Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները

Հայաստանում հնարավոր է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ ներկայացվեցին ոչ միայն այս ծավալուն սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, այլև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց  իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն առաջիկա տարիների թիրախների և անելիքների վերաբերյալ։

Մինչ անելիքներին ու թիրախներին անդրադառնալը, ներկայացվեց նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, այնուհետև ընթերցվեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը։

Կարդացեք նաև

Իր ուղերձում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն հպարտությամբ արձանագրել է, որ ԶՊՄԿ-ն այսօր ներկայացնում է իր՝ 3-րդ անընդմեջ զեկույցը։

«Այս ճանապարհը մեր թիմի գիտակցված ընտրությունն է այն պահից, երբ մենք ստանձնել ենք ԶՊՄԿ կառավարումը։ Մենք ձգտում ենք այն դարձնել կայուն զարգացման, հաշվետվողականության առումով պատասխանատու հանքնարդյունաբերության համայնքի մաս։ Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է ընդհանուր չափորոշիչների աստիճանական ներդրում բոլոր ոլորտներում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական։ Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ  միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»,- իր ուղերձում նշել է  ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։

Միջոցառման ներկաներին կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը` ընդգծելով՝ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքներին և մոտեցումներին համապատասխան։

Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում ընկերության ներդրումը և մանրամասնում նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

Արմեն Ստեփանյանը շեշտում է՝ 20 տարուց ավելի պատասխանատու կազմակերպություններն ամբողջ աշխարհում հաշվետու են լինում շահագրգիռ կողմերին։

Հայաստանում բացառիկ են այն ընկերությունները, որոնք կայուն զարգացման հաշվետվություն են ներկայացնում, ԶՄՊԿ-ն այն եզակիների է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ներկայացնում է այդ հաշվետվությունը՝ տարիների ընթացքում գրանցելով առաջընթաց։

«Առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշում  է Արմեն Ստեփանյանը և հավելում՝ ԶՊՄԿ-ի առաջնահերթությունները շատ են։

Նրա խոսքով՝ ընկերության կառավարման ընթացակարգերում ավելացել են նոր կանոնակարգեր ու քաղաքականություններ՝ վարվեցողության կանոններից մինչև սոցիալական, առողջության և անվտանգության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող։

«Նորացված ընթացակարգեր և քաղաքականություններ են մշակվել նաև բնապահպանական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։ Գնումների ընթացակարգերում ևս ներդրվում է միջազգային առաջատար փորձը՝ արդյունավետությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով»,- ասում է Արմեն Ստեփանյանը։

«Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88.4%-ը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։

Նաև՝ հարցվողների 46.1%-ի կարծիքով, ըստ անհրաժեշտության, պետք է ընդլայնել հանքարդյունաբերությունը, իսկ 35.4%-ը կարծում է՝ հանքարդյունաբերության ծավալը պետք է պահպանել՝ ինչպես կա։

Հարցվողների 78.15%-ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։

Մարզում հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությամբ հետաքրքրված է հարցվածների 57.4%-ը․ ընդ որում` հետաքրքրվածությունն ավելի մեծ է արական սեռի, 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ և բարձր եկամուտ ունեցող հարցվողների շրջանում։

Հարցվողների 75%-ը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ լսել է որևէ հանքարդյունաբերական ընկերության կողմից կատարած բարեգործական կամ սոցիալական ծրագրի մասին։ Ավելի շատ տեղեկացված են իգական սեռի, 61 և ավել տարիքի, միջնակարգ և ցածր կրթություն ունեցող, գյուղաբնակ և ցածր եկամուտ ունեցող հարցվածները։ Իսկ ընդհանրապես չի լսել հարցվածների 25%-ը։

Տեսանյութեր

Լրահոս