Բաժիններ՝

Թող որ ուրիշի ցավը քոնը դառնա. ամենօրյա աղոթքներ

– Հա՛յր, մի անգամ ասացիք, որ «աղոթական բրիգադ» ենք կազմելու: Այդ ե՞րբ է լինելու:

– Ձեզնից է կախված… Հաջորդ անգամ կտեսնենք ձեր աստիճանն ու ըստ այդմ… հոգևոր «աղոթական բրիգադ» կկազմենք: Եթե աղոթքը կարեկցանքով արվի, գիտե՞ք, թե ինչպիսի զորություն կունենա: Դուք կաղոթեք աշխարհի կարիքների համար, և այն մարդիկ, որ այդ պահին Աստծուց օգնություն կխնդրեն և ձեզ հետ նույն հաճախության վրա կգտնվեն,

Նրանից օգնություն կստանան: Ես զգում եմ այն հոգիներին, որ աղոթում են. ասես ուժերի շարժում լինի նրանց աղոթքը: Ես հաճախ գիտեմ, թե որևէ հիվանդ որ ժամին է աղոթում և օգնություն ստանում:

– Հա՛յր, իսկ այն մարդիկ, որոնց համար աղոթում եք, դա զգո՞ւմ են:

Կարդացեք նաև

– Այո, զգում են, որ «երկրաշարժ» եմ անում նրանց մոտ և ցնցվում են: Երբ աղոթքը կարեկցանքով է արվում, անգամ անծանոթ մարդիկ են դա զգում:

– Հա՛յր, այլոց համար արված աղոթքը հատկապես ե՞րբ է ընդունելի Աստծուն:

– Երբ մենք այն զգում ենք: Իսկ այն զգում ենք, երբ մեզ ուրիշների տեղն ենք դնում: Եթե մեզ հիվանդների ու ննջեցյալների տեղը դնենք, ապա դա մեզ կօգնի կարեկցանքով աղոթել. կարեկցանքը սիրտն է մտնում, և մեր աղոթքը դառնում է սրտի աղոթք:

– Հա՛յր, երբ խեղդվում եմ մտքերի հորձանուտում, չեմ կարողանում աղոթել:

– Ինչո՞ւ ես այդպես կապվել ինքդ քեզ, աղջի՛կս, և գոնե մի փոքր չես մտածում այն մարդկանց մասին, որոնք տառապում են: Գիտե՞ս, թե քանի փլուզված ընտանիքներ կան, քանի երեխա է փողոց նետվում և մանկատներում ապրում առանց մայրական քնքշանքի: Գիտե՞ս, թե որքա՜ն մարդ է հենց այս պահին գոչում. «Օգնեցե՜ք», և կողքին մեկը չկա, որ օգնի:

Գիտե՞ս, թե քանի-քանիսն են խեղդվում ծովում, քանիսն են ինքնասապան լինում, քանիսն են տառապում: Վանականների աղոթքի կարիք ունեցող այնքա՜ն մարդ կա, իսկ մենք թանկագին ժամանակը վատնում ենք անբովանդակ մտքերի կամ մանկական նվնվոցի վրա, և անգամ մեր հոգևոր ուղիղ պարտականությունները ինչպես հարկն է չենք կատարում: Տե՛ս, դադարի՛ր միայն ինքդ քեզնով զբաղվելուց, թող որ ուրիշի ցավը քոնը դառնա:

Դու այդպիսով և՛ խաղաղություն ձեռք կբերես, և՛ Աստծուց վարձք կունենաս, և՛ այլոց կօգնես: Երբ ես ապրում էի Փիլոթեու մենաստանում, որն այն ժամանակ առանձնակեցական էր, մի գիշեր իմ խցում աղոթելիս զգացի, որ ինչ-որ բանի կարիք ունեցող մի մարդ եկավ մենաստան: Մի աղքատ մարդ էր, որը նաև դիվահար էր: Վանքի դարպասները մայրամուտի հետ փակվում էին և բացվում միայն հաջորդ օրն առավոտյան:

«Ի՞նչ անել,- մտածեցի ես:- Պետք է նրան գոնե ուտելու որևէ բան տալ, որ մարդը մինչ առավոտ սոված չմնա»: Այդ պահին մի միտք ծնվեց գլխումս:

Գնացի, ինչ-որ մթերքներ վերցրի*, դրեցի զամբյուղի մեջ, պարանով կապեցի և իմ խցի այն պատուհանից ցած իջեցրի, որը դուրս էր նայում: Ես այնպիսի վիճակում էի, որ հետո չէի կարողանում հանդարտվել: Ողջ գիշեր կարեկցանքով աղոթում էի: «Տե՛ր Աստված,- ասում էի,- ես արեցի՝ ինչ կարող էի: Ես արժանի չեմ, որպեսզի Քեզ խնդրեմ, որ օգնես Քո արարածին: Բայց մի՞թե արդարացի է, որ որևէ մեկն իմ պատճառով տառապի»: Առավոտյան, երբ մենաստանի դարպասները բացվեցին, և այդ մարդը ներս մտավ, առողջ էր: Մտավ եկեղեցի և փառք տվեց Աստծուն: Բարեգութ Աստված խղճացել էր նրան և ազատել դևից:

– Երբ աղոթում ես որևէ տառապյալի մասին, միտքդ Քրիստոսի՞ն է ուղղվում, հա՛յր, թե՞ այդ մարդու տառապանքներին:

– Մի՞թե օգնությունը Քրիստոսից չես խնդրում: [Միտքդ] սկիզբ է առնում մարդկային տառապանքներից, բայց վերադառնում է Քրիստոսին:

– Հա՛յր, երբ ստումս անզգայություն է, զանազան դժվարություններ եմ մտաբերում, որ ունեցել եմ, և Աստծուն խնդրում եմ, որպեսզի օգնի այն մարդկանց, որոնք նման դժվարությունների մեջ են:

– Լա՛վ է: Եթե դա քեզ օգնում է, որպեսզի ավելի լավ հասկանաս մեկ ուրիշին և ապրումակցես նրան, ապա այդպես էլ արա: «Տե՛ր Աստված,- ասա՛,- ինչպես ինձ ես բարիքներ պատճառել, այնպես էլ իմ եղբորն օգնիր, որն ինձնից լավն է»:

– Հա՛յր, միգուցե սխա՞լ եմ աղոթում, երբ որևէ մարդու փրկության համար աղոթելիս միևնույն ժամանակ Աստծուն խնդրում եմ, որպեսզի տառապանքները հեռացնի նրանից:

– Ո՛չ, թանկագինս, դրանում էլ կարեկցանք կա: Աստծուն հաճելի է, որ աղոթող մարդը սիրում է իր մերձավորին, բայց Աստված անում է այն, ինչը հոգու համար է օգտակար:

* Հայր Պաիսիոսը որոշ ժամանակ Փիլոթեու մենաստանում մթերքների ընդունման, պահպանման և բաշխման պատասխանատուն էր:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս