Բաժիններ՝

Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը

Մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են, որ կդադարեցնեն ապաստան հայցող սիրիացի փախստականների դիմումների քննարկումը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրապական տարբեր լրատվամիջոցների հրապարակումները։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ սիրիացի փախստականների դիմումների քննարկումը կասեցնելու որոշում են կայացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունները։

«Ներքին գործերի նախարարությունը կասեցրել է սիրիացի փախստականների հարցումների վերաբերյալ որոշումների ընդունումը, քանի դեռ չենք գնահատել իրավիճակը Սիրիայում», – ասել է հրատարակության աղբյուրը։

Ըստ The Telegraph-ի՝ ավելի քան 6500 սիրիացի փախստական ներկայում սպասում է ապաստանի հայցերի վերաբերյալ որոշմանը

:Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակն (OFPRA) իր հերթին ասել է, որ «ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին» և չի բացառում Սիրիայից ժամանած մարդկանց ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումների դադարեցումը։

Գերմանիան իր հերթին կասեցրել է սիրիացի փախստականների ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումներն այն բանից հետո, երբ Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը, հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ներկայացուցչին։

«Ավելի քան 47 000 դիմումի քննարկումը կասեցվել է», – հայտնում է գործակալությունը։«Շատ փախստականներ, որոնք պաշտպանություն են գտել Գերմանիայում, վերականգնել են իրենց հայրենի Սիրիա վերադառնալու հույսը…. Հաշվի առնելով Սիրիայում տիրող բարդ իրավիճակը` ճիշտ է, որ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը կասեցրել է ապաստանի հարցումների վերաբերյալ որոշումները», – գրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը X սոցիալական ցանցում։

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը X սոցիալական ցանցում հայտնել է, որ «Սիրիայի քաղաքացիների համար ապաստանի տրամադրման բոլոր գործընթացները կդադարեցվեն»:

«Սիրիայում բռնապետության անկումից հետո անվտանգության իրավիճակը պետք է վերագնահատվի։ Ես հենց դա եմ հանձնարարել անել ներքին գործերի նախարարին», – նշել է Նեհամերը:Այս որոշումը կազդի Սիրիայից առնվազն 7300 ապաստան հայցողների վրա, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ավստրիայի ՆԳՆ հայտարարությունը։

Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական ​​քարտուղարությունը (SEM) նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է «ապաստան տրամադրելու ընթացակարգերը և այդ հարցով որոշումների կայացումը սիրիացի դիմողների համար մինչև Սիրիայում իրավիճակի ուսումնասիրությունը»:

Ֆրանսիական Le Monde թերթը հայտնում է, որ փախստականների հարցերով Դանիայի բողոքարկման խորհուրդը կասեցրել է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու 69 դիմում՝ Սիրիայում «շատ անկայուն իրավիճակի» պատճառով։Սիրիացի փախստականների ապաստանի դիմումների մշակումը դադարեցրել են նաև Նորվեգիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից և, ըստ հրապարակումների, ապաստան ստացել Ռուսաստանում։ Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարություն է ձևավորում՝ Մուհամեդ ալ-Բաշիրի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս