Մսով և խոզապուխտով էմպադա
Բաղադրիչները
- 500 գ ալյուր
- 250 գ խոզի ճարպ
- 20 գ թարմ խմորիչ
- 1 ձու
Միջուկի համար
- 500 գ ոչ յուղոտ խոզի միս
- 100 գ խոզապուխտ
- 100 գ պապրիկայով համեմված խոզի մսի խճողակ
- 3 միջին չափի կարմիր քաղցր տաքդեղ
- 2 պճեղ սխտոր
- 100 մլ ձիթապտղի ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խմորիչը լուծեք 1,5 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ, 10 րոպե թողեք: Ապա խառնեք ալյուրի կեսի հետ, ծածկեք սրբիչով, 2 ժամ թողեք, թող խմորը բարձրանա:
Քանի դեռ թթխմորը բարձրանում է, պատրաստեք միջուկը: Տաքդեղները լավ խորովեք ջեռոցում, 10 րոպեով տեղադրեք հերմետիկ փաթեթում, ապա մաքրեք կեղևից ու սերմերից, բարակ շերտերով կտրատեք:
Խոզի միսը կտրատեք փոքր քառակուսիների ձևով, իսկ խոզապուխտը՝ բարակ շերտերով:
Մաքրեք ու կտրտեք սխտորը: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, սխտորը 30 վրկ տապակեք: Ապա ավելացրեք խոզի միսը, խոզապուխտն ու խոզի մսի խճողակը, միջին ուժգնության կրակի վրա 10 րոպե տապակեք: Ավելացրեք տաքդեղը, ևս 5 րոպե տապակեք: Համեմեք աղ ու պղպեղով: Վերցրեք կրակի վրայից, թողեք հովանա:
Բարձրացած խմորին ավելացրեք ալյուրի մյուս կեսը: Խմորին ավելացրեք խոզի ճարպը, լավ հունցեք: Խմորից գունդ արեք, սրբիչով ծածկեք, 30-40 րոպե թողեք, թող բարձրանա:
Խմորի 2 մասի բաժանեք, բացեք դրանք, մեկը 32-34 սմ տրամագծով, մյուսը՝ 26-28 սմ: Մի փոքր խմոր թողեք զարդարելու համար:
Մեծ տրամագծով խմորը տեղադրեք կլոր տապակի մեջ, վրան լցրեք միջուկը, ծածկեք փոքր տրամագծով խմորով:
Խմորի ծայրերը միացրեք՝ պարանի տեսք տվեք: Խմորի մնացած մասով զարդարեք կարկանդակի մակերեսը, հարած ձուն քսեք վրան, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկեք:
Տապակը 25-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև կարկանդակը ոսկեգույն երանգ ստանա:
Խորհուրդ: Վերը նշվածը միայն միջուկի մեկ տարբերակն է: Որպես միջուկի բաղադրիչներ ըստ ճաշակի կարող եք հավի ու ճագարի միս, բանջարեղեն օգտագործել: