Կնքահայրը եղել է Տիգրան Սարգսյանը, քաղաքական հենարանը՝ Սերժ Սարգսյանը. Վարդան Արամյան

Կուտակային ֆոնդերը համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ դրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին օրերս հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ Նուրբեկյանի՝ Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակից թոշակառուների թիվը 525.000 է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460.000, իսկ ֆոնդերում կուտակված գումարն արդեն հասնում է 1 տրիլիոն դրամի։ Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կստեղծի հենց այդ 1 տրիլիոն դրամը լիարժեք ուղղել տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը։

«Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների և այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների և ռիսկերի ցուցանիշների վրա»,- ասել է ԿԲ պաշտոնյան:

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով Կուտակային կենսաթոշակային համակարգն այսօր կարևոր և մեծ նշանակություն ունեցող համակարգ համարողների մասին, կոչ արեց հիշել, թե ովքեր են եղել այդ համակարգի ստեղծման ակունքում կանգնած մարդիկ։

Կարդացեք նաև

«Հիմա, քանի որ այդ բարեփոխումը հաջողված է, բոլորը փորձում են վերմակը քաշել իրենց վրա՝ չհիշելով, թե ովքեր են եղել դրա հիմքում կանգնած։ Այդ բարեփոխման կնքահայրը եղել է Տիգրան Սարգսյանը, քաղաքական հենարանը՝ Սերժ Սարգսյանը, ես էլ եմ կանգնած այդ բարեփոխման ակունքում։

Հիմա մարդիկ վախենում են հիշել այդ մարդկանց, բայց չէ՞ որ դա է փաստը. կրկնում եմ՝ եթե չլիներ Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանի քաղաքական աջակցությունը, կուտակային կենսաթոշակային համակարգի այդ փոփոխությունը տապալվելու էր, մինչդեռ հիմա բոլորն են փաստում՝ հոյակապ և բացառիկ բարեփոխում էր։

Այո՛, իրականում բացառիկ է, և պետք է հիշել, որ կան մարդիկ, որոնք դրա վրա հոգի են դրել։ Այո՛, այսօր չեն հիշում Արտեմ Ասատրյանին, Կարեն Թամազյանին, Կարեն Հակոբյանին, Վիգեն Շահնազարյանին. թող ինձ ներեն բոլոր նրանք, որոնց անունները չասացի, բայց այս մարդիկ 8 տարի ապրել են՝ այս բարեփոխման համար կյանք դնելով։

Հիմա հաճախ եմ հանդիպում մարդկանց, որոնք անձնապես ժամանակին ինձ մոտ կատաղի պայքար էին մղում այս օրենքի դեմ, հիմա շատ դրական են արտահայտվում՝ զլանալով ասել, որ կնքահայրը եղել է Տիգրան Սարգսյանը»,- ասաց Վարդան Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս