Փայտից շինած գլուխ է պետք ունենալ՝ չհասկանալու համար՝ Մեծ Թուրանը Ռուսաստանը ոչնչացնելու, Չինաստանը ծնկի բերելու, Իրանն ամենաքիչը 3 մասի բաժանելու, Հայաստանը ջնջելու, Հնդկաստանի հերն անիծելու համար է. Վարդան Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Երբ հավաքական Արևմուտքը որևէ երկրի համար ղեկավար է պատրաստում, նա նախ ստուգում է այդ երկրի կառավարելիության աստիճանը։ Փաշինյանի կառավարությունը դրսի կողմից կառավարելիության բարձր աստիճան ունի։
- Փաշինյանի sms-ով պաշտոնանկություններով Արևմուտքը թեստ արեց:
- Վրաստանում Սահակաշվիլու քաղաքական հեղինակության անկման մասին չի կարելի խոսել, որովհետև այն խթանվում է Արևմուտքի կողմից։
- Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հասկանում է, որ իրեն խաբել են։ Նա շատ ծանր ապրումների մեջ է եղել։ Պատրիարքն արմատապես դեմ է այն զարգացումներին, որ Արևմուտքից պարտադրվել են Վրաստանին։ Դրա համար, քանի որ Իլյա 2-րդի հեղինակությունը Վրաստանում շատ բարձր է, շատ մարդիկ չեն մասնակցում բողոքի այսօրվա ցույցերին։ Ամեն օր 500-1000 մարդ դուրս է գալիս ցույցի ու գնում տուն։
- Մենք այսօր կարիք ունենք գոյություն ունեցող համաշխարհային դինամիկայի, ռազմավարության ճշգրիտ վերլուծության։ Չինական ասացվածքն ասում է՝ եռացող կաթսայում սառը տեղ մի՛ փնտրեք։
- Ուկրաինայում փակված են բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու հեռուստաալիքները։ Ուկրաինայի բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ Երկրի փողոցները լցված են բռնություններով՝ զորահավաքն ապահովելու համար, Ուկրաինայում փակ է Ուղղափառ եկեղեցին։ Բայց այս ամենի մեջ Արևմուտքն ասում է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը դեմոկրատիայի համար է… քանի որ դա բխում է Արևմուտքի շահերից:
- Թրամփն ասում է՝ ես հասնելու եմ նրան, որ բոլոր այն ծնողները, ովքեր իրենց 2-3 տարեկան երեխաներին բռնի սեռափոխության են ենթարկել, անպայման դատապարտվեն։ Նման բան տեղի է ունեցել Իլոն Մասկի որդու հետ, որին խաբեությամբ, ինչպես Մասկն է ասում, քիմիական կաստրացիայի են ենթարկել։ Ու նահանգապետը Մասկին ասել է՝ կհանդիպենք դատարանում, ու դուք կպարտվեք։
- Բոլոր տեսակի դեմոկրատիաները, որոնց արդյունքում երեխայի աչքերում դժոխքն է երևում, գրոշ չարժեն…
- Սիրիայի զինյալների առաջնորդը հովանավորվում էր կոնսոլիդացված Արևմուտքի կողմից։ Քրդերին փող տվեցին, որ նրանք հեռանան այդտեղից։ Ու զինյալները մտան այդ տարածքից։ Երբ ես առաջին անգամ կարդացի, որ Ասադը ռևերսային հարկում է իրականացնում, հասկացա, որ այդ իշխանությունը պահել հնարավոր չէ։ Մարդկանց փող էին տալիս չաշխատելու ու միայն Բաշար Ասադին գովերգելու համար։
