարցին՝ կիսո՞ւմ է կարծիքները, որ Գյումրիում ՔՊ-ին չի հաջողվելու վերցնել իշխանությունն այնպես, ինչպես վերցրեցին Ալավերդիում, Վանաձորում ու այլ վայրերում, Կարեն Մալխասյանը պատասխանեց՝ ի սկզբանե հայտարարել էր, որ այն 7 թեկնածուներից, որոնք մասնակցում էին փրայմըրիզին, առավելագույն ձայներ կհավաքի այն թեկնածուն, ով անկուսակցական է։ Այս ամենը ևս ցուցիչ է։
«Այն հանգամանքը, որ 7 թեկնածուներից ավելի շատ ձայներ հավաքեց անկուսակցականը, ցույց է տալիս, որ ձախողումը շատ հավանական է։ Ճիշտ է, մենք նշում էինք, որ եթե այդքան թափանցիկ եք, ապա ոչ թե օրենք փոխեք ու նշանակում արեք, այլ գնացեք արտահերթ ընտրությունների։ Սակայն իշխանությունն այդպես չարեց ու գնաց այլ ճանապարհով, փոխեց օրենք, պաշտոնակատար նշանակեց։ Այդ թեկնածուն զբաղված է լինելու իր ընտրության կազմակերպման աշխատանքներով։ Հետևաբար, մյուս քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, արդեն անհավասար պայմաններում են գտնվում։
Սակայն սա ՔՊ-ին չի օգնելու Գյումրիում ունենալ իշխանություն, որովհետև չեմ կարծում, թե կկարողանան բավարար ձայն հավաքել, ինչպես ասացի խոսքիս սկզբում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովուրդն ամեն ինչ տեսել ու հասկացել է»,- եզրափակեց Կարեն Մալխասյանը։