Իրական դիվերսանտներին բռնեք, որ օրական ՀՀ են մտնում. «Հյուսիսային տերևաթափի» գործով վկա
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործովդատական նիստը:
Նախորդ դատական նիստի ընթացքում շարունակվեցին հետազոտվել գրավոր ապացույցները՝ մեղադրյալների հեռախոսազանգերի վերծանման արդյունքները: Դրանք հերթով կարդում էին հանրային մեղադրող Հովակիմյանն ու դատավոր Ջոն Հայրապետյանը:
Գրավոր ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը, դատական նիստերի դահլիճ բերվեցին իրեղեն ապացույցները՝ փաթեթավորված:
Հետազոտվեցին Վազգեն Ոսկանյանի տնից հայտնաբերված հրացանը, զինվորական հանդերձանքը, համակարգչի մոնիտորը, անձնագիրը, զինվորական գրքույկը, բջջային հեռախոսը: Պաշտպան Զորայր հարությունյանը նշեց՝ Վազգեն Ոսկանյանի ընտանիքին պատկանող օրինական զինվորական հրացան է, որը գրանցված է Վազգեն Ոսկանյանի անունով: Իսկ մնացած իրերը՝ զինվորական հանդերձանքի պարագաները, բերվել են 44-օրյա պատերազմից հետո:
Վազգեն Ոսկանյանի բնակարանից հայտնաբերված իրեղեն ապացույցների թվում էր նաև դրոնը՝ անօդաչու թռչող-նկարահանող սարք: Պաշտպան Զորայր Հարությունյանը նկատեց՝ այն պատկանում է Վազգեն Ոսկանյանի եղբորը: Դատավորը սարքը միացրեց ու ներկայացրեց դրա բովանդակությունը՝ կիսակառույց շենքի նկարներ, տեսանյութ: Տունը Վազգեն Ոսկանյանի ընտանիքին պատկանող, Աղձքում գտնվող առանձնատունն էր:
Էդգար Ծատինյանին պատկանող իրեղեն ապացույցներն էլ էին գրեթե նույնը: Մյուս մեղադրյալների պարագայում իրվիճակը նույնն էր:
Ապա ուսումնասիրվեցին իրեղեն ապացույց փաստաթղթերը՝ թռուցիկ, գրառումներ, արձանագրություններ, փորձարարական նմուշներ:
Հաջորդիվ ուսումնասիրվեցին լազերային կրիչները, ինչից հետո դատական նիստը հայտարարվեց փակված:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորն ասաց, որ դատական նիստերը չեն կայացել բացառապես ուղեկցող գումարտակի կողմից մեղադրյալներին չներկայացնելու պատճառով:
«Եղել են նիստեր, որոնք չեն կայացել մեղադրողի՝ գործուղման մեկնած լինելու պատճառով»,-ասաց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:
Հարցը պարզաբանելուց հետո սկսեցին հարցաքննվել վկաները: Առաջինը հարցաքննվեց վկա Դավիթ Գրիգորյանը:
«Ձեր ընկերները շուտ-շուտ գալիս են են, հրթիռներ եմ արտադրում»,-«Հյուսիսային տերևաթափի գործով վկան ասաց դատախազին, ապա զգուշացրեց՝ այն, ինչ կատարվում է Սիրիայում, կատարվելու է նաև այստեղ:
Հարցին՝ մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանն արդյո՞ք իրենից հրթիռներ ցանկացել է ձեռք բերել, պատասխանեց՝ «Ռացիա է ուզել, ասել եմ՝ չեմ տա: Խանութում 50 000 դրամով վաճառում են, ի՞նչը տամ»:
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է իր ռացիաներով պայթյուն իրականացնել, վկան պատասխանեց՝ «եթե դուք իմ ռացիայից մեկի մոտ կհայտնաբերեք, որի ցիրկուլյարը կհամապատասխանի իմին, նոր թող հարցնեն, փորձաքննող պահեք, թող ասեն»:
Հանրային մեղադրողից հետո վկային հարցեր ուղղեցին մեղադրյալների պաշտպանները:
«Ես Սերգեյ Մկրտչյանին վերջին անգամ տեսել եմ էս այգին անցնելուց: Բարևել ենք, անցել ենք: Որևէ խոսակցություն չի եղել ահաբեկչության մասին: Իրական դիվերսանտներին բռնեք, որ օրական ՀՀ են մտնում: Դրանց բռնեք»,- ասաց վկա Դավիթ Գրիգորյանը:
Հաջորդիվ ծնունդով մեղրեցի, բայց 3 տարեկանից Ստեփանակերտում ապրած վկային հարցեր ուղղեց նաև նախագահող դատավորը, ինչից հետո հանրային մեղադրողը միջնորդեց, որ հրապարակվեն վակյի նախաքննական ցուցմունքները. Դատարանում տրված ցուցմունքների հետ հակասություն էր տեսել: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև դատարանն էական հակասություն չհայտնաբերեց:
Հարցաքննվող հաջորդ վկան Գրիգոր Պողոսյանն էր:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:
«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: