«Նիկոլ Փաշինյանն իր դատն ու դատաստանը տեսնելու է. նա դարպասները ներսից բացել է թշնամու առաջ». Դավիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հերթական անգամ անդրադարձել է Արցախին և այդ համատեքստում 2019 թվականին իր արած՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը։

«2016, 2017 կամ 2018 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամ ու ոչ բարեկամ երկրներն ասում են՝ «եթե այդպես էր՝ ճանաչեիք»։ Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես եղել եմ պատգամավոր, ու ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել, որ ճանաչենք, մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ, շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կլիներ։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ, լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կամ պետք է ծնվի երեխան, կամ՝ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ պետք է ծնվի կեսարյան հատումով, կամ՝ բնական ճանապարհով, կամ կենդանածին պետք է լինի, կամ՝ մեռելածին, կամ տղա պետք է լինի, կամ՝ աղջիկ։

«Այն, որ այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք՝ դա, կներեք, աբսուրդ մոտեցում է, ու, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել՝ այն, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, ինչքանո՞վ է ճիշտ»,- նշել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Արդյո՞ք Արցախը հանձնելու և Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների համար նրա դեմ դատական հայց կներկայացնեն արցախահայերը, մասնավորապես՝ Արցախի ԱԺ պատգամավորները։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքով՝ դատական հայց կներկայացնեին, եթե Հայաստանում լիներ անկախ դատական համակարգ։

«Տեսել ու բազմիցս համոզվել ենք, որ ՀՀ-ում դատարանները Նիկոլ Փաշինյանի դատարաններն են և կատարում են նրա հանձնարարականները։

Սակայն վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր դատն ու դատաստանը տեսնելու է, ինչպես միշտ ասել եմ՝ նա մանիպուլացնելով, ժողովրդին խաբելով՝ երկարացնում է իր իշխանության ժամկետը և դատ ու դատաստանի օրը»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի «Արցախը տանք, որ Հայաստանը պահենք» թեզը կեղծ է, որը շրջանառության մեջ է դրել իր «խունտայի» հետ միասին։

Դավիթ Գալստյանը հիշեցրեց՝ նախկինում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Արցախը բեռ է, և Արցախը տալով՝ Հայաստանում պետք է մարդկանց սոցիալական վիճակը բարելավեր»։

«Մենք տեսանք ճիշտ հակառակը՝ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր, որը թշնամու առաջ իշխանությունները ներսից բացեցին։ Սովորաբար ժողովուրդները միշտ տուժել են այն ժամանակ, երբ իշխանության եղել են այնպիսի մարդիկ, որ թշնամու առաջ դարպասները բացել են ներսից։

Նիկոլ Փաշինյանն է երկրի դարպասները ներսից բացել թշնամու առաջ։ Ցավոք, որքան երկարում է նրա իշխանության ժամկետը, այնքան երկարում է նաև հայ ազգի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ  դատավճիռը»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։

Նա հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծեց՝ Արցախը միշտ եղել է հայկական, հայկական աշխարհի անբաժանելի մասը։

«Այդ ե՞րբ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Արցախը Հայաստան չէ, բա եթե Հայաստան չէր, ինչո՞ւ էր պոպուլիստական հայտարարություններով խաբում ժողովրդին, կամ իր խունտայի անդամներն ինչպե՞ս էին Ակնան համարում իրենց հայրենիքը։

Այսօր ժողովրդին խաղաղության պատրվակի տակ տանում են հերթական զիջումների։ Փորձում են ժողովրդին համոզել, որ այլ տարբերակ չկա, այլընտրանք միշտ էլ կա, ուղղակի պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ երաշխիքն այսօր Թուրքիան ու Ադրբեջանն են»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս