«Ի՞նչն է զսպելու թուրքերին, Նիկոլի անունո՞վ են երդվելու, որ չեն հասնի Երևան». Տիգրան Քոչարյան
«Մենք չգիտենք՝ ինչ բանակցություններ են գնացել, բայց ի տարբերություն շատերի՝ Ռուսաստանը պաշտպանեց իր դաշնակից Ասադի անվտանգությունը: Իր բախտն ավելի բերեց, քան իր այն կոլեգաների, որոնք ժամանակին Արևմուտքի դաշնակիցներն էին, հիշում ենք, օրինակ՝ Սադամ Հուսեյնը, որն աջակցում էր ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում, ինչ ճակատագիր ունեցավ, Բեն Լադենը, որն ամերիկացիների համար ռուսների դեմ կռվում էր Աֆղանստանում, ինչ ճակատագիր ունեցավ, Քադաֆին, որը հավատաց եվրոպացիներին, ինչ եղավ: Այստեղ, կարելի է ասել, առնվազն Ասադի համար շատ ավելի լավ հանգուցալուծվեց խնդիրը, քան կարելի էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով Սիրիայում առկա իրավիճակի մասին, ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նա նկատեց՝ Իրանը չմասնակցեց և չդիմադրեց ապստամբներին. «Կարծես թե Իրանը որոշել է չխառնվել և չպատերազմել տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս որևէ երկրի հետ: Փորձագետներն ասում են, թե նրանք սպասում են վերջնական ատոմային ռումբն ստանան, նոր այդ ժամանակ կարողանան այլ դիրքերից խոսել: Ռուսները դեռևս իրենց ներկայությունը պահում են Սիրիայում: Սիրիական բանակը ընդհանրապես չդիմադրեց, ինչը խոսում է երկու բանի մասին՝ կա՛մ բանակի ղեկավարությունն ամբողջությամբ կաշառված էր, ինչպես Իրաքի պարագայում, երբ հեշտ ամերիկացիները մտան Բաղդադ, կա՛մ կա պայմանավորվածություն, որոնցից մեկն էր Ասադի ողջ-առողջ հեռանալը: Դրա համար միանշանակ եզրակացություններ անել, որ այս կողմը հաղթել է, այն կողմը պարտվել է, սխալ է: Մենք կարող ենք միայն մի վատ եզրակացություն անել, դա Հայաստանին է վերաբերում: Փաստացի, Հայաստանն իր քաղաքականության շնորհիվ հասել է այն բանին, որ եթե Աստված չանի՝ հիմա էլ Թուրքիան որոշի բարելավել իր դիրքերը Հայաստանի հաշվին, որևէ խանգարող հանգամանք այլևս չի լինելու»:
Դիտարկմանը՝ բայց ռուսական ռազմաբազան դեռևս Հայաստանում է, նա արձագանքեց. «Ռուսական ռազմաբազան դեռևս Սիրիայում է, և դա չի խանգարում որոշակի պրոցեսների: Խոսքը նաև Իրանի մասին է, որը բազմիցս ասել է, որ Հայաստանի տարածքային փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, բայց Իրանի համար կարմիր գիծ էր Սուլեյմանին, Համասի առաջնորդը, Սիրիան, Հեզբոլլահը և այլն: Մնում է մի պահ մեր տարածաշրջանում՝ Բոլթոնի քարտեզը, որը նա դրել է Փաշինյանի առջև, և Փաշինյանն ինքն էր ասել, որ օր է գալու՝ Իրանի դեմ ճանապարհը փակվելու է: Ոնց է փակվելու՝ բոլորի համար պարզ է: Հավանական է «Զանգեզուրի միջանցքը»: Ցավում եմ, բայց Հայաստանն իր քաղաքականության շնորհիվ, փոխելով դաշնակիցներին, անհավատարմություն ցույց տալով դաշնակիցներին, գլոբալ պատերազմի ժամանակ փորձել մեկին մի խոստում տալ, մյուսին՝ այլ, այսինքն՝ պահել իրեն այնպես, որ ո՛չ արևմտյան, ո՛չ արևելյան կողմը ցանկություն չի ունենալու Փաշինյանի համար գեթ մեկ զինվոր զոհել: Սա պետք է հասկանալ: Վատ բաներ եմ ասում, բայց Սիրիան բոլորիս համար օրինակ է»:
Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները սպասարկում են թուրքական շահերը.
«Նիկոլ Փաշինյանը տանում է Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը: Եկել է պրո թուրքական կուսակցության երիտասարդ սերունդը, որը բացահայտ է ամեն ինչ անում: Տեսնում ենք՝ թուրքերն ինչ են անում Սիրիայում և Կիպրոսում, ինչո՞ւ պետք է մեզ հետ դա չանեն: Որտեղի՞ց վստահություն, որ ռուս սահմանապահներին սահմանից հանելուց հետո, բանակի դիմադրողականությունը զրոյացնելուց հետո թուրքերը քայլելով Երևան ու Ջերմուկ չեն հասնի: Ի՞նչն է զսպելու թուրքերին, Նիկոլի անունո՞վ են երդվելու: Ռուսաստանն ու Իրանը կենտրոնացած են այլ հարցերի շուրջ, ժամանակ և ռեսուրս չունեն, իսկ Արևմուտքը, ժողովրդի լեզվով ասած՝ գազ է տվել, որ բոլոր հնարավոր ուղղություններով, որտեղ կարելի է Ռուսաստանին հյուծող պրոցեսի մեջ ներքաշել, իրենք դա անում են»:
Մանրամասները՝ տեսանյութում