Գազայում իսրայելական հարվածներից 28 մարդ է զոհվել
Պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ իսրայելական հարվածներից Գազայի հատվածում առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա։
The Associated Press-ը հաղորդում է, որ այս հարվածներից մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հավանություն էր տվել Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևին։Հարվածներից մեկը հասցվել է գիշերը՝ ավերելով մեկ տուն Նուսեյրաթի փախստականների ճամբարում։ Եվս երկու հարվածի հետևանքով զոհվել է 15 տղամարդ, որոնք հումանիտար օգնության մատակարարումն ապահովող տեղական հանձնաժողովների կազմում էին։
Դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել բանաձևերի, որոնք պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել և աջակցություն են հայտնում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությանը։
Ի դեպ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևերը պարտադիր չեն կատարման համար։2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման հետևանքով Իսրայելում մոտ 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ 100 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 44 800-ը:



