2025թ. բյուջեի վիճակն ավելի է վատացել. ավելի քիչ հարկ կհավաքվի, ստիպված կրճատել են ծախսերը
2025 թ. ՀՀ պետբյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ–ն մոտ 1 տրլն դրամով պակասել է։ Այդ մասին Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի վերջնական, փոփոխված տարբերակի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ն վերանայվել է` ի հայտ եկած նոր իրողություները նախագծում արտացոլելու համար։ Նախարարի խոսքով` եկող տարվա բյուջեն նոյեմբերի 1-ի փոխարժեքով վերահաշվարկելու արդյունքում վերանայվել են եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը։
Արդյունքում ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլ 891 մլրդ դրամ (բյուջեի նախանական տարբերակով նախատեսվել էր 11 տրլն 50 մլրդ դրամ), տնտեսական աճը` 5.1 տոկոս (բյուջեի նախանական տարբերակով նախատեսվել էր 5.6 տոկոս)։
«Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով»,– հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով:
Նախարարն այս նվազեցումը պայմանավորեց ՀՆԱ–ի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով:
Ըստ նրա` պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1.6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհների ավելացումով, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ:
Հովհաննիսյանն ասաց, որ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:
«Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցմամբ՝ 48.3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար»,– ասաց Հովհաննիսյանը:
Կառավարության պահուստային միջոցները, ըստ բյուջեի նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով:
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ–ի 5.5 տոկոսի մակարդակում` կազմելով 604 մլրդ դրամ, որը նվազեցվել է 5.4 մլրդ դրամով:
Հովհաննիսյանի խոսքով` 3.5 մլրդ դրամով ավելացել են ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը, որը նպատակաուղղվելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստման աշխատանքների իրականացմանը։