ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանն արձագանքեց Սիրիայի հարցով խնդրանքին, բայց մեզ միայնակ թողեցին. Փաշինյան
2019 թվականին, երբ մեզ, այդ թվում՝ բարեկամ երկրներում, Արևմուտքի խամաճիկներ էին անվանում, մենք մի խումբ բժիշկների և սակրավորների ուղարկեցինք Սիրիա՝ հակառակ Արևմուտքում արտահայտված կարծիքների ու պահանջների։ Դրա մասին դեկտեմբերի 4-ին կառավարության ժամին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք թիմ ուղարկեցինք այնտեղ, քանի որ մեր դաշնակիցը խնդրեց մեզ՝ հայտարարելով, որ մեր օգնության կարիքն ունեն: Եվ մենք արձագանքեցինք, քանի որ ցույց տվեցինք, թե ինչ է նշանակում լինել դաշնակից:
Մենք ՀԱՊԿ անդամ միակ երկիրն էինք, որ արձագանքեց մեր դաշնակցի խնդրանքին: Դա արեցինք՝ ցույց տալու համար, որ ներկայացնում ենք հարաբերությունների հենց այդ որակը, այսպես ենք պատկերացնում դաշնակցին և պայմանագրային պարտավորությունների նկատմամբ մեր վերաբերմունքը։
Սակայն թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա մեր կառավարությանն Արևմուտքի խամաճիկներ են անվանում։ Թող այդ մարդիկ պատասխան տան: Արևմուտքում ինձ ամենաբարձր մակարդակով խնդրեցին առաքելությունը չուղարկել, բայց մենք ուղարկեցինք և ճիշտ վարվեցինք: Իսկ հիմա որոշեցինք հետ քաշվել ու ճիշտ արեցինք։
Ցավոք, բոլոր դաշնակիցների պատկերացումները չեն համապատասխանում մեր ունեցած պատկերացումներին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ինչ-որ բանում մեղադրելու: Մենք կատարեցինք մեր բոլոր դաշնակցային պարտավորությունները, բայց ծանր իրավիճակում մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին: Կարծիք կա, որ մեզ դավաճանել են, և ես որևէ փաստարկ չունեմ, որ նման միտք արտահայտողներին հակառակը համոզեմ»,- նշել է Փաշինյանը։