- Բաշար Ասադը, ի տարբերություն իր հոր՝ Հաֆիզ Ասադի, չկարողացավ միավորել ազգային փոքրամասնություններին։ Բոլորը գնացին իր դեմ, որովհետև չկա երկիր, որտեղ իշխանությունը չպատկանի ժողովրդին։ Եթե ժողովուրդը քեզ չի ուզում, ամեն ինչ վերջացած է։ Փաշինյանը լավ գիտի այդ ամենը։ Որտեղ ղեկավարը կորցնում է իր ռեյտինգը, նա վերջացած է։
- Մենք գտնվում ենք եփ եկող կաթսայի մեջ, և թույլին խժռում են։ Գալու է ժամանակ, երբ սահմանները ոչինչ չեն որոշելու։ Մեր ազգի առանցքային, արխիկարևոր խնդիրն անվտանգությունն է։ Երբ ասում են՝ Ֆրանսիան կապահովի մեր անվտանգությունը, դե ասեք` դա ե՞րբ է եղել։ Մենք հիշում ենք՝ Ֆրանսիան Կիլիկիայում ինչ արեց, որ թուրքերը հայերին ավելի լավ կոտորեն… Մենք հիշում ենք, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Թուրքիային ասաց՝ տվեք մեզ այս-այս արտոնությունները, մեք կկասեցնենք Հայոց ցեղասպանության հարցը… Դա հրապարակվեց թուրքական մամուլում։ Եվ ի՞նչ։ Ֆրանսիայի նախագահի մարմնի վրա որևէ մկանային տատանում եղա՞վ։
- Եվրոպան անվտանգության սպառող է, արտադրող չէ, որ մեկին էլ տա։ Անվտանգությունը Եվրոպան Ամերիկայից է ստանում։ Եվրոպան ձեզ չի կարող անվտանգություն տալ: Գնացե՛ք, Ամերիկայի հետ պայմանագիր կապեք, կանի՞: Ամերիկան այսօր արդեն քննարկում է՝ նույն գնով ինչո՞ւ պետք է շարունակի ապահովել Եվրոպայի անվտանգությունը…
- Թուրքիայի ծրագիրը Մեծ Թուրանն է։ Մեծ Բրիտանիան դա է ուզում։ Հիմա եթե ասում են՝ Հայաստանից հանե՛ք 102-րդ ռազմաբազան, դա նրա համար է, որ Սիրիայի ալիքը Հայաստանի վրայով անցնի։ Հայաստանը ժանգոտ սեպ է՝ մեխված Մեծ Թուրանի սրտում։ Եվ այդ «սեպը» հանելու համար ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանել Հայաստանից։ Պարզ է, չէ՞: Եթե մենք գնանք այդ քայլին, նշանակում է՝ մենք ուզում ենք, որ այդ ցունամին մեր վրայով անցնի։ Դրանք քայլեր են, որոնք կարող են հասցնել մեր երկրի կործանմանը։ Ոչ ոքի թող չթվա, որ Արցախը կորցնելով՝ մենք բարձրացրել ենք մեր անվտանգությունը։ Մեր երկրի անվտանգությունը հիմնված էր երկու սյունի վրա՝ Հայաստան և Արցախ։ Արցախը կորցնելով՝ մենք արդեն «էստի համեցենք» ենք ասել ցունամիին։
- Չկա այնպիսի կայսերապետություն, որը չի պահում իր սատելիտներին։ ԽՍՀՄ-ը պահում էր ողջ Արևելյան Եվրոպան, ԱՄՆ-ն էլ պահում է իր սատելիտներին։
- Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին. Դա ճանապարհ է Ադրբեջանի վրայով, որովհետև Իրանի դեմ ցանկացած գործողություն պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքում գտնվող 4 ռազմաբազաներից, քանի որ եթե դա Իսրայելից արվի, կործանիչներն օդում պետք է լիցքավորվեն, իսկ դա դանդաղ է ու էֆեկտիվ չէ։ Ադրբեջանին մերժումը չի ներվելու․ նրան հիշեցնելու են, որ Ղարաբաղում ինքը չի հաղթել, այլ իրենք։ Իսրայելի օգնությամբ է դա եղել։
- Երբ Հռոմի պապը եկավ Հայաստան, ուղերձ կարդաց, որի մի էջում գրված էր՝ Արևելքի քրիստոնյաների ցեղասպանությունն ինձ վրա ծանր է նստած, բայց ես ոչինչ չեմ կարող անել, թող հայերն այդ հարցը բարձրացնեն, որովհետև նրանք են կարողացել Հայոց ցեղասպանության հարցը ողջ աշխարհով բարձրացնել։ Իսկ եթե ձեզ թվում է, որ դա հենց այնպես է լինում, սխալվում եք։ Հռոմի պապի մի էջ տեքստի վրա 1000 մարդ է աշխատում…
- Անցյալը չհիշող ազգն ապագա չի ունենալու։ Ամեն անգամ, երբ դու մտածես՝ վտանգից խուսափելու համար պետք է հետքայլ անես, մահվանը հանդիպելու ես ակնբախ։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն անցյալը թաղել, ապագայում դա իրենց դեմ է դուրս գալու։
- Միակ պայմանագիրը, որը պահպանվել է 100 տարուց ավելի, մասամբ էլ գործել է, թուրք-ֆրանսիական պայմանագիրն է։ Ու Ֆրանսիան մեզ պետք է Թուրքիայից պաշտպանի՞…
- «Ազգ-նահատակ» ի՞նչ է նշանակում։ Հին Կտակարանում մի տող կա՝ թուր վերցնողը թրից կընկնի։ Բայց արդյո՞ք մեր ողջ պատմությունն այն մասին չէ, որ երբ մենք մեր թուրը կողք ենք դրել, ոչնչացվել, ցեղասպանվել ենք, մեր հարստությունը մեզնից օտարվել է։
- Եթե դու չես պահում քո բանակը, կպահես թշնամու բանակը, որն օկուպացրել է քո երկիրը։ Իսկ թշնամու բանակը ինչ կա, ուտում է ու ոչնչացնում է քեզ։ Ու եթե մենք սա չենք հասկանում, մեծ ամո՛թ է։
- Թուրքերը Սարդարապատի ճակատամարտից հետո հայերին ասել են՝ դուք աշխարհի թիվ մեկ կռվող բանակն եք, որովհետև մենք ձեր դեմ բերել ենք Գալիպոլիում կռված ընտիր բանակը, իսկ թերսնված հայկական բանակը աղցան է սարքել նրանցից։
- Թող ոչ մի իշխանություն չփորձի նսեմացնել մեր երկնային ժամապահներին՝ այդ 18 տարեկան երեխեքին, ովքեր 44-օրյա պատերազմում կռվում էին երկնքից թափվող կրակի տակ։
- Եթե դու չես գծել ստրատեգիական ճանապարհը, որով քո հաջորդները պետք է գնան, ինչո՞ւ ես մնում իշխանության։ Առհասարակ, ինչի՞ ես եկել իշխանության:
- Չի կարելի մոռանալ անցյալը ու ապագայի հետ կապված հաշվարկների մեջ խորություն դնել։ Չի կարող լինել բարգավաճում, եթե չկա անվտանգություն։ Մեր նախնիներն առաջիններից են եղել, որ կառուցել են ամրակայված ամրոցներ։ Նրանք անընդհատ մտածել են անվտանգության մասին, այլապես մենք կվերանայինք աշխարհի թատերաբեմից։
- Արևմտյան Հայաստանը միջազգային տերմին է՝ 1000 ու մի փաստաթղթերի մեջ ներառված, Ադրբեջանի կողմից հորինված այդ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը որևէ տեղ ամրագրվա՞ծ է… Ինչպե՞ս կարող է Փաշինյանն առհասարակ համեմատության մեջ դնել դրանք, դա անթույլատրելի է:
- Մեծ Թուրանը Ռուսաստանը ոչնչացնելու, Չինաստանը ծնկի բերելու, Իրանն ամենաքիչը 3 մասի բաժանելու, Հայաստանը ջնջելու, Հնդկաստանի հերն անիծելու համար է։ Էդ ամեն ինչը չպատկերացնելը, չգիտեմ էլի, Րաֆֆին լավ խոսք ունի, ասում է՝ փայտից շինած գլուխ է պետք ունենալ այդ ամեն ինչը չհասկանալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